Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ Գլխավոր քարտուղարն անդրադարձել են Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին

Ապրիլ 08,2024 15:58

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Հանդիպումը կայացել է ԵԽ ԳՔ՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային կայունության հարցեր։

Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի միջև կարևոր ու արդյունավետ համագործակցությունը՝ միտված օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ՀՀ կառավարության առաջնահերթյունների ու բարեփոխումների օրակարգի կյանքի կոչմանը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵԽ 2023-2026 թվականների Գործողությունների ծրագրի իրականացմանը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է նաև նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումից և ԼՂ էթնիկ զտումից հետո ԵԽ արագ արձագանքը, այդ թվում՝ նոր մարտահրավերների հասցեագրման նպատակով նշյալ ծրագրի հարմարեցման կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի՝ հատկապես խոցելի խմբերի իրավունքների միջնաժամկետ ու երկարաժամկետ կարիքների հասցեագրման շուրջ, ինչի առնչությամբ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է ջանքերն այդ ուղղությամբ, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ Գլխավոր քարտուղարն անդրադարձել են Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունն ու ջանքերը՝ նշելով թշնամանքից զերծ մթնոլորտի ձևավորման, առանցքային հարցերում հստակ հանձնառության կարևորությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու առանցքային հարցերի՝ տարածքային ամբողջականության ճանաչման վերահաստատման, սահմանների անքակտելության և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերում ՀՀ մոտեցումները: Արարատ Միրզոյանը շեշտել է գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին հավատարմության կարևորությունը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930