Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկների նկատմամբ բռնությունը մեր հասարակության մեջ առկա ամենատարօրինակ երևույթներից մեկն է, որը լավ բան չի վկայում մեր մասին. Տիգրան Ավինյան

Մարտ 03,2025 16:37 Share

Երևանի «Շտապբուժօգնություն» ընկերությունը սեփական միջոցներով 7 նոր ժամանակակից ավտոմեքենա ձեռք կբերի: Արդյունավետ կառավարման շնորհիվ ընկերությունը սկսել է շահութաբեր աշխատել, որը հնարավորություն է տալիս ոչ միայն սեփական միջոցներով վերազինել հավաքակազմը, այլև հոգալ անհրաժեշտ կարիքները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաև բժիշկների նկատմամբ գրանցված ոտնձգության դեպքերին:
«Սրանք ցավալի դեպքեր են: Բժիշկների նկատմամբ բռնությունը մեր հասարակության մեջ առկա ամենատարօրինակ երևույթներից մեկն է, որն, անկեղծ ասած, լավ բան չի վկայում մեր մասին, մեր հանրության մասին։ Կարծում եմ՝ բարձրաձայնելու, դրա մասին հաճախակի խոսելու կարիք ունենք, ամեն նմանատիպ դեպքը պետք է արժանանա համապատասխան վերաբերմունքի և խոսքով, և իրավապահ համակարգի կողմից, որովհետև բժիշկներն իրենց ծառայությունն են իրականացնում։ Իրենց հիմնական նպատակը կյանքեր փրկելն է, մարդկանց առողջությունը պահպանելը»,- ընդգծել է քաղաքապետը:
***
Երևանյան 28 փողոցների լուսավորության արդիականացման ծրագրով այս տարի ևս մի շարք փողոցների վերգետնյա մալուխներն ամբողջությամբ կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով: Գործընթացը կիրականացվի Աբովյան, Արգիշտի, Մելիք Ադամյան, Նալբանդյան, Դեմիրճյան փողոցներում ու  Տիգրան Մեծի պողոտայում:

«Այս փողոցներում մենք պետք է նաև համապարփակ ծրագիր իրականացնենք մայթերի բարեկարգման ուղղությամբ, որպեսզի ամբողջական տեսք ստանանք: Մեր ծրագրերի այս համադրումը շատ արդյունավետ է այն առումով, որ փողոցները նոր տեսք են ստանում, ու փոխվում է ընդհանուր միջավայրը»,- նշել է Տիգրան Ավինյանը:
***
Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման և ուղևորների երթևեկությունն առավել  հարմարավետ դարձնելու նկատառումով։ Գործարկումից ի վեր 1-ին անգամ փոխվում են նաև շարժասանդուղքները: «Սասունցի Դավիթ» կայարանում կփոխարինվի երեք շարժասանդուղք, որից մեկն արդեն տեղադրված է: Ծրագրի ընդհանուր արժեքը 115 մլն դրամ է: Հարկ է նշել, որ «Գործարանային» կայարանում արդեն ծախսվել է շուրջ 220 մլն դրամ:

***
2019-2024թթ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից օրինականացվել է համայնքային հողամասերում՝ 945, իսկ մասնավոր հողամասերում՝ 3313 ինքնակամ կառույց, որի շնորհիվ համայնքային բյուջե է վճարվել 9 մլրդ 100 մլն դրամ: Զեկուցվել է, որ 2024թ. նկատվել է օրինականացման որոշումների թվի նվազում, որը հիմնականում պայմանավորված է Երևանի նոր գլխավոր հատակագծի հաստատմամբ, քանի որ փաստաթուղթը խիստ պահանջներ է առաջադրել, անգամ անհնարին է դարձրել հանրային տարածքներում տարերայնորեն կառուցված շինությունների օրինականացման գործընթացը: Անդրադառնալով բոլոր այն տներին, որոնք չունեն սեփականության վկայական կամ ինքնակամ են իրենց սեփական հողերի վրա, քաղաքապետ Ավինյանը նշել է, որ այդ բնույթի բոլոր դիմումներն  անխոչընդոտ ստորագրվում են: Ինչ վերաբերում է բնակելի թաղամասերի խնդրին և այդ տարածքներում մի քանի տասնյակ տարիներ առաջ կառուցված տներին՝ հանձնարարվել է թաղամասային տրամաբանությամբ խնդրին լուծում տալ՝ հանդիպելով բնակիչների հետ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31