Լրահոս
Օրվա լրահոսը

Անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյանը՝ երակների վարիկոզի, արյունատար ու ավշային համակարգի այլ խնդիրների, դրանց բուժման հնարավորությունների մասին

Փետրվար 07,2024 09:30

Անոթային մի շարք խնդիրների, դրանց մասին հուշող ախտանշանների և այդ խնդիրների բուժման հնարավորությունների մասին զրուցել ենք Երևանի գլխավոր անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Քամալյանի հետ։

-Ո՞ր գանգատները, ախտանշաններն են հուշում, որ մարդու անոթային համակարգում խնդիրներ են առաջացել։

-Մինչ ախտանշաններին անդրադառնալը, նշենք, որ օրգանիզմի անոթային համակարգը 3 հիմնական բաղադրամասերից է կազմված՝ 2 արյունատար (զարկերակային և երակային) և լիմֆատիկ, և դրանցից յուրաքանչյուրում առաջացող գանգատները տարբեր են լինում։

Երակային համակարգում հաճախ հանդիպող գանգատներն են ոտքերում հոգնածության, ծանրության զգացողությունը, այտուցները, մազանոթային ցանցերը, աստղիկները, արտահայտված վարիկոզ երակները, ավելի ուշ փուլերում՝ մաշկի տրոֆիկ փոփոխությունները, որոնք առաջանում են սնուցման խանգարման հետևանքով, մաշկի գույնի մգացումը՝ շագանակագույնից մինչև սև երանգի, էլ ավելի ուշ փուլերում՝ մի քանի մմ-ից տասնյակ սմ-ի հասնող տրոֆիկ խոցերը, ցավոտ, չլավացող վերքերը, որոնք հաստատ աննկատ չեն մնում։

Մեր օրգանիզմի հեղուկի շրջանառության համար պատասխանատու լիմֆատիկ համակարգի տարածված հիվանդություններից է լիմֆոստազը, որի հիմնական ախտանշանը խմորանման այտուցներն են, որոնք կարող են լինել երկկողմանի կամ միակողմանի, համաչափ կամ անհամաչափ, թեև ավելի մանրամասն զննությամբ կպարզվի, թե որտեղից են գալիս այդ տիպի այտուցները՝ երակներից, ավշային համակարգից, սրտից, թե՞ երիկամներից։

Լիմֆոստազի այտուցներն առավելապես ստորին վերջույթներում են առաջանում, թեև կարող են նաև մարմնի այլ հատվածներում էլ ձևավորվել, օրինակ՝ թևերին, հատկապես կրծքագեղձի օնկոլոգիական վիրահատությունների ժամանակ լիմֆատիկ հանգույցների հեռացման դեպքում։

Զարկերակային համակարգի ախտահարումները բավականին արտահայտված պատկեր են առաջացնում․ քրոնիկ ընթացքի դեպքում առաջնային ախտանշաններից է քայլելիս ոտքերում առաջացող հոգնածության զգացողությունը, որն աստիճանաբար բերում է մկանների բռնվածության․ այդ վիճակը կոչվում է «ընդմիջվող կաղություն», երբ պացիենտը քայլում է մի քանի մետր, մկաններում սկսում է անտանելի ցավ ու հոգնածություն զգալ և ստիպված է լինում կանգ առնել, հանգստանալ, հետո նորից շարունակել քայլելը։ Ինչպես նշվեց, այս ախտանշանն ամենաբնորոշն է զարկերակային համակարգի ախտահարումների ժամանակ, որը պատկերավոր կոչվում է նաև «ցուցափեղկային հիվանդություն», քանի որ հաճախ մարդիկ այդ խնդրի դեպքում կանգնում ու սկսում են նայել ցուցափեղկերին՝ իբր ուսումնասիրում են դրանք՝ մի փոքր հանգստանալուց հետո շարունակելով ճանապարհը։

Ընդմիջվող կաղության դեպքում որպես արտաքին դրսևորում լինում է նաև սառնության զգացողություն, որը կարող է մի ոտքում լինել, մյուսում չլինել, կամ շատ ու քիչ լինել։ Բնորոշ է նաև այդ հատվածում աղքատիկ մազածածկույթը, եղունգների փխրունությունը, գույնի փոփոխությունը։

Ավելի խորը փուլերում վերը նշված տիպի ցավերն արդեն ի հայտ են գալիս նաև հանգստի դեպքում՝ առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության, մանավանդ պառկած ժամանակ, երբ ոտքերը բարձր դիրքում են․ դրանք ընդունված է կոչել «հանգստի ցավեր»։

Սնուցման կրիտիկական խանգարման մասին հուշող այդ հանգստի ցավերը կարող են ուղեկցվել ոտնաթաթերի, մատների սառնությամբ, կապտավուն երանգով, երբեմն կարող է լինել նաև թմրածություն, հատկապես մանր հոդերում շարժումների սահմանափակում և այլն։

Իհարկե, այս փուլը գրեթե հնարավոր չէ անտեսել, և մարդիկ, սովորաբար, այս փուլում պարտադիր դիմում են բժշկին:

Զարկերակային ախտահարումների ավելի ուշ փուլերում այդ վատ սնուցման ֆոնի վրա առաջանում են վերքեր, ճաքեր, տրոֆիկ խանգարումներ, մատների նեկրոզ, գանգրենա։

-Որո՞նք են անոթային խնդիրների զարգացման ռիսկի հիմնական գործոնները․ ռիսկի գործո՞ն է արդյոք տարիքը։

Հղիությունն ուղղակի նպաստում է, որ վարիկոզն արտահայտվի։

-Երակային խնդիրները համեմատաբար ավելի երիտասարդ տարիքային խումբն են ներառում, նույնիսկ կարող են դրսևորվել դեռահասների, հատկապես աղջիկների մոտ՝ սեռահասունացման շրջանում, երբ հորմոնալ շարժեր են սկսվում։ Այդ ընթացքում կարող են ի հայտ գալ մազանոթային ցանցեր, մի փոքր ուշ` հատկապես հղիության, ծննդաբերության շրջանում կարող է ձևավորվել արտահայտված վարիկոզ, որը կլինիկորեն ավելի հաճախ է հանդիպում կանանց մոտ, թեև տղամարդիկ ևս հավասարապես գտնվում են ռիսկի գոտում։ Կանանց դեպքում պարզապես հիվանդության զարգացմանը նպաստող գործոններն ավելի շատ են, և, ինչպես նշվեց, առյուծի բաժինը հղիություն-ծննդաբերություն շրջանն է ներառում, երբ միաժամանակ մի քանի գործոններ են ավելանում՝ հորմոնալ տեղաշարժեր, ավելորդ քաշ, արգանդի չափերի մեծացում, որը ֆիզիկապես սեղմում է կոնքի անոթների վրա՝ խորացնելով խնդիրը․ այստեղից էլ այն կարծիքը, որ խնդիրը հղիության պատճառով է առաջանում, իսկ իրականում հղիությունն ուղղակի նպաստում է, որ վարիկոզն արտահայտվի։

Երակների հիվանդության զարգացման ամենամեծ ռիսկի գործոնը գենետիկ նախատրամադրվածությունն է, որին գումարվող նպաստող գործոնները հանգեցնում են հիվանդության ձևավորմանը։

Ռիսկի գործոն է համարվում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, սպորտը, ավելորդ քաշը, թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց դեպքում ռիսկի գործոն է հիպոդինամիան՝ երկարատև անշարժ կանգնած կամ անշարժ նստած դիրքը։

Զարկերակային հիվանդությունները, սովորաբար, տարիքային ավելի մեծ խմբում են դրսևորվում՝ 40 և ավելի, և դրանց զարգացմանը նպաստում են բոլոր այն գործոնները, որոնք ազդում են նաև սրտի վրա։ Զարկերակային համակարգի վրա մեծ ազդեցություն ունեն աթերոսկլերոզը, հիպոդինամիան, շատ մեծ ռիսկի գործոն է ծխելը, ինչպես նաև խոլեսթերինի ցուցանիշները։

Իհարկե, խոլեսթերինն ինքնին վտանգավոր չէ, արտադրվում է մեր օրգանիզմում և կարևորագույն նյութ է մեր օրգանիզմի համար, բայց երբ ունենք հիվանդ անոթներ, այդ խոլեսթերինը «սիրում է» կուտակվել ախտահարված հատվածներում՝ առաջացնելով խոլեսթերինային թիթեղիկներ և հանգեցնելով անոթի լուսանցքի նեղացման, երբեմն էլ՝ լիովին խցանման։ Այստեղ նաև մեծ դեր ունի ժառանգական նախատրամադրվածությունը, երբ առկա են խոլեսթերինային փոխանակության խանգարումներ, և ըստ էության խնդրի մեղավորը ոչ թե խոլեսթերինն է, այլ նյութափոխանակության խանգարումները, որոնք տարիքի հետ էլ ավելի են արտահայտվում։

Կլինիկան կախված է խցանված հատվածից։ Եթե խցանվում են սրտի անոթները, դա բերում է սրտի ինֆարկտի, եթե քնային զարկերակներն են նեղանում կամ խցանվում, հանգեցնում է գլխուղեղի կաթվածի, աղիներում կամ երիկամներում անոթների նեղացումը կարող է օրգանի կամ տվյալ հյուսվածքի սնուցման խանգարում առաջացնել։

Նշենք, որ այս դեպքերում ռիսկի խմբում են հատկապես արական սեռի ներկայացուցիչները, մեծ դեր ունի նաև ծխելու գործոնը։

-Անոթային տարբեր խնդիրների բուժման և կանխարգելման ի՞նչ հնարավորություններ կան։

Ներերակային լազերային կոագուլյացիայի ժամանակ ջերմային էներգիայի շնորհիվ կատարվում է երակի պատի այրում, ինչի արդյունքում երակը փակվում է և վերանում։

Անոթային խնդիրների բուժման եղանակներն այժմ բավականին շատ են ու արագ էլ զարգանում են։

Երակային համակարգում ամենահաճախ հանդիպող հիվանդությունը վարիկոզն է, որի դեպքում նախկինում ախտահարված երակներն ուղղակի հեռացվում էին․ դա բարդություններով ուղեկցվող բավականին տրավմատիկ մեթոդ էր, որն էլ, իհարկե, ժամանակի ընթացքում մշակվում էր։

Պատկերավոր ասած՝ երակները ծառ են հիշեցնում, ունեն հիմնական ցողուն և ճյուղեր, և ամենատրավմատիկը հիմնական ցողունը հեռացնելն է։

Ներկայումս կան ջերմային և ոչ ջերմային աբլյացիայի եղանակներ, որոնց հիմնական նպատակը լայնացած ցողունը ոչ թե հեռացնելն է, այլ տեղում խցանել, փակելը, որը հետագայում ներծծվում է՝ թույլ տալով դրանից ազատվել ժամանակի ընթացքում, այլ ոչ թե անմիջապես քաշել, պոկելով։

Ջերմային աբլյացիայի ամենահայտնի տեսակը ներերակային լազերային կոագուլյացիայի եղանակն է, որը 2006 թ․-ից իրականացվում է Հայաստանում։ Մյուս ջերմային եղանակը ռադիոալիքային աբլյացիայի եղանակն է, որը նույն սկզբունքով է կատարվում, սակայն ռադիոալիքային էլեկտրոդի օգնությամբ։ Կան նաև ոչ ջերմային աբլյացիայի եղանակներ, որոնցից ամենատարածվածը բիոսոսնձի մեթոդն է, որն իրականացվում է բժշկական սոսնձի օգնությամբ։

Կա նաև դեղորայքային բուժման հնարավորություն, որը ենթադրում է սկլերոզանտի ներարկում անոթների մեջ, և կա մեխանոքիմիական եղանակ, երբ միաժամանակ այդ նույն դեղորայքի ներմուծման ընթացքում հատուկ գործիքների օգնությամբ երակի պատի ներսից քերծվածքներ են կատարվում, որպեսզի դեղորայքն ազդի ավելի խորը շերտերի վրա։

Քանի որ վարիկոզը նաև կոսմետիկ խնդիրներ է առաջացնում՝ մազանոթային ցանցերի, աստղիկների տեսքով, կիրառվում են հետևյալ երկու հիմնական մեթոդները՝ սկլերոթերապիան և լազերային վերմաշկային ոչ վիրահատական եղանակը, որոնք հարթում են այդ խնդիրները՝ էսթետիկ արդյունք ապահովելով։

Երբ խնդիրներ կան խորանիստ երակային համակարգում՝ թրոմբոզների հետևանքով նեղացումներ, տեղ-տեղ խցանումներ, կիրառվում է ստենտավորման մեթոդիկան։

Զարկերակների դեպքում երբ խոսք է գնում փակ անոթը բացելու մասին, նախկինում կիրառվող շունտավորումներին փոխարինելու են եկել ներանոթային բալոնային լայնացման կամ ստենտավորման եղանակները․ բալոնային լայնացումն ու ստենտավորումը ինչպես սրտի դեպքում, այնպես էլ ծայրամասային անոթների դեպքում ենթադրում է առանց մեծ կտրվածքների միջամտություններ՝ փոքրիկ ասեղի օգնությամբ, որը թույլ է տալիս բալոնների միջոցով լայնացնել խցանված հատվածները, այնուհետև ստենտավորել  մետաղական կառուցվածք ունեցող ցանցերով։

Զարկերակային պաթոլոգիաների մեջ խցանումներից բացի մեծ դեր ունեն, այսպես կոչված, անևրիզմաները՝ անոթների լայնացումները, արտափքումները, որոնք նորից նույն հիվանդության՝ աթերոսկլերոզի հետևանք են, բայց այս դեպքում ոչ թե խցանում և կրակալում են առաջացնում, այլ անոթների բորբոքումը թուլացնում է պատը։

Իհարկե, կախված, թե որ գոտում են զարգանում, անևրիզմաներն ունենում են տարբեր սահմանային չափսեր։ Կան չափսեր, որոնց դեպքում մենք շարունակում ենք հսկել, և կա սահման, որն անցնելու դեպքում արդեն ցուցված է վիրահատությունը։ Օրինակ, եթե որովայնային աորտայի նորմալ չափսը 2-2,5 սմ է, մինչև 5-5,5 սմ-ի դեպքում մենք շարունակում ենք հսկել, դրանից հետո նույնիսկ մի քանի մմ լայնանալու դեպքում արդեն կատարում ենք վիրահատություն, քանի որ կա վիճակագրություն, որ 5,5 սմ-ից ավելի լայնանալու դեպքում անոթի պատռվելու հետևանքներն ավելի ծանր կարող են լինել, քան հետվիրահատական բարդությունները։ Ցածր տրամագծի դեպքում հետվիրահատական բարդությունների տոկոսն է ավելի մեծ, քան պատռվելու ռիսկը։ Որովայնային աորտայի անևրիզմաները, ցավոք սրտի, մեծամասամբ հայտնաբերվում են պատահաբար՝ այլ պատճառներով ուլտրաձայնային հետազոտություն անցնելիս, քանի որ դրանք, սովորաբար, գանգատներ չեն առաջացնում, եթե շատ մեծ չափսեր չեն ունենում։

Նմանատիպ անևրիզմաներ լինում են նաև գլխուղեղում, որոնց պատռվելը բերում է հեմոռագիկ կաթվածի առաջացման, ներորովայնային այլ զարկերակներում, ծայրամասային զարկերակների վրա, և եթե չեն էլ պատռվում, նորից կարող են խցանվել թրոմբային զանգվածներով։

Զարկերակների ախտահարումների վաղ հայտնաբերման համար 40 տարեկանից հետո նպատակահարմար է կանոնավոր կերպով անցնել որոշակի հետազոտություններ՝ որովայնի սոնոգրաֆիա, ըստ անհրաժեշտության՝ ավելի կոնկրետ անոթային հետազոտություններ՝ դուպլեքս կամ ՀՏ հետազոտություն, հանձնել անալիզներ՝ պարբերաբար խոլեսթերինի ցուցանիշը ստուգելով, վերահսկել զարկերակային ճնշումը, մոռանալ ծխելու մասին, քանի որ սիրտն ու զարկերակները մի ընդհանուր համակարգ են, ու բոլոր ռիսկերը, որոնք կան սրտի համար, վերաբերում են նաև բոլոր, այդ թվում՝ ծայրամասային զարկերակներին։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ Տիգրան Քամալյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829