Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կայացել է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը

Փետրվար 12,2024 21:21

Փետրվարի 12-ին Ներքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարում էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Նա ողջունելով մասնակիցներին՝ նշել է, որ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է, և ոստիկանությունն այդ ուղղությամբ իրականացնում է ծավալուն աշխատանք։

Վահե Ղազարյանն իր խոսքում հատկապես շեշտել է համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման խնդիրն ու հայտնել, որ ոստիկանությունում այդ ուղղությամբ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար Քրեական ոստիկանության կազմում ստեղծվել է մասնագիտացված ստորաբաժանում։

Նախարարն առանձնացնելով նաև այլ պետություններից ապօրինի եղանակով Հայաստան ներմուծվող թմրամիջոցների հայտնաբերման խնդիրը՝ բարձր է գնահատել հանձնաժողովի դերը առկա խնդիրների վերհանման, ինչպես նաև հստակ լուծումներ գտնելու ուղղությամբ և հույս հայտնել, որ համագործակցված աշխատանքը դրական արդյունքներ կտա մարդկային կյանքեր կործանող չարիքի դեմ պայքարում։

Միջգերատեսչական հանձնաժողովը նախագահում էր ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, իսկ կազմում ընդգրկված են ՆԳՆ ոստիկանության, ՀՀ առողջապահության, արդարադատության, պաշտպանության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի և պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ ելույթ է ունեցել ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Նա ներկայացրել է վերջին տարիներին թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունքները, շեշտել ներկայիս խնդիրների, հատկապես՝ սինթետիկ թմրամիջոցների տարածման և համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ընդգծել է առաջիկա անելիքները։

Նիստին ներկա հանձնաժողովի անդամներն իրենց ելույթներում ներկայացրել են գերատեսչությունների կողմից կատարված աշխատանքները, առկա խնդիրները, ինչպես նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված այլ հարցեր:

Ամփոփելով՝ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին արդյունավետ քննարկման համար և նախանշել հանձնաժողովի կազմում հետագա անելիքները։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հիմնական խնդիրներն են` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ հսկողությանը (վերահսկողությանը) և ապօրինի շրջանառության կանխարգելմանը, դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, կանխարգելման բնագավառում պետական լիազորված մարմինների համագործակցությանը, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ հսկողության (վերահսկողության) և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարմանն աջակցելը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության ու թմրամոլության կանխարգելման և դրա դեմ պայքարի հարցերով թիրախային տեղեկատվական աշխատանքների կազմակերպումը, այդ թվում՝ արձանագրված դրական փորձի տարածում, համացանցի միջոցով կատարվող թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելուն և առաջավոր փորձը ներդնելուն աջակցելը, այդ նպատակով միջազգային փորձի ուսումնասիրությունը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ հսկողության (վերահսկողության) և դրանց ապօրինի շրջանառության վերաբերյալ պետական լիազորված մարմինների տրամադրության տակ գտնվող տեղեկատվության փոխանակման դյուրացումը:
Հանձնաժողովի նիստերը կհրավիրվեն յուրաքանչյուր ամիս:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829