Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսչական մարմնի 6 պաշտոնյաներ կառուցվող մի շարք շինությունների սեփականատերերից որպես կաշառք գումարներ են ստացել պարբերաբար

Ապրիլ 05,2024 14:47
shinararutyun

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության,  տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի երկու ստորաբաժանումների ղեկավարներ Ա. Ս.-ն և Կ. Կ.-ն, ինչպես նաև նույն տեսչական մարմնի 4 աշխատակիցները, խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողների օգտին գործողություններ կատարելու, ապօրինի անգործություն դրսևորելու համար Երևանում կառուցվող մի շարք շինությունների սեփականատերերից որպես կաշառք պարբերաբար ստացել են տարբեր չափի գումարներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի վերը նշված պաշտոնատար անձինք Երևանի տարբեր հասցեներում կառուցվող շինությունների՝ շահագործման հանձնելուց առաջ սահմանված նորմերի համապատասխանության վերաբերյալ  ավարտական փաստաթղթերում դրական կարծիք (եզրակացություն) տալու գործընթացը կազմակերպելու համար տվյալ շինությունների սեփականատերերից պահանջել և 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նրանցից ստացել են 50.000-ից մինչև 3.000.000 ՀՀ դրամ  կաշառք, որն այնուհետև բաժանել են միմյանց միջև:

Բացի այդ, նշված անձինք իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին ապօրինի անգործություն դրսևորելու, այն է՝ քաղաքաշինական բնագավառում  խախտումների առկայության պայմաններում Երևանի կենտրոնական հատվածներից մեկում կառուցվող շինության՝ շահագործման հանձնելուց առաջ սահմանված նորմերի համապատասխանության վերաբերյալ ավարտական փաստաթղթերում եզրակացություն տալու գործընթացը կազմակերպելու համար տվյալ շինարարական կազմակերպության տնօրենից 2023 թվականի հոկտեմբեր ամսին պահանջել և ստացել են խոշոր չափերի՝ 3.000.000 ՀՀ դրամին համարժեք 7.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Այսպիսով՝ ՀՀ քաղաքաշինության,  տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի վերը նշված 6 պաշտոնատար անձինք, այդ թվում՝ երկու ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի տարբեր հասցեներում կառուցվող շինությունների 9 սեփականատերերից 2023 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ընդհանուր առմամբ որպես կաշառք ստացել են 8,800 ԱՄՆ դոլար և 5 մլն ՀՀ դրամ:

Կաշառք ստանալու համար պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի տարբեր մասերով, իսկ վերջիններիս կաշառք տված շինությունների սեփականատերերին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի տարբեր մասերով:

Պաշտոնյաներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930