Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հայաթափման հետ դուք հեչ կապ չունե՞ք, Ադրբեջանի պատվերն եք կատարում»․ Աննա Գրիգորյանը՝ ԱԳ նախարարին

Մարտ 15,2024 18:15

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, արձանագրեց, որ իր զեկույցում Արարատ Միրզոյանն Արցախի հայաթափման մասին այդպես էլ չխոսեց։

«Արցախի հայաթափման հետ դուք հեչ կապ չունե՞ք։ Հիմնական դիվանագետը դուք եք եղել, մասնակցել եք բանակցություններին, ո՞նց է ստացվել, որ Արցախը հայաթափվել է։ 2023 թվականը, որի կատարողականը դուք եք ներկայացնում, հայ ժողովրդի պատմության մեջ մնալու է որպես սեւ էջ, որովհետեւ այդ ժամանակ հազարամյակներով բնակեցված Արցախը հայաթափվել է։ Դուք էլ հիմնական դիվանագետն եք եղել, ինչո՞ւ է այդպես ստացվել, ինչո՞ւ սրա մասին չեք խոսում»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Պատգամավորը նաեւ հարց ուղղեց Միրզոյանին սահմանադրական փոփոխությունների մասին․ «Այս իշխանությունը ի՞նչ խնդիր է տեսնում Ադրբեջանի Սահմանադրության մեջ, եւ արդյոք ադրբեջանական Սահմանադրության փոփոխության օրակարգ կա նաեւ բանակցային սեղանին»։

Արարատ Միրզոյանն ասաց․ «Մենք իսկապես բոլոր ջանքերը գործադրեցինք, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը տեղի չունենա։ Դուք, որ ասում եք՝ դուք հայաթափման հետ կապ չունե՞ք, իհարկե, կապ չունենք։ Մենք փորձում էինք այնպես անել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը մնար Լեռնային Ղարաբաղում, իր պատմական բնօրրանում եւ օժտված լիներ որոշակի անվտանգային երաշխիքներով։ Մենք բոլորս կհիշենք, թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր ջանքերը եւ նույնիսկ ձեւակերպումները ոնց էին քննադատվում ձեր իսկ կողմից եւ ոնց էին քննադատվում նույն Լեռնային Ղարաբաղում, ինչ հավակնություններ էին արտահայտվում։ Այն պահին, երբ մենք կոչ էինք անում կառուցողական բանակցությունների, ինչպիսի պիտակավորումներով էին մեր կոչերը մերժվում, եւ վերջում ի՞նչ եղավ»։

Պատգամավորները արձագանքեցին, որ Արցախը հայաթափվեց։ «Ինչի՞ պատճառով, պատճառն այն էր, որ Ադրբեջանը ռազմական ուժ գործադրեց, Լեռնային Ղարաբաղի քաղաքական էլիտան, որն զբաղված էր իշխանություն փոխելով, մի քանի օրվա իշխանությամբ օժտված մարդուն ուղարկեց, եւ նա ԼՂ լուծարման մասին հրամանագրով հանդես եկավ։ Ձեր ընտրած պրոցեսների մեղավորության սլաքն այս ուղղությամբ մի ուղղեք։ Մենք ամեն ինչ արել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը շարունակի այնտեղ ապրել՝ օժտված իրենց իրավունքներով»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ սա մի խոսակցություն է, որ տարիներով լինելու է, եւ պատմությունն իր գնահատականը հստակ տալու է։ «Ախր փաստերն ակնհայտ են, երբ Հայաստանի կառավարությունը կոչ էր անում աշխատել ԼՂ ժողովրդի իրավունքների ուղղությամբ, դուք քննադատում էիք այդ քաղաքականությունը։ Եվ ձեր այդ քննադատությունը տասնապատիկ ավելի լսվում էր Ստեփանակերտում։ Եվ այն պահին, երբ մենք կոչ էինք անում աշխատել այդ իրավունքների պահպանման ուղղությամբ, այնտեղ ընդունում էին բանաձեւեր զանազան տարածքների մասին։ Մեկ էլ հոպ, երկու օրում գնացին ու լուծարեցին իրենց հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Եթե դուք հարցեր ու մեղադրանքներ ունեք, գնացեք ուրիշ մարդկանց տվեք։ Մենք չենք դրա մեղավորը, մենք ամեն ինչ արեցինք, որ այդ իրավիճակը կանխենք։ Այն պահից, երբ իրենք որոշեցին դուրս գալ, որովհետեւ իրենք որոշեցին լուծարել, սովորական մարդիկ ստիպված եղան փախնել՝ իրենց կյանքը փրկելու համար, մենք միայն կարող էինք եւ դա արեցինք՝ գրկաբաց ընդունել եւ հոգ տանել, որ այդ մարդկանց կարիքները հոգան»,- հայտարարեց Միրզոյանը։

Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը կա՞ բանակցային օրակարգում, Միրզոյանն ասաց․ «Ես ձեզ ասում եմ, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը ՀՀ ներքին գործն է, մենք դա չենք բանակցում։ Ընթացքում, երբ մենք հանդիպում ենք, տարբեր բաներ կարող են ասվել, այդ թվում, այո, ասվել է, որ՝ ձեր Սահմանադրությունը խնդիրներ է պարունակում խաղաղության համար։ Մեր կողմից էլ ասվել է, որ իրենց Սահմանադրությունից սկսած, իրավական զանազան ակտերում, ընդհուպ մինչեւ դասագրքերում պրոբլեմներ կան ապագա խաղաղության համար։ Մեր Սահմանադրության փոփոխությունը մեր ներքին հարցն է, դրա առնչությունն արտաքին միջավայրին այնքանով է, ինչքանով ցանկացած Սահմանադրություն էական է նաեւ արտաքին աշխարհայացքի եւ միջավայրի համար, բայց ոչ այլ կողմի հետ բանակցությունների մաս է»։

Աննա Գրիգորյանը, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների մասին Միրզոյանի հայտարարությանը, արձագանքեց․ «Բոլորը հասկանում են, որ դուք Ադրբեջանի պատվերն եք իրականացնում, Ադրբեջանն էլ է դա փաստում։ Բոլորս ՀՀ-ում հասկանում ենք, բայց դուք համառորեն շարունակեք պնդել, որ դա մեր ներքին հարցն է։ Բայց իմ հարցը հետեւյալն էր՝ Ադրբեջանի Սահմանադրության մեջ դուք կոնկրետ ի՞նչն եք պատրաստվում փոխել կամ հայտնել, թե կոնկրետ ինչը պետք է փոխվի, եւ այնտեղից ինչ հայտարարություններ են եղել»։

Անդրադառնալով Արցախի հայաթափման վերաբերյալ Արարատ Միրզոյանի ասածին՝ Աննա Գրիգորյանը նշեց․ «Իշխանությունը նախ եւ առաջ պատասխանատվություն ունի, եւ դուք չեք կարող չունենալ ձեր պատասխանատվությունը։ Պրահյան գործընթացը ձեր բանակցությունն է, որտեղ քննարկվում էր Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցը։ Հիմա դրա տերը ո՞վ է լինելու։ Դուք ասում եք՝ Արցախի իշխանություններն են մեղավոր, դուք Արցախը ճանաչել եք Ադրբեջանի կազմում, այն ժամանակ, երբ Արցախի վրա հարձակում է եղել, հեռու եք կանգնել, այդ պայմաններում նույնիսկ, երբ Սամվել Շահրամանյանը եկել է իշխանության, ինքը պատրաստակամություն է հայտնել գնալ բանակցել։ Երբ ասում եք՝ այստեղ քննադատություն էր, դա ուղղվում էր Ստեփանակերտին, Ստեփանակերտը, այո, դիրքորոշումներ ուներ, բայց Ստեփանակերտը հեռու մի երկի՞ր էր, բա դուք գործընկերային հարաբերություններ չունեի՞ք, քննարկեիք։ Դուք եւ թիվ մեկ պատասխանատուն եք, եւ թիվ մեկ մեղավորը»։

Արարատ Միրզոյանը նշեց․ «Դուք մի արտահայտություն ձեզ թույլ տվեցիք, որն անընդունելի է, դուք ասացիք՝ Ադրբեջանի պատվերն եք կատարում։ Ուրեմն ուշադիր լսեք, Ադրբեջանի պատվերը դուք եք կատարում անձամբ եւ Ադրբեջանին հովանավորող ուրիշ երկրի պատվեր»։ «Չափավորեք ձեր խոսքը»,- արձագանքեց Աննա Գրիգորյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031