Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են «Սաշիկն» ու «Լֆիկը» փոխարինվել «Զախարովայով» եւ «Սիմոնյանով»

Հոկտեմբեր 14,2026 13:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Քաղաքական պիտակավորման հասցեատերերը փոփոխվում են, իսկ ուղեղներ լվանալու հնարքները մնում են նույնը

Երբ 1990-ականներին ազգայնական շրջանակները Հայաստանում եւ Սփյուռքում կիրառում էին «դարավոր ոսոխ» պիտակը, նկատի ունենալով Թուրքիան կամ թուրքերին, դա ինձ եւ ինձ նման մտածողների համար խիստ անընդունելի էր: Ես հիմա էլ եմ դեմ նման բնորոշմանը. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր են բնականոն (ոչ ջերմ, ոչ բարեկամական) հարաբերություններ, եթե հարեւան երկիրն Ադրբեջանի միջոցով չպարտադրի Հայաստանին քայլեր, որոնք հակասում են մեր ազգային ու պետական շահերին: Իսկ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ այն անձնավորությունը, որը տարել է Հայաստանը պատերազմի եւ պարտության, դադարի բռնազավթած պահել մեր երկրի իշխանությունը:

Բայց «դարավոր թշնամի» պիտակը չի վերացել Հայաստանի քաղաքական դիսկուրսից: Այդ թշնամու տեղը զբաղեցրել է Ռուսաստանը, եւ ի տարբերություն 1990-ականների, երբ «ոսոխի» թեզը շրջանառում էր ընդդիմությունը, նույն բանը հիմա, թեեւ երբեմն մի փոքր սքողված ձեւով, անում է իշխանությունը: Պաշտոնական հայտարարություններում այդ «թշնամու կերպարը» սովորաբար ներկայացվում է որպես «հիբրիդային սպառնալիք», իսկ այն քաղաքական կամ եկեղեցական գործիչները, որոնք իշխանությանը դուր չեն գալիս, ներկայացվում են որպես «օտար պետության» (պարզ է, որ՝ Ռուսաստանի) շահերը սպասարկող, օտար գործակալներ: Բայց այդ էվֆեմիզները (այլասացությունները) ազդակ են ՔՊ-ի «արեւմտամետ» արբանյակների, հ/կ-ականների եւ Փաշինյանի քաղաքականությունը հանրայնացնող «քաղաքագետների» համար, որոնք ուղիղ տեքստով են մատնանշում «թշնամուն»:

Սոցիոլոգիայում եւ քաղաքագիտության մեջ դա վաղուց արդեն ուսումնասիրված երեւույթ է: Մասնավորապես, ամերիկացի քաղաքագետ Մյուրեյ Էդելմանը իր հիմնական աշխատության մեջ՝ «Քաղաքական կատեգորիզացիա եւ թշնամու կերպարի կառուցում» (1977թ.) ցույց է տալիս, քաղաքական լեզուն ոչ թե պարզապես նկարագրում է արդեն իսկ գոյություն ունեցող իրականությունը, այլեւ ձեւավորում է այն, քանի որ ուղիղ ազդեցություն է թողնում մարդկանց ընկալման վրա՝ բաժանում է կոնֆլիկտի մասնակիցների դերերը՝ ով է վաստահության արժանի, իսկ ով՝ մահացու սպառնալիք: Դա չի նշանակում, իհարկե, որ քաղաքական խնդիրները կամ իրադարձությունները ծայրից ծայր հորինված են, պարզապես դրանց տրվում է «հարմար» նշանակություն, որը եւ մատուցվում է հասարակությանը: Էդելմանի «կատեգորիզացիան» ունի պարզ բանաձեւ՝ նախքան դատելը պետք է անվանարկել:

Բերեմ մեզ համար հասկանալի օրինակներ: Երբ ռուս (եւ նրանց ազդեցության տակ՝ նաեւ որոշ հայ) ազգայնականներ արտաբերում են «հուդամասոն» կամ «լիբերաստ» բառերը, նրանք ոչ միայն վիրավորում են հրեաներին կամ ազատականներին՝ նրանք պիտակներ են կպցնում, որոնք ուղղակիորեն տանում են դեպի դավադրապաշտություն: Իսկ վերջինս հարմար է նրանով, որ նախ՝ բարդ գործընթացներին տալիս է պարզունակ բացատրություն, իսկ երկրորդ՝ այլեւս չի պահանջում ոչ մի փաստարկում: Պիտակներն անջատում են ուղեղը։

«Հակառակ կողմից» էլ է նույնը: Երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոսում է «կոմունիզմի» եւ «մարքսիզմի» մասին, նա նկատի չունի տվյալ գաղափարախոսությունը կամ տվյալ ուսմունքը: Նա սլաքն ուղղում է դեպի իր քաղաքական մրցակիցները՝ դեմոկրատները: Ջո Բայդենին, իհարկե, դժվար է կոմունիստ կամ մարքսիստ անվանել, բայց Ռուբիոն նկատի ունի ամբողջ «ձախակողմյան» մտածելակերպը, որն, ըստ նրա, ամեն ինչ քանդելու եւ ապականելու նպատակ ունի: Դարձյալ՝ դավադրություն:

Նույնն, իհարկե, կարելի է ասել անունների մասին, որոնք ձեռք են բերում «ստիգմատիկ»՝ պիտակավորող բնույթ: Մոտավորապես 2000-ականներից սկսած մինչեւ 2018 թվականը Հայաստանում «Սաշիկը» կամ «Լֆիկը» ոչ թե կոնկրետ մարդկանց մականուններ էին, այլ՝ խորհրդանիշներ, որոնք մարմնավորում էին «թալանը» եւ կոռուպցիան: Իշխանափոխությունից հետո այդ «ստիգմաները» կորցրեցին իրենց նշանակությունը, բայց ավտորիտար ռեժիմին պետք են նոր պիտակներ, նոր դավադրություններ, նոր ներքին եւ արտաքին թշնամիներ: Եվ նշված խորհրդանիշներին փոխարինել են, մասնավորապես, պուտինյան ռեժիմի քարոզիչներ «Զախարովան» եւ «Սիմոնյանը»: Կարեւորը պիտակների անունները չեն, կարեւորը մարդկանց մտածելու ունակությունից զրկելն է:

Ուզո՞ւմ եք, առանց փաստարկների մեջ մտնելու, փնովել Փաշինյանի որեւէ ընդդիմախոսի, կապեք նրան «Զախարովայի» հետ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.10.2026

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել