Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանի պաշտպանական թիմի համար անսպասելի էր Կարապետ Բադալյանի կողմից ինքնաբացարկի միջնորդության ընդունումը

Ապրիլ 15,2026 14:29 Share

«Անսպասելի էր»,- դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահագն Դալլաքյանը (լուսանկարում)՝ անդրադառնալով դատավոր Կարապետ Բադալյանի՝ ինքնաբացարկն ընդունելու որոշմանը։

Հիշեցնենք, այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանն ընդունեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի անդամների փաստաբանական խմբի անդամ Վահագն Դալլաքյանի միջնորդությունը։ Երեկ Վահագն Դալլաքյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել։

Իր որոշման մեջ դատավորը պնդել է՝ ինչպես նախկինում, այժմ էլ ինքնաբացարկի հիմքեր չունի, բայց «անկողմնակալ դիտորդի մոտ կասկածները փարատելու նպատակով» ինքնաբացարկ է հայտնում։

Պաշտպանը համաձայնեց Aravot.am-ի դիտարկմանը, որ դատավորի այս որոշումը հավանական է՝ նաեւ նրանով է պայմանավորված, որ Ռուբեն Հայրապետյանի գործը փակուղում է հայտնվել, եւ դատարանն էլ չի կողմոնորոշվում՝ ինչպե՞ս գործել, ուստի ինքնաբացարկի ընդունումը գուցե հարցի ժամանակավոր լուծում էր։

Վահագն Դալլաքյանը նաեւ հավելեց՝ բացի Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ բացասական հակվածությունից, դատարանը նաեւ գործի քննության ողջ ընթացքում ամեն կերպ փորձում էր օգնել հայցվորին․ «Նմանատիպ իրավիճակներում, մենք տեսնում էինք ավելի խիստ վերաբերմունք մեր նկատմամբ, ավելի մեղմ վերաբերմունք՝ հայցվորի նկատմամբ»։

Վահագն Դալլաքյանը տեղեկացրեց նաեւ, որ գործը նոր դատավորին մակագրելը մեկ-երկու շաբաթից ավելին չպետք է տեւի, գործի քննության հետագա ընթացքն էլ կախված կլինի նրանից, թե ո՞ր դատավորին գործը կմակագրվի։ Իսկ դատախազությունն, ըստ նրա, հայցից կհրաժարվի միայն, եթե էական փոփոխություն տեղի ունենա։

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ շարունակվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի  եւ նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի գործով քննությունը։ Ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման մասին ՍԴ որոշումից հետո, դատախազությունն այս գործով էլ հայցի հիմքի եւ առարկայի փոփոխության միջնորդություն էր ներկայացրել ։ Նախորդ նիստում գործով դատախազը ներկայացրեց փոփոխությունները, որոնք արվել են Ռուբեն Հայրապետյանի հրապարակային հայտարարություններն ուսումնասիրելու արդյունքում։

Անցած տարի պաշտպանական կողմը բացարկ էր ներկայացրել դատավորին այն հիմքով, որ դատավոր Կարապետ Բադալյանը նախկինում եղել է փաստաբան եւ դատական մի գործով ներկայացրել է իր զոքանչին՝ տիկին Հրանուշ Խառատյանին՝ ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի։ Գործը զրպարտությանը եւ վիրավորանքին էր վերաբերվում, այսինքն, բացի հանրային հնչեղությունից՝ նաեւ էմոցիոնալ էր։ Կարապետ Բադալյանը եղել է Ռուբեն Հայրապետյանի դատավարական հակառակորդը եւ պարտվել է գործը։ Պաշտպանական կողմը պնդում էր եւ շարունակում է պնդել՝ այս ամենը կանխակալ- բացասական վերաբերմունք կարող է ստեղծել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930