Հակակոռուպցիոն դատարանում Կարապետ Բադալյանի նախագահությամբ ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցի հիմքի եւ առարկայի պարզման նպատակով հրավիրված այսօրվա դատական նիստում մեղադրող կողմը առարկեց պաշտպանության ներկայացրած միջնորդությանը՝ հիմնավորելով, որ բռնագանձման ներկայացված գույքի նկատմամբ շահագրգռվածությունը վկայում է, որ երրորդ անձին պատկանող տվյալ գույքի իրական շահառուն հենց Հովիկ Աբրահամյանն է։
Հովիկ Աբրահամյանի շահերը ներկայացնող Վարազդատ Ասատրյանը հակադարձեց՝ նշելով, որ դատախազության նման դիրքորոշումը իր համար նորություն չէր։ «Այս գործը չի հարուցվել ձեր մատնանշած տիտղոսային սեփականատիրոջ դեմ։ Այս գործի հիմնական պատասխանողն իմ վստահորդն է։ Գործը հարուցված է իմ վստահորդի շուրջ իր գույքային դրության, օրինական եկամուտների չհիմնավորման կամ դրանց բացակայության հիմքով։ Հետեւաբար, այդ հանգամանքը չկարեւորելը եւ գնահատական չտալը, մեծ հաշվով՝ իրականությունից կտրվելն այնքան էլ ճիշտ չէ։ Խնդիրը պարզ է։ Իմ վստահորդի շուրջ կառուցված գործի պատճառով անձին տրվում են անհարկի սահմանափակումներ թե իրավական, թե բարոյական տեսանկյունից»։
Վարազդատ Ասատրյանը նիստի ավարտից հետո Aravot.am-ին ասաց. «Մեզ համար անծանոթ սուբյեկտի գույքն այս վարույթի շրջանակներում արգելադրվել է։ Այդ սուբյեկտի մուտքն այս վարույթ սահմանափակվում է, չի թույլատրվում։ Իր միջնորդությունները, այս վարույթ ներգրավվելը դատարանի որոշումներով մերժվում են։ Ստիպված կողմի ներկայացուցիչը դիմել է մեզ խնդրելով՝ որպեսզի քանի որ իմ վստահորդի պատճառով է այս իրավիճակը ստեղծվել, մենք ինքներս ներկայացնենք այս գործը, ինչը դատախազությունը այլ կերպ է ընկալում»։
Միջնորդության քննարկումն այսքանով ավարտեց։ Դատավոր Կարապետ Բադալյանը կողմերին տեղեկացրեց, որ որոշում կկայացնի ավելի ուշ եւ օրենքով սահմանված կարգով կուղարկվի կողմերին։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































