«Որ շեշտում եք՝ 10 րոպե, իրականում ես 10 րոպե այնտեղ չեմ եղել. մոտեցել ենք, ծաղիկները դրել, դուրս ենք եկել: Մի րոպե, լավ երկու րոպե, բայց 10 րոպե ինքը կանգնել է այնտեղ, թե չի կանգնել, թե կես ժամ, ես չգիտեմ դրա մասին, չի էլ հետաքրքրում: Ինչ վերաբերում է՝ ես ասել եմ, թե չեմ ասել, եթե ասած լինեմ, ոչ մեկից չեմ վախենում, ոչ էլ ամաչում եմ, որ ասեմ՝ ասել եմ: Իրականում չեմ ասել: Մոտեցել եմ իր անվտանգության աշխատողին, ասել եմ՝ ինչու է իրավիճակը սրում, թող ծաղիկները դնի, գնա: Եթե ուզում եք ճիշտն իմանալ, նրան հարցրեք»,- այսօր Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանում իր վերջին խոսքն ասաց «Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամ 68-ամյա Տիգրան Դերմոյանը` արձագանքելով հանրային մեղադրողի մեղադրական ճառին:
Հիշեցնենք նաեւ, որ 2024 թվականի ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դստեր՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ընթացքում «Ազգային ժողովրդավարական բևեռի» մի քանի անդամներ, այդ թվում Տիգրան Դերմոյանը վանկարկել են «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հողատու» եւ նմանատիպ արտահայտություններ: Ըստ մեղադրանքի՝ 68 ամյա տղամարդն իր այդ արտահայտություններով տարածել է ատելության խոսք, թշնամանք, նվաստացրել Աննա Հակոբյանի եւ նրա անչափահաս դստեր ինքնասիրությունն ու արժանապատվությունը:
Հիշեցնենք, որ այսօր Տիգրան Դերմոյանի գործով հիմնական դատալսումներն ավարտվեցին:
Կարդացեք նաև
Տիգրան Դերմոյանն ասաց նաեւ, որ նախաքննության ժամանակ քննիչը կանչել է գործով վկաներին, իրեն ոչինչ չի հարցրել, նստել իրար ականջին խոսել են, գրել են, թողել գնացել են . «Չգիտեմ էլ՝ ինչ են գրել: Սուտ է , չի եղել նման բան, ինչո՞ւ եք ստում, ինչ գրել տվել են, բերել կարդում եք, որ ի՞նչ: Ես չեմ վախենում ոչ մեկից, չի կարելի այդպես : Եթե մեղադրում են ինձ, թող մեղադրեն նրան, էդ երեխեն մեղք չէ՞ր, 10 րոպե ինչի՞ էր էդտեղ պահում, հոգեկան խանգարում կարող է իր պատճառով ստանար: 6 տարի մենք ենք իրենց ձեռքը հոգեկան խանգարում ստանում, ինձ ե՞ք մեղադրում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































