Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների արդյունքները կարող են ազդել Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացի վրա․ «Ամերիկայի ձայն»

Մարտ 09,2024 10:56

2024 թվականը վճռորոշ ընտրական տարի է: Ընտրություններ են ողջ աշխարհում, տարբեր մայրցամաքներում՝ Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում, որոնք համաշխարհային անկայունության, շարունակվող հակամարտությունների և անվտանգային լուրջ մարտահրավերների ներքո են։

Փորձագետների կարծիքով, ընտրությունների արդյունքները, կարող են ազդեցություն ունենալ աշխարհաքաղաքական գործընթացների ու տարբեր տարածաշրջաններում քաղաքական ու անվտանգային զարգացումների վրա:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները դուրս չեն այդ ամենից. տարածաշրջանային և միջազգային հիմնական խաղացողների մոտ քաղաքական փոփոխությունները կարող են ազդել Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացի վրա՝ աշխուժացնելով կամ զսպելով դիվանագիտական ջանքերն այդ ուղղությամբ:

Ռուսաստանում, Եվրամիությունում և ԱՄՆ-ում այս տարվա ընտրությունները, ու Ադրբեջանում կայացած նախագահի արտահերթ ընտրությունը նշվածի շարքից են՝ հաշվի առնելով Մոսկվայի, Բրյուսելի ու Վաշինգտոնի ակտիվությունը Հարավային Կովկասում:

Ադրբեջան

Բրիտանական «Chatham House»-ի վերլուծաբան Լորենս Բրոյերսի դիտարկմամբ, Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրության անցկացման ամենահավանական պատճառը Իլհամ Ալիևի ժողովրդականության աննախադեպ աճն է, որի հիմքում նրա «հաղթանակներն են»:

Ըստ փորձագետի, Ալիևը դեռ երբեք այսչափ հեղինակություն չի վայելել Ադրբեջանում:

ԵԱՀԿ դիտորդները Ադրբեջանում փետրվարի 7-ին նախագահի ընտրությունը գնահատել են քաղաքական մրցակցությունից զուրկ, ընտրական լուրջ թերություններով ու լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակմամբ։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարի մասին խոսելիս՝ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչն Ադրբեջանում արտահերթ ընտրությունները բացատրել է այլ գործոններով՝ տնտեսական, սոցիալական։

«Ադրբեջանն այս ընտրությունն անցկացնում է 2023 թվականին տեղի ունեցածի նկատմամբ հանրության ուժեղ աջակցության ներքո: Միաժամանակ, երկրում աճում է դժգոհությունը սոցիալական վիճակի, լրատվամիջոցների ներկայացուցիչների և ընդդիմադիր որոշ գործիչների ու առաջնորդների ձերբակալությունների պատճառով»,- պնդում է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը։

Ըստ նախկին դեսպանի, Բաքուն փորձելու է «զերծ պահել նախագահ Ալիևին և նրա ռեժիմը որևէ ընդդիմությունից»: Այդ մոտեցումն էլ, ըստ Կազլյարիչի, իր ազդեցությունը կարող է ունենալ Երևանի ու Բաքվի միջև ընթացող բանակցային գործընթացի վրա:

«Այն շատ ավելի կդժվարացնի փոխզիջումները։ Եվ դա կարող ենք տեսնել տրանսպորտային միջանցքների, սահմանների, ականազերծման հարցերի շուրջ քննարկումներում»,- նշում է Կազլյարիչը:

«Ամերիկայի ձայնի» զրուցակիցը չբացառեց, որ արտահերթ ընտրության անցկացումը կարող է կապված լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացի հետ՝ պնդելով, թե չի կարծում, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։

«Chatham House»-ի վերլուծաբան Լորենս Բրոյերսը համարում է, որ այս ընտրությունն էականորեն չի կարող ազդել հայ-ադրբեջանական գործընթացի վրա: «Չեմ կարծում, որ Ադրբեջանում ընտրությունը շատ էական ազդեցություն կունենա, քանի որ հակամարտությունը տարբեր մրցակցային տեսակետներ չի առաջացնում [Ադրբեջանոի ներսում]»։

Բրոյերսը համակարծիք է՝ Բաքուն չի շտապում խաղաղություն կնքել Երևանի հետ: «Եթե Ադրբեջանը կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները՝ քննարկվող խաղաղ համաձայնագրի միջոցով, ապա այն կնշանակի երեք տասնամյակների քաղաքական ռազմավարության ավարտ, որը համախմբել էր ադրբեջանական հասարակությանը հակամարտության շուրջ: Այդ ռազմավարությունը մեծապես թույլ էր տալիս ճնշել այլակարծությունը և դրանով բացատրել բարեփոխումների ձգձգումը»:

Ադրբեջանում կայացած ընտրություններից հետո ակնհայտորեն նկատվում է լարվածության աճ, և չնայած Բաքվի ու Երևանի միջև մյունխենյան հանդիպմանը՝ լարվածությունը շարունակում է պահպանվել:

Ռուսաստան

Ռուսասատանում նախագահի ընտրությունները նախատեսված են մարտի 15-17-ին, որոնք առաջինն են Ուկրաինա Կրեմլի ներխուժումից և Սահմանադրությունը փոխելուց հետո, ըստ որի Վլադիմիր Պուտինի նախագահության նախկին ժամկետները զրոյացան՝ նրան հնարավորությոնւ տալով կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում։

Դիտոդները չեն կասկածում. Պուտինը ընտրություններում կհաղթի։ Գրեթե քառորդ դար տևած նրա կառավարման հետևանքով երկրում հաստատվել է բռնապետական համակարգ, վերացվել է այլախոհությունը, սահմանափակվել են ազատությունները, կառավարությունն ամբողջությամբ վերահսկում է մամուլը: Ընդդիմադիր գործիչները կա՛մ կալանավայրում են՝ շինծու մեղադրանքով, կա՛մ հարկադրաբար գաղթել են, կա՛մ գերեզմանում են՝ հաճախ սպանված:

Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահը կալանավայրում ցնցեց միջազգային հանրությունը: Վաշինգտոնը Նավալնիի մահվան համար մեղադրել է Պուտինին՝ պատժամիջոցների նոր փաթեթ կիրառելով Մոսկվայի նկատմամբ:

Ալեքսեյ Նավալնիի կնոջ՝ Յուլիայի ու նրա դստեր հետ հանդիպումից հետո Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարեց. «Վստահեցրել եմ, որ նրա ժառանգությունը կապրի ամբողջ աշխարհում, և Միացյալ Նահանգները կշարունակի հետամուտ լինել, որ Պուտինը բարձր գին վճարի Ռուսաստանից դուրս իր ագրեսիայի և ներքին բռնաճնշումների համար»:

Առաջիկա ընտրությունները տեղի են ունենում Ուկրաինայում ռուսական ռազմական ագրեսիայի շարունակման պայմաններում։ Ձգձգվող հակամարտությունը շարունակում է անուղղակիորեն ազդել Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացի վրա, որում Ռուսաստանը պատմականորեն եղել է առանցքային միջնորդ:

Գումարվում է Հայայստանի ու Ռուսաստանի միջև հարաբերություններում ի հայտ եկած ճգնաժամը. Երևանը պնդում է, որ Մոսկվան և նրա գլխավորած ռազմական դաշինքը՝ ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, չեն կատարում իրենց պարտավորությունները, ուստի Երևանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր արտաքին ու անվտանգային քաղաքականությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս անգամ խոսեց ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության ըստ էության սառեցման մասին։

Անդրադառնալով հայ-ռուական հարաբերություններին՝ ԱՄՆ պետքարտուղարությունը շեշտել է. «Ռուսաստանը վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր չէ Հարավային Կովկասում կամ այլուր: Մենք բազմիցս տեսել ենք, որ Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի շահերը»:

Ըստ վերլուծաբան Լորենս Բրոյերսի, Ռուսաստանի նախագահի ընտրությունը որևէ փոփոխություն չի առաջացնի Հայաստանի ու Ադրբեջանի բանակցային գործրնթացում: «Իրավիճակի փոփոխություն պետք չէ ակնկալել և [Ռուսաստանի] նախահագի ընտրությունն էական ազդեցություն չունի հայ-ադրբեջանական գործընթացի վրա»:

Պուտինի վերընտրվելը հավանաբար կնշանակի հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում անկայունության շարունակություն։ Մոսկվան պնդում է, որ առանց իր միջնորդության անհնարին է խաղաղություն հաստատել տարածաշրջանում, սակայն Ռուսաստանի դիրքորոշումը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ու հետո, ռուսական խաղաղապահների անգործությունը Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանության ընթացքում և ի վերջո՝ Կրեմլի ագրեսիան Ուկրաինայի դեմ, կասկածի տակ են առնում նրա միջնորդական առաքելության արդյունավետությունը Հարավային Կովկասում և այլուր:

Այս առիթով ԱՄՆ պետքարտուղարի առաջին փոխտեղակալ Յուրի Քիմը նշել է. «Երբ հարևանները և աշխարհի մյուս երկրները տեսնում են Ռուսաստանի վարքագիծը, ներառյալ՝ նրա ներխուժումը հարևան երկիր և փորձը՝ վերափոխել միջազգային հանրության ճանաչած սահմանները, ապա զարմանալի չէ, որ Հայաստանը և նրա նման այլ երկրներ վերանայում են իրենց մոտեցումները և նյարդայնանում Ռուսաստանի մտադրություններից: Պուտինի գործողությունները շատ լուրջ հարցեր են առաջացրել միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի վերաբերյալ»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031