Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ ենք սահմանազատում իրականացնում այն պարագայում, երբ Ադրբեջանն այլ հատվածներում գտնվում է մեր տարածքներում»․ Սեյրան Օհանյան

Մարտ 20,2024 20:44

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին․ «Ինչո՞ւ ենք մենք միակողմանի իրականացնում սահմանազատում այն պարագայում, երբ Ադրբեջանն այլ հատվածներում գտնվում է մեր տարածքներում։ Դեռ չարած սահմանազատում, գնում ժողովրդին ասում եք՝ մենք սահմանագծում ենք անելու, եւ դուք այս-այս դիրքերից պետք է հետ գնաք։ Համոզվա՞ծ եք, որ սահմանագծումը միակողմանի չի լինելու, եւ այլ հատվածներից Ադրբեջանը հետ է գնալու»,։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրականում շատ կարեւոր հարց է սա։ «Ես ուրախ եմ, որ առիթ ունեմ այդ հարցին պատասխանել։ Ինչո՞ւ ենք այդ հայտարարություններն անում, մի պարզ պատճառով, որովհետեւ մենք արձանագրում ենք, որ ուրիշները մեզ ներքաշում են մի գործընթացի մեջ, որը կողքից կարա տպավորություն ստեղծի, որ նույնիսկ մենք ՀՀ տարածքային ամբողջականությունը հստակ չենք ֆիքսում։ Մենք սա անում ենք մի բան ֆիքսելու համար, մենք միակողմանիորեն ասում ենք, որ սա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է։ Ասվում է՝ մենք այդպես էլ չհասկացանք, թե ինչո՞ւ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերի վեցին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա համաձայնեց փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչմանը։ Որովհետեւ մենք հասկացանք, որ եթե մեր տարածքային ամբողջականությունը չֆիքսենք, այդ տարածքային ամբողջականությունը մեր ամենամոտիկ դաշնակիցների համար կարող է գոյություն չունենալ։ Մենք ՀԱՊԿ-ից ակնկալում ենք, որ իրենք իրենց պատասխանատվության գոտին ՀՀ-ում ճշտեն, կողքից մեկը հարց կտա՝ բա դուք ինչո՞ւ չեք ասում՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում որտե՞ղ է։ Եթե եթե մենք ճիշտ ուրվագիծ ցույց չտանք, դա կարող է որոշ դաշնակիցների մոտ առաջացնել մեկնաբանություն, թե՝ պահո, այս Հայաստանը մեզ ուզում է ներքաշել պատերազմների մեջ»,- նշեց Փաշինյանը։

Սեյրան Օհանյանն արձանագրեց․ «Դուք չպատասխանեցիք հարցին՝ վստա՞հ եք, որ Ադրբեջանը մեր տարածքներից հետ է գնալու։ Դուք ասում եք՝ միլիմետրի ճշգրտությամբ գիտեք մեր սահմանները, եւ վստահ եմ, որ միլիմետրի ճշգրտությամբ էլ գիտեք, թե որքան է Ադրբեջանը մխրճված մեր տարածքներ։ Եվ ճանաչելով Ադրբեջանին, ճանաչելով նաեւ Ադրբեջանի վարած քաղաքականությունը, դուք միակողմանի, ոչ փոխադարձաբար գնում եք եւ հայտարարություն եք անում։ Եվ այս ամբողջ կաշան ամբողջ Հայաստանում տարածվում է։ Ես ձեզ ասում եմ, որ այդ միակողմանի սահմանազատմանը կամ սահմանագծմանը ի պատասխան Ադրբեջանը ինչ-որ նոր բաներ է հնարելու հետագայում եւ իր դիրքերից հետ չի գնալու»։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ասում եք՝ դուք վստա՞հ եք, որ Ադրբեջանը մեր տարածքներից հետ է գնալու։ Ես էլ ասում եմ՝ ո՞րն է մեր տարածքը, կարո՞ղ եք ցույց տալ մեր տարածքը։ Ընդ որում, ոչ միայն ինձ, այլեւ միջազգային տրամաբանության մեջ։ Մենք ժողովրդին չենք վախեցնում, ասում ենք ճշմարտությունը։ Երբ մենք ասում ենք՝ վստա՞հ ենք, որ Ադրբեջանը մեր տարածքից դուրս է գալու, նախ այդ հարցը լուծելու համար մենք պետք է ֆիքսենք՝ ո՞րն է մեր տարածքը։ Եվ մեր տարածքը ֆիքսելն առաջին կարեւոր եւ անխուսափելի, պարտադիր նախապայմանն ու  քայլն է, որով մենք պետք է ձեւակերպենք մեր տարածքներից դուրս գալու պահանջը դե յուրե, դե ֆակտո»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031