Տարածաշրջանային հնարավորությունների ու ինքնիշխանության մարտահրավերների միջեւ
Որքան ակնհայտ է դառնում TRIPP-ի աշխարհաքաղաքական նշանակությունը, այնքան մեծանում է տարբեր երկրների շահերի բախման հավանականությունը
Եթե մինչ այժմ Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական նշանակությունը դիվանագիտական եւ քաղաքական հարթության վրա էր, ապա TRIPP նախագծի շուրջ եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի ստեղծումը փաստեց, որ կողմերը փորձում են անցնել դրանց գործնական իրականացմանը։ Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնի, Երեւանի եւ Բաքվի տարածած համատեղ հայտարարությունը, ըստ էության, արձանագրեց նախագծի առաջմղման նոր մեխանիզմի ձեւավորումը՝ այն տեղափոխելով քաղաքական համաձայնությունների մակարդակից դեպի ենթակառուցվածքային, ինժեներական եւ կազմակերպչական խնդիրների լուծման դաշտ։
Եռակողմ ձեւաչափը միավորում է երեք երկրների քաղաքականություն մշակողներին եւ տեխնիկական մասնագետներին։ Առաջին փուլում որոշվել է գործարկել տրանսպորտի եւ էլեկտրաէներգիայի հաղորդման ուղղություններով աշխատանքային խմբեր։ Այս ընտրությունը պատահական չէ։ Տրանսպորտային ենթակառուցվածքների եւ էներգետիկ հաղորդակցությունների զարգացումը ոչ միայն նախագծի հիմնական բաղադրիչներից է, այլեւ տարածաշրջանային փոխկապակցվածության ձեւավորման կարեւոր նախապայման։
Կարդացեք նաև
Միաժամանակ, տեխնիկական խմբերի գործունեությունը պետք է լուծի այն հարցերը, որոնք քաղաքական հայտարարությունների մակարդակում հաճախ մնում են չմանրամասնված. ենթակառուցվածքների տեղակայումը, դրանց տեխնիկական համատեղելիությունը, շահագործման սկզբունքները եւ տարածաշրջանային այլ հաղորդակցային համակարգերի հետ կապը։
Սա պետք է դիտարկել 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում։ Ներկայումս եռակողմ տեխնիկական խմբերի ստեղծումը փաստում է, որ ամերիկյան ներգրավվածությունը շարունակվում է եւ ստանում է ինստիտուցիոնալ բնույթ։
Հայաստանի համար այս հանգամանքը կարեւոր է մի քանի տեսանկյունից։ Նախ՝ նախագծի շուրջ ձեւավորվում է այնպիսի համագործակցության ձեւաչափ, որտեղ Հայաստանը հանդես է գալիս ոչ թե որպես արտաքին որոշումների պասիվ մասնակից, այլ որպես գործընթացի անմիջական կողմ։ Երկրորդ՝ ամերիկյան ներգրավվածությունը կարող է որոշակիորեն հավասարակշռել տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը՝ ստեղծելով լրացուցիչ քաղաքական եւ տնտեսական շահագրգռվածություն Հայաստանի տարածքով հաղորդակցությունների զարգացման հարցում։
Սակայն այստեղ կա նաեւ խնդրի հակառակ կողմը. որքան մեծանում է նախագծի աշխարհաքաղաքական նշանակությունը, այնքան ավելի մեծ է դառնում դրա շուրջ տարբեր պետությունների շահերի բախման հավանականությունը։
Հիշեցնենք, որ TRIPP-ը նախատեսում է Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջանի հիմնական տարածքը կապել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ։ Ծրագիրը ներառում է երկաթուղի, ավտոճանապարհ, էլեկտրահաղորդման գծեր, նավթագազային ենթակառուցվածքներ եւ կապի համակարգեր։ Այսինքն, խոսքը միայն մեկ տարանցիկ ճանապարհի կառուցման մասին չէ։ Նախագծի նշանակությունը կարող է դուրս գալ հայ-ադրբեջանական հարաբերությունների շրջանակներից, սակայն այն կախված է Հայաստան-Ադրբեջան համաձայնությունից։
Միեւնույն ժամանակ, նախագծի գործնական իրականացումը դեռեւս չի նշանակում, որ բոլոր սկզբունքային հարցերն արդեն լուծված են։ Հատկապես կարեւոր են սահմանային եւ մաքսային ընթացակարգերը, անվտանգության ապահովման մեխանիզմները, մասնավոր օպերատորի լիազորությունների սահմանները, ինչպես նաեւ Հայաստանի տարածքում գործող պետական կառավարման համակարգի եւ նախագծի կառավարման կառույցների փոխհարաբերությունները։ Հետեւաբար, տեխնիկական խմբերի ստեղծումը կարելի է համարել կարեւոր առաջընթաց, բայց ոչ վերջնական համաձայնություն բոլոր հարցերի շուրջ։
Տնտեսական համագործակցությունն ու ռազմավարական հաշվարկները
TRIPP-ի գործնական առաջմղման առանցքային բաղադրիչներից է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ստորագրված ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։ Հոկտեմբերի վերջին ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը այն ներկայացրեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ ընդգծելով նախագծի իրականացման պայմանները եւ Հայաստանի իրավազորության պահպանման վերաբերյալ դրույթները։ Համաձայնագրի քաղաքական նշանակությունը պայմանավորված է ոչ միայն երկկողմ հարաբերությունների խորացմամբ, այլեւ նրանով, որ Միացյալ Նահանգները ստանձնում է երկարաժամկետ տնտեսական եւ կազմակերպչական մասնակցության դեր։ Նախատեսվում է ստեղծել TRIPP-ի զարգացման ընկերություն՝ ամերիկյան եւ հայկական կողմերի մասնակցությամբ։ Հրապարակված շրջանակային համաձայնագրի համաձայն՝ ամերիկյան կողմին նախատեսվում է բաժնեմասնակցության 74 տոկոսը, իսկ Հայաստանին՝ 26 տոկոսը։ Ընկերությունը պետք է գրանցվի Հայաստանում, իսկ ամերիկյան բաժնեմասը պատկանելու է ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի՝ DFC-ի կողմից ստեղծվելիք կառույցին։ Այս մոդելը ցույց է տալիս, որ նախագիծը դիտարկվում է ոչ միայն որպես պետական ենթակառուցվածքային նախաձեռնություն, այլեւ որպես երկարաժամկետ առեւտրային եւ ներդրումային հարթակ։
Հիշեցնենք, որ համաձայնագրով նախատեսվում է նաեւ, որ սկզբնական 49-ամյա ժամկետից հետո, կողմերի փոխադարձ համաձայնության դեպքում, իրավունքների ժամկետը կարող է երկարաձգվել եւս 50 տարով, իսկ Հայաստանի բաժնեմասնակցությունը կարող է հասնել 49 տոկոսի։ Այս հանգամանքը կարեւոր է ծրագրի տնտեսական տրամաբանությունը գնահատելու համար։ Հայաստանի համար նախատեսվող մասնակցությունը պետք է դիտարկել ոչ միայն ընկերության բաժնետոմսերի չափով, այլեւ այն հարցով, թե ինչպիսի իրական ազդեցություն կունենա հայկական կողմը կառավարման, ներդրումային որոշումների, շահագործման եւ եկամուտների բաշխման գործընթացներում։
Միացյալ Նահանգների շահը նախագծում բավականին հստակ է։ TRIPP-ը կարող է ամերիկյան ընկերությունների համար նոր առեւտրային եւ ներդրումային հնարավորություններ ստեղծել՝ միաժամանակ ամրապնդելով Վաշինգտոնի ներկայությունը Հարավային Կովկասում։
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հայտարարությունը, թե նախագիծը համահունչ է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, միաժամանակ ընդգծում է ամերիկյան ռազմավարական ու տնտեսական շահերի համընկնումը։ Ալենի գնահատմամբ՝ հարեւան երկրների միջեւ առեւտրային կապերը կարող են նվազեցնել պատերազմի հավանականությունը, քանի որ ճանապարհներն ու երկաթուղիները ոչ միայն ապրանքներ են տեղափոխում, այլեւ փոխադարձ վստահություն ձեւավորում։ Այս մոտեցումը արտահայտում է տնտեսական փոխկախվածության միջոցով քաղաքական կայունություն ապահովելու ամերիկյան ռազմավարական տրամաբանությունը։ Սակայն պետք է նկատել, որ տնտեսական փոխկապակցվածությունն ինքնին դեռեւս խաղաղության երաշխիք չէ։ Այն կարող է նպաստել կայունությանը միայն այն դեպքում, երբ առկա են քաղաքական կամք, փոխադարձ պարտավորությունների կատարում եւ անվտանգության բավարար մեխանիզմներ։
Հայաստանի համար ամերիկյան ներգրավվածության կարեւոր առավելություններից մեկն այն է, որ Սյունիքի հաղորդակցային նախագծի իրականացումը կարող է դառնալ հայ-ամերիկյան համագործակցության ավելի լայն համակարգի հիմք։ Այդուհանդերձ, ներդրումային հնարավորությունները չպետք է նույնացնել ինքնաբերաբար երաշխավորված տնտեսական շահույթի հետ։ Հայաստանի համար կարեւոր է ապահովել, որ ծրագրի տնտեսական արդյունքները լինեն չափելի, հասանելի եւ երկարաժամկետ, իսկ ստանձնած պարտավորությունները՝ համարժեք ակնկալվող օգուտներին։
«Խաղաղության խաչմերուկը» եւ TRIPP-ը
Հայաստանի իշխանությունները TRIPP-ը ներկայացնում են որպես «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տրամաբանական շարունակություն եւ գործնական բաղադրիչ։ Երկու նախագծերի գաղափարական հիմքում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, առեւտրային կապերի ընդլայնման եւ Հայաստանի տարանցիկ հնարավորությունների օգտագործման նպատակն է։ Սակայն դրանց միջեւ կարեւոր տարբերություն կա. «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի առաջարկած ավելի լայն տարածաշրջանային տեսլականն է, մինչդեռ TRIPP-ը կոնկրետ աշխարհագրական ուղղություն եւ միջազգային մասնակցությամբ ենթակառուցվածքային ծրագիր է։
Այստեղ առանցքային հարց կա. արդյո՞ք Հայաստանի համար նախատեսվող տնտեսական եւ տարանցիկ առավելությունները կլինեն համարժեք այն պարտավորություններին, որոնք ՀՀ-ն ստանձնում է նախագծի շրջանակում։ Հայաստանի իշխանությունները խոսում են փոխադարձ առավելությունների մասին, սակայն դրանց բովանդակությունը պետք է հստակ արտահայտվի գործնական մեխանիզմներով։ Մասնավորապես, կարեւոր է պարզել, թե ինչպիսի պայմաններով են Հայաստանի քաղաքացիներն ու բեռնափոխադրողները կարողանալու օգտվել Ադրբեջանի տարածքով անցնող հնարավոր երթուղիներից, եւ արդյոք այդ հնարավորությունները կլինեն համարժեք այն տարանցիկ ռեժիմին, որը նախատեսվում է Ադրբեջանի համար՝ Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան։
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանական քննարկման ընթացքում, օրինակ, ընդունել էր, որ Հայաստանի քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով անցման հարցը դեռ ճշգրտման կարիք ունի։ Նրա դիտարկմամբ՝ թվային գործիքները, նախապես հայտարարագրումը եւ նույնականացման համակարգերը կարող են հետագայում կիրառվել նաեւ հակառակ ուղղությամբ։ Սակայն սա դեռեւս քաղաքական հայտարարության կամ կանխատեսման մակարդակում է եւ չի կարող դիտարկվել որպես Ադրբեջանի ստանձնած հստակ պարտավորություն։ Նա նաեւ ընդգծել էր, թե հայ-ամերիկյան համաձայնագիրը չէր կարող Ադրբեջանի համար պարտավորություններ սահմանել, քանի որ Բաքուն այդ փաստաթղթի ստորագրող կողմը չէ։
Այս հանգամանքը բացահայտում է նախագծի կառուցվածքային առանձնահատկություններից մեկը։ TRIPP-ի իրականացման համար առկա է հայ-ամերիկյան իրավական շրջանակ, բայց դրա ամբողջական տարածաշրջանային արդյունավետությունը կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առանձին պայմանավորվածություններից։ Այսինքն՝ Վաշինգտոնի եւ Երեւանի համաձայնությունը կարող է ստեղծել ենթակառուցվածքային եւ ներդրումային հիմք, սակայն չի կարող ինքնուրույն լուծել հայ-ադրբեջանական փոխադարձության բոլոր հարցերը։
Նախագծի տնտեսական կենսունակության համար կարեւոր է նաեւ ճանապարհների մրցունակության հարցը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերջերս Սյունիք կատարած այցից հետո նշել էր, որ երկաթուղու հնարավոր տեղակայման հարցում հիմնական ուղղությունը հստակ է, մինչդեռ ավտոճանապարհի որոշ բարդ հատվածների վերաբերյալ դեռեւս անհրաժեշտ է մոդելավորում։ Նրա ընդգծմամբ՝ վերջնական լուծումը պետք է ապահովի ճանապարհի մրցունակությունը տարածաշրջանային մակարդակում։ Այսինքն, տարանցիկ ենթակառուցվածքի արդյունավետությունը որոշվում է ոչ միայն դրա աշխարհագրական դիրքով, այլեւ բեռնափոխադրումների արժեքով, արագությամբ, անվտանգության պայմաններով եւ այլընտրանքային երթուղիների համեմատ առավելություններով։
Եթե TRIPP-ը չապահովի տնտեսական առումով մրցունակ ծառայություններ, ապա այն կարող է մնալ քաղաքական նշանակություն ունեցող, բայց սահմանափակ տնտեսական արդյունքներով նախագիծ։ Հետեւաբար, Հայաստանի շահերից է բխում ոչ թե միայն ճանապարհի կառուցումը, այլեւ այնպիսի համակարգի ձեւավորումը, որը կխթանի տեղական բիզնեսի մասնակցությունը, կստեղծի աշխատատեղեր, կզարգացնի ենթակառուցվածքների սպասարկման ոլորտը եւ կբարձրացնի Սյունիքի տնտեսական ներուժը, այլ ոչ թե հակառակը՝ կստեղծի նոր մարտահրավերներ Սյունիքի համար։
Ինքնիշխանության եւ անվտանգության հարցը. TRIPP-ի ամենազգայուն խնդիրը
TRIPP-ի շուրջ հանրային եւ քաղաքական քննարկումների ամենազգայուն թեման Հայաստանի ինքնիշխանության պահպանումն է։ Հարցը հատկապես կարեւոր է Սյունիքի աշխարհագրական դիրքի եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմական ու անվտանգային բարդությունների պատճառով։ Հայաստանի իշխանությունները պարբերաբար ընդգծում են, թե նախագիծը կիրականացվի Հայաստանի ինքնիշխան տարածքում, եւ երկիրը կպահպանի լիակատար իրավազորությունը։ Սակայն այդ սկզբունքի գործնական բովանդակությունը պետք է գնահատել ոչ միայն պաշտոնական հավաստիացումներով, այլեւ համաձայնագրով նախատեսված կառավարման եւ վերահսկողության մեխանիզմներով։
ԱԳՄԱ նախարար Միրզոյանի խորհրդարանական պարզաբանումները վկայում էին, որ TRIPP-ի շրջանակում քննարկվում է սահմանային եւ մաքսային ընթացակարգերի թվայնացված մոդել։ Նա ներկայացրել էր այն հնարավորությունը, որ ուղեւորները կամ բեռները կարող են նախապես էլեկտրոնային եղանակով հայտարարագրվել, նույնականացվել թվային գործիքներով եւ անցնել համապատասխան ստուգումներ՝ առանց յուրաքանչյուր դեպքում հայ մաքսավորի կամ սահմանապահի հետ անմիջական շփման։ Միաժամանակ, կասկածելի իրավիճակների կամ բեռների դեպքում որոշումները պետք է ընդունվեն Հայաստանի համապատասխան պետական մարմինների կողմից։
Այս մոտեցմամբ, թերեւս, նպատակ են հետապնդում բարձրացնել տարանցման արագությունն ու արդյունավետությունը, նվազեցնել վարչարարական խոչընդոտները։ Սակայն մյուս կողմից՝ այն պահանջում է հստակ սահմանազատել տեխնիկական սպասարկման եւ պետական իշխանության գործառույթները։ Թվային համակարգը կարող է հեշտացնել ընթացակարգերը, բայց չի կարող փոխարինել պետության իրավասությանը՝ որոշելու, թե ով եւ ինչ պայմաններով է հատում իր սահմանը։
Հատուկ ուշադրության է արժանի նաեւ մասնավոր օպերատորի հնարավոր ներգրավումը։ Շրջանակային համաձայնագրով նախատեսվում է, որ սահմանային անցակետերի՝ քաղաքացիների եւ բեռնափոխադրողների հետ անմիջական շփման գործառույթներում կարող են ներգրավվել մասնավոր օպերատորներ՝ Հայաստանի եւ TRIPP-ի զարգացման ընկերության փոխադարձ համաձայնությամբ։ Այսպես կոչված՝ «ֆրոնթ օֆիս-բեք օֆիս» մոդելի շրջանակում մասնավոր կառույցը կարող է իրականացնել սպասարկման որոշ գործառույթներ, մինչդեռ պետական մարմինները կպահպանեն մաքսային, սահմանային եւ իրավապահ վերահսկողության լիազորությունները։
Այստեղ անհրաժեշտ է տարբերակել պետական ինքնիշխանության իրավական պահպանումը եւ դրա գործնական իրականացումը։ Այն փաստը, որ պետական մարմինները պահպանում են որոշումների ընդունման իրավունքը, կարեւոր է, սակայն բավարար չէ, եթե գործնականում պետական վերահսկողության մեխանիզմները հստակ եւ արդյունավետ չեն գործում։ Մասնավոր օպերատորի լիազորությունները, պատասխանատվության շրջանակը, տվյալների հասանելիությունը, պետական մարմինների հետ փոխգործակցության կարգը եւ արտակարգ իրավիճակներում գործողությունների հերթականությունը պետք է մանրամասն կարգավորվեն։
Շրջանակային համաձայնագրով Հայաստանի իշխանություններին վերապահվում են անվտանգության, իրավապահ գործունեության, սահմանային վերահսկողության, մաքսային եւ միգրացիոն քաղաքականության, պետական տեղեկատվական համակարգերի ու վարչարարության գործառույթները։ Նախատեսվում է նաեւ, որ արտակարգ իրավիճակներում ՀՀ մարմիններն ունեն առաջնային լիազորություններ, իսկ ենթակառուցվածքների անվտանգության պլանները ենթակա են Հայաստանի հաստատմանը։ Միաժամանակ, փաստաթուղթը նախատեսում է մասնավոր անվտանգության աշխատակիցների հնարավոր ներգրավում՝ Հայաստանի օրենսդրությամբ սահմանված լիցենզավորման պայմաններով։
Սակայն քաղաքական քննարկումների ընթացքում առաջացած մտահոգությունները միայն իրավական ձեւակերպումներով չեն վերանում։ Ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես, ուշադրություն են հրավիրել Ադրբեջանի այն ակնկալիքի վրա, որ նրանց քաղաքացիները TRIPP-ով անցնելիս անմիջական շփում չունենան հայ սահմանապահների հետ։ Այդ համատեքստում մասնավոր օպերատորի ներգրավումը մեկնաբանվում է որպես ադրբեջանական պահանջներին ընդառաջելու հնարավոր քայլ։ Իշխանությունները, հակառակը, պնդում են, թե խոսքը սահմանային վերահսկողության փոխանցման մասին չէ, այլ սպասարկման գործառույթների կազմակերպման։
Այս հակադրությունը փաստում է, որ խնդիրը միայն իրավական չէ։ Հայաստանի տարածքով անցնող երթուղու գործարկումը չի կարող հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ Հայաստանի քաղաքացիների կամ պետական մարմինների ներկայությունը դիտարկվի որպես անցանկալի հանգամանք։ Պետական ինքնիշխանությունը պետք է արտահայտվի ոչ միայն փաստաթղթերում, այլեւ ամենօրյա գործնական ընթացակարգերում։ Հակառակ դեպքում ստեղծվում է իրավական եւ քաղաքական ընկալումների միջեւ վտանգավոր խզում։
Շարունակությունը՝ վաղվա համարում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.11.2026



















































