Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ն ուղղակի փախստականի ճամբար է, արժանի չենք ստեղ սովորելու, եկել ենք փախստականի ճամբար է, դե ոչինչ… հատվածներ՝ Փաշինյանի դասախոսությունից

Ապրիլ 15,2024 23:44

Ինչքանով է պետությունը դիմադրում այն հարձակումներին, մարտահրավերներին, որոնց գրեթե ամեն օր ենթարկվում է Հայաստանի հանրապետությունը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ժողովրդավարության դպրոցում «Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» վերնագրով դասախոսության ժամանակ նման հարց ուղղվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Այն, ինչ ընդդիմությունը բարձրացնում է, ասում է, ամեն ինչ մեր մեջ էլ կա: Սոցիալ-հոգեբանական մակարդակում մեր ընկալումները նույնն են, քաղաքական մակարդակում ենք բաժանված: Քաղաքական մակարդակում փոխելու համար պետք է սոցիալ-հոգեբանական մակարդակում փոխել: Մեր թեզը ո՞րն է, սոցիալ-հոգեբանական թեզը՝ հերիք է հայրենիք փնտրենք, մենք գտել ենք մեր հայրենիքը ի դեմս անկախ պետության»,- ասաց վարչապետը:

Նրա համոզմամբ՝ հոգեբանական խորը տրավմայի հետեւանք է, երբ պետություն ունենալով՝ հայրենիք ես փնտրում. «Ո՞րն է այդ տրավման, այդ տրավման 1915 ի Մեծ եղեռնն է, չենք կարողացել հաղթահարել, այն իմաստով, որ մեզ հետ խոսենք էդ թեմայով, անընդհատ ուրիշների հետ ենք խոսում, փորձում ենք ապացուցել: Մենք՝ պետություն ունեցող ժողովուրդը, չպետք է հայրենիք փնտրի, գտել ենք այդ հայրենիքը»:

Դասախոսությանը ներկաներից մեկն էլ մտաբերեց, որ 2018-ին հոգեբանական տրավմա է ստացել, դիպլոմների արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել Արեւմտյան Հայաստանում: Ըստ այդ մասնակցի՝ հարց է առաջանում՝ ինչու հենց այդտեղ դիպլոմները հանձնել, ստացվում է, որ ուրիշի պետության մեջ ստանում ենք մեր Երեւանի պետական համալսարանի դիպլոմը: Նրա խոսքով, պետք է փոփոխություն արվի, որովհետեւ, երբ վերադարձել էր Արեւմտյան Հայաստանից, երկար չէր կարողանում ուշքի գալ: Ըստ նրա՝ անցել է վեց տարի, բայց հուզական դաշտը պահպանվել է: Նրա համոզմամբ՝ պետությունը մեծ գործիքակազմ պետք է կիրառի:

Այս դիտարկմանն ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ իսկ Թուրքիան ինչո՞ւ է դա թույլ տալիս ու պատասխանեց նաեւ իր հարցին, որովհետեւ դա իրեն պետք է, որ ինչպես մենք ասում ենք Արեւմտյան Հայաստան, այնպես էլ Հայաստանը լինի Արեւմտյան Ադրբեջան կամ Արեւելյան Թուրքիա.

«Ինտուիտիվ գալիս են, ասում՝ գնացինք Արեւմտյան Հայաստան դրոշը բարձրացրինք, դիպլոմը տվեցինք, պսակվեցինք, քավորություն արեցինք, էս արինք, էն արինք: Ձեր ասածը մեր տեսակետից ՝ սա տեղ չի, որ կարելի է դիպլոմ տալ: ԵՊՀ-ն ուղղակի փախստականի ճամբար է, արժանի չենք ստեղ սովորելու, եկել ենք փախստականի ճամբար է, դե ոչինչ, շենք է բան ա, սարքել ենք: Ընդորում՝ փախստականի ճամբար լինելով՝ սրբություն է, բա քանի սերունդ փախստական է էդտեղով անցել, բայց դիպլոմը ստանալու տեղ չի, դիպլոմը Անիի ավերակներում պիտի ստանանք»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930