Լրահոս
Օրվա լրահոսը

10 տարածված «առասպելներ» սիրտ-անոթային հիվանդությունների մասին

Մարտ 12,2024 09:30

Սիրտ-անոթային հիվանդություններն աշխարհում մահվան առաջնային պատճառ են հանդիսանում՝ տարեկան խլելով մոտ 17,9 միլիոն մարդու կյանք․ ահա թե ինչու է կարևոր իմանալ սիրտ-անոթային խնդիրների զարգացման ռիսկի գործոններն ու դրանց կանխարգելման հնարավորությունները, տարբերակել այդ խնդիրների հետ կապված ճիշտ ու սխալ մոտեցումները։

Medical News Today-ն առանձնացրել է բնակչության շրջանում սիրտ-անոթային հիվանդությունների հետ կապված 10 տարածված կարծիքներ՝ փորձելով պարզել՝ արդյո՞ք դրանք համապատասխանում են իրականությանը, թե՞ ոչ։

1. Երիտասարդները կարիք չունեն անհանգստանալու սրտի հիվանդությունների հետ կապված։

Թեև սրտի հիվանդություններից ավելի հաճախ տառապում են 65 տարեկանից բարձր անձինք, սակայն սրտի կաթվածի 4–10 % դեպքերը պատահում են մինչև 45 տարեկան անձանց շրջանում։ Դրանից բացի, մանկությունից սկսած հիմքեր են ստեղծվում սրտի առողջության համար։

Օրինակ՝ տրանս ճարպերով, հագեցած ճարպաթթուներով հարուստ սննդակարգը, ծխելը, նստակյաց կյանքը տարիքի հետ մեծացնում է սրտի հիվանդությունների զարգացման վտանգը։ Երիտասարդ տարիքում իրականացված կենսակերպի դրական փոփոխություններն, անշուշտ, բարենպաստ են ազդում սրտի առողջության վրա ավելի մեծ տարիքում։

2. Սրտի հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է խուսափեն ֆիզիկական վարժություններից։

Սա թյուր կարծիք է, քանի որ մարզումներն ամրացնում են սրտամկանն ու բարելավում օրգանիզմի արյան շրջանառությունը։
Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդիկ կարող են խորհրդակցել սրտաբանի հետ, թե ֆիզիկական որ վարժություններն են ավելի նպատակահարմար իրենց համար։

3. Խոլեսթերինի մակարդակը նվազեցնող դեղամիջոցներ ընդունելու պարագայում կարելի է ուտել այն ամենն, ինչ ցանկանում ես։

Որոշ դեղամիջոցներ, օրինակ՝ ստատինները, նվազեցնում են արյան մեջ խոլեսթերինի մակարդակը՝ արգելակելով լյարդի այն ֆերմենտը, որն անհրաժեշտ է խոլեսթերինի արտադրության համար։ Սա նշանակում է, որ սննդի հետ ընդունվող խոլեսթերինն ամեն դեպքում կարող է հայտնվել արյան մեջ, և թեև ստատինները, հնարավոր է, հաղթահարեն սխալ սննդակարգի կողմնակի ազդեցությունները, սակայն դրանք, այնուամենայնիվ, կմեծացնեն սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի այլ գործոնները, ինչպիսիք են ճարպակալումը, զարկերակային բարձր ճնշումն ու դիաբետը։

4. Երբ մարդն ունի սիրտ-անոթային հիվանդությունների ժառանգական նախատրամադրվածություն, ապա ոչինչ չի կարող անել դրա դեմ։

Եթե ընտանիքի մոտ անդամներից մեկի մոտ կա սիրտ-անոթային հիվանդություն, ապա մեծանում է մյուս հարազատների հիվանդանալու հավանականությունը։ Սակայն դա միանշանակ չէ, և կան սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը նվազեցնելու մի շարք հնարավորություններ անգամ ժառանգական նախատրամադրվածություն ունեցող անձանց շրջանում։ Այդ հնարավորությունների թվին են պատկանում առողջ սննդակարգը, ծխելուց հրաժարվելը, զարկերակային ճնշման վերահսկումը, ֆիզիկական կանոնավոր մարզումները և այլն։ Ինչպես նաև կարևոր է իմանալ, որ անգամ եթե սրտի հիվանդությունները հանդիպում են ընտանիքում, դա դեռ չի խոսում գենետիկ նախատրամադրվածության մասին, քանի որ սովորաբար ընտանիքի անդամներն ունենում են նմանատիպ կենսակերպ ու սովորություններ, որոնք էլ մեծացնում են սրտի հիվանդությունների զարգացման ռիսկերը։

5. Վիտամինները կարող են կանխարգելել սրտի հիվանդությունները։

Թեև ընդունելի չափաբաժիններով ընդունվող վիտամինների մեծամասնությունը վտանգավոր չէ սրտի առողջության համար, չկան հստակ ապացույցներ, որ վիտամինային հավելումները կարող են նվազեցնել սրտի հիվանդությունների վտանգը։ Սրտի բրիտանական ֆոնդի սնուցման բաժնի ղեկավար Վիկտորյա Թեյլորի խոսքով․ «Սննդանյութերի հավելումները չեն կարող փոխարինել առողջ սնունդը։ Բժիշկը կարող է նշանակել վիտամինային կամ հանքանյութային հավելումներ այլ պատճառներով, բայց մենք խորհուրդ չենք տալիս պոլիվիտամիններ ընդունել սրտի ու արյան շրջանառության խնդիրները կարգավորելու համար»։
Այս տեսակետը հաստատում են 2018 թ․-ին հրապարակված հետազոտության տվյալները։ Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, պոլիվիտամինների ու հանքանյութերի ընդունումը «բնակչության շրջանում ընդհանուր առմամբ չի բարելավում սիրտ-անոթային հիվանդությունների ելքերը»։

6. Եթե մարդը ծխում է երկար տարիներ, իմաստ չկա այլևս ծխելը թողնելը։

Ծխելը սրտի հիվանդությունների զարգացման հիմնական պատճառներից է, ուստի ծխելը թողնելը երբեք ուշ չէ։ Կարևոր չէ, թե քանի տարեկան եք և որքան ժամանակ եք ծխում, ծխելուց հրաժարվելը ցանկացած տարիքում նպաստավոր է անդրադառնում առողջության վրա․ այլ ռիսկերից զատ նվազում է սրտամկանի ինֆարկտի, կաթվածի վտանգը, բարելավվում է արյան շրջանառությունը։

7. Սրտի հիվանդություններ ունենում են միայն տղամարդիկ։

Սա ևս թյուր կարծիք է, քանի որ սիրտ-անոթային հիվանդություններից մահանում են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։ Սակայն տղամարդկանց մոտ սիրտ-անոթային հիվանդություններն ավելի վաղ տարիքում են զարգանում, քան կանանց մոտ, և տղամարդիկ սրտի իշեմիկ հիվանդությունների ավելի մեծ ռիսկի են ենթարկվում։ Կանանց դեպքում ավելի մեծ է կաթվածի վտանգը։
Science direct ամսագրի մի հոդվածում նշվում է․ «Թեև հիվանդացությունը (սիրտ-անոթային) կանանց մոտ ավելի քիչ է, քան տղամարդկանց, սակայն կանայք ունեն ավելի բարձր մահացություն և սիրտ-անոթային սուր վիճակներից ավելի վատ ելքեր»։

8. Սրտի կանգն ու ինֆարկտը նույն բանն են։

Սրտամկանի ինֆարկտն արյան շրջանառության հետ կապված խնդիր է, որը զարգանում է, երբ սրտի որևէ հատվածում նվազում կամ դադարում է արյան հոսքը։

Սրտի կանգն «էլեկտրական խնդիր» է, որի դեպքում սիրտը դադարում է իրականացնել իր պոմպային գործառույթը։ Սրտամկանի ինֆարկտը հաճախ կարող է հանգեցնել սրտի կանգի։

Սրտամկանի ինֆարկտի դեպքում մարդը հիմնականում պահպանում է գիտակցությունը։ Սրտի կանգի դեպքում տեղի է ունենում գիտակցության կորուստ։ Այս երկու վիճակներն էլ բժշկական անհապաղ օգնություն են պահանջում։

9. Սրտամկանի ինֆարկտի ժամանակ հազալը կարող է փրկել մարդու կյանքը։

Այս տեսակետը շրջանառության մեջ է դրվել 40 տարի առաջ հրապարակված մի հոդվածի շնորհիվ, որտեղ նշվում էր, որ սրտամկանի ինֆարկտի ժամանակ հազալը կարող է փրկել պացիենտի կյանքը։ Սակայն այժմ չկան հստակ ապացույցներ, որ այդ մեթոդը կարող է աշխատել բժշկական վերահսկողությունից դուրս, և սրտամկանի կաթվածի դեպքում առաջնային քայլ է համարվում հնարավորինս արագ բժշկական օգնության դիմելը։

10.Սրտի հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է խուսափեն ճարպերի օգտագործումից։

Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող անձն, անխոս, պետք է կրճատի հագեցած ճարպերի, տրանս ճարպերի օգտագործումը, որոնք պարունակվում են վերամշակված մսամթերքի, թխվածքների, կիսաֆաբրիկատների և այլ մթերքների կազմում։

Սակայն չհագեցած ճարպաթթուները կարող են շատ օգտակար լինել սրտի համար, օրինակ՝ կան ապացույցներ, որ օմեգա-3 ճարպաթթուները պաշտպանում են սրտի առողջությունը։

Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան խորհուրդ է տալիս շաբաթական երկու անգամ ուտել յուղոտ ձկնատեսակներ՝ իշխան, սաղմոս, թյունոս, սկումբրիա, ծովատառեխ (սելյոդկա), սարդինա և այլն։ Նաև խորհուրդ է տրվում բուսական ծագման օմեգա-3 ճարպաթթուների օգտագործումը․ այդպիսիք պարունակվում են հունական ընկույզի, կտավատի սերմերի, դրանցից ստացված յուղերի, կանոլայի յուղի, տոֆուի և այլ մթերքների կազմում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031