Երեկ ձերբակալել են գյումրեցի ընդդիմադիր ակտիվ քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին։
Ինչպես ճշտեցինք նրա շրջապատի մարդկանցից, Կարապետ Պողոսյանը գնացել էր Վարդենիս՝ մասնակցելու Բագրատ Սրբազանի հանրահավաքին։ Պարեկային ծառայության աշխատակիցները նրան դուրս են հանել հանրահավաքի շարքերից ու տեխզննման փաստաթուղթ չունենալու հիմքով առգրավվել մեքենան, այնուհետ նրան տարել են Մարտունու ոստիկանության բաժին ու ձերբակալել։ Նրան ձերբակալել են խուլիգանություն կատարելու կասկածանքով։
Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով , որ իրեն տանում են Մարտունու բաժին։
«Ինձ ապօրինի տարան Մարտունու բաժին՝ երթի միջից»,-գրել է նա։
Կարդացեք նաև
Կարապետ Պողոսյանը պարեկային ծառայության մեքենայի միջից նաև ուղիղ եթեր է մտել՝ նշելով, որ իր գլխին գործ են սարքել, և որ իր կողքին նստած լեյտենանտը խոստովանել է, թե ցուցում է ստացել իրեն Մարտունու ոստիկանության բաժին տանելու։
Կարապետ Պողոսյանը նաև փաստաբանների աջակցությունն էր խնդրում։
ՀՀ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ «Հունիսի 5-ին, ժամը 17.10-ին, Արծվանիստ-Վարդենիս ճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի մարզի պարեկները կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա: Տրանսպորտային միջոցը չէր անցել տեխնիկական զննություն, մեքենայի կողային ապակիները մգեցված էին, վարորդը վարում էր առանց ամրագոտու և ծխում էր:
Դեպի Գեղարքունիքի մարզ ուղևորվող ավտոերթի մասնակից գյումրեցի 44-ամյա վարորդին ներկայացվել են մեքենան կանգնեցնելու բոլոր պատճառները, սակայն նա չի համաձայնել իրավախախտումների հետ, ստեղծել է կոնֆլիկտային իրավիճակ, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, սպառնացել ոստիկանության ծառայողներին և հայհոյանքներ հնչեցրել բարձրաստիճան ղեկավարների հասցեին: Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին: Այստեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ եղած պոլիէթիլենային տոպրակում գտնվող անձնական իրերի մեջ հայտնաբերվել է «լորազեպամ» տեսակի հոգեմետ դեղամիջոցի չորս հաբ: Սրանց վերաբերյալ վարորդը որևէ բացատրություն չի տվել, միայն հայտնել է, որ օգտվում է իր լռելու իրավունքից:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































