«Աշխարհում երեւի թե չի մնացել մի պետություն, որը լուրջ կընդունի կամ հավասարը հավասարին կվերաբերվի այդ ղեկավար կազմի մեջ Հայաստանի ղեկավարին: Բոլորս տեսնում ենք, որ կամ չարախնդում են, կամ պարտության սիմվոլի հետ շփվում են այլ հարթությունից, եւ այս ամենը մեր ազգի խայտառակությունն է: Երկրի ղեկավարի՝ նման լուսանկարներ հրապարակելը սոցցանցերում կամ իր պահվածքը՝ այլ երկրների ղեկավարների հետ, խայտառակություն է: Երբեւէ հայ ազգը նման խայտառակ ղեկավար չի ունեցել»,- «Հայելի» ակումբում ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այցելությանը Մոսկվա:
«Ցավոք սրտի, այն, ինչ ունենք այսօր, մեր ամոթն է: Հույս ունեմ, որ շատ կարճ ժամանակում կարող ենք ձերբազատվել ոչ միայն այդ խայտառակությունից, այլեւ պարտության դրոշակակիրներից ընդհանրապես»,-հույս հայտնեց Դավիթ Գալստյանը:
Ինչ վերաբերվում է ամեն օր Ալիեւի նոր պահանջներին, այս մասին էլ նշեց. «Դա բնական է, երբ մարդ պարտվել է, բայց պարտությունից հետո շարունակում է իշխանությունը պահել իր ձեռքում, հասարակությանը պետք է ինչ-որ բանով «կերակրի»: Այս պարագայում Նիկոլ Փաշինյանն ընտրել է Խաղաղության պայմանագրի Խաղաղության խաչմերուկ թեզը: Բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը չի ցանկանում Նիկոլ Փաշինյանի կամ ընդհանրապես Հայաստանի հետ խաղաղության մեջ լինել կամ պայմանագիր կնքել:
Ադրբեջանը հարյուրամյակի պատմություն ունի եւ միշտ եղել է հայության թշնամի: Մի պետության հետ, որտեղ դպրոցական դասագրքային մակարդակում գրում է, թե հայն իրենց թշնամին է, այս իշխանությունները պատրաստվում են խաղաղության պայմանագիր կնքել: Այդ պատրվակի տակ Ադրբեջանն օգտագործում է իր բոլոր հնարավորությունները, ինչը ցավոք հաջողվում է իրենց, ամեն անգամ նոր նախապայմաններ են առաջ քաշում, իսկ մեր պարտված իշխանությունները թուլամորթ լինելով՝ չեն կարողանում հայկական շահը առաջ տանել, ընդամենը մուրում են իրենց անձնական շահը»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































