Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի ավագանու նիստում որոշումն ընդունվեց․ Նարինե Հայրապետյանը զրկվեց մանդատից

Փետրվար 07,2024 10:52

Երեւանու ավագանու այսօրվա նիստին մասնակցում են ավագանու 35 անդամ, բացակայում են «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցությունների անդամները, «Հանրային ձայնից» բացակայողներ կան, սակայն մի քանիսը մասնակցում են նիստին։

Նշենք, որ նիստի օրակարգում ներառված է «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի եւ «Մայր Հայաստանից» Նարինե Հայրապետյանի, Զարուհի Փոստանջյանի, Սոնա Աղեկյանի, Գևորգ Ստեփանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։

«Ազգային առաջընթացը» եւ «Մայր Հայաստանը» հայտարարել էին, որ այս նիստին չեն մասնակցելու, քանի որ իրենց խմբակցության անդամներին մանդատից զրկելը համարում են քաղաքական ճնշում։

Նարինե Հայրապետյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշման նախագծում նշվում է, որ նա քվեարկությունների կեսից ավելիին բացակայել է, իսկ բացակայության վերաբերյալ տվյալներ չի ներկայացրել։ Ուստի, ինչպես ասաց զեկուցողը, Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ Երեւան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից։

Հիշեցնենք, որ Նարինե Հայրապետյանը վերջերս հայտարարել էր, ինչ-որ անձինք առեւանգել էին իրեն, սպառնացել, նա ստիպված լքել է երկիրը։

Այսօրվա նիստում հարցը զեկուցողը հայտնեց, որ այս նիստի մասին ծանուցվել են բոլորը, իսկ քանի որ Հայրապետյանը բացակայում է հանրապետությունից, չգիտի՝ նա իր էլեկտրոնային հասցեն ստուգել է, թե՝ ոչ․«Բոլորն օրինական ձեւով ծանուցվել են»։

Նիստում քվեարկությամբ որոշումն ընդունվեց, Նարինե Հայրապետյանը զրկվեց մանդատից։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829