Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի հիմնական նպատակն է պատերազմ սանձազերծել, հրահրել Ադրբեջանին՝ հարձակվել Հայաստանի վրա, Լավրովը չպիտի այցելի Հայաստան»․ ցույց՝ ԱԳՆ մոտ

Մայիս 21,2025 12:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Россия не миротворец, Россия торговец, Россия предатель»,- այս եւ այլ վանկարկումներով այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անում ՀՀ ԱԳՆ շենքի մոտ՝ ընդդեմ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցի։ 

«Լավրովը չպիտի այցելի Հայաստան, Ռուսաստանն այլեւս չպետք է Հայաստանին վերաբերվի որպես ծայրագավառ։ Մենք այստեղ ենք, որպեսզի ցույց տանք, որ ՀՀ-ն ունի արժանապատվություն, արժանապատիվ քաղաքացիներ, եւ մենք թույլ չենք տա, որ Ռուսաստանն իր ուզած քաղաքականությունն առաջ մղի ադրբեջանցիների ու թուրքերի հետ համաձայնությամբ՝ մեր կյանքերի եւ տարածքների հաշվին։ Ակցիան ունի կոնկրետ նպատակ՝ Լավրովին ցույց տալու իր տեղը, թե որտեղ են գիշերում խեցգետինները»,- հայտարարեց «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

Նրա խոսքով՝ մենք ցեղասպանություն ապրած ժողովուրդ ենք եւ ուղղակի պարտավոր ենք գիտակցել այն ամենը, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի ու Ուկրաինայի ժողովրդի հետ։ «Ցեղասպանություն է տեղի ունենում Ուկրաինայի նկատմամբ, բայց մենք Ուկրաինայի հարցով չենք այստեղ, Ռուսաստանի վարած մարդատյաց, հայատյաց քաղաքականությունն է մեզ բերել այստեղ, հայաթափված Արցախի ճակատագիրն է բերել այստեղ եւ Ռուսաստանի անմիջական մասնակցությունն այդ բոլոր գործողություններին։ Մինչ օրս Ռուսաստանի հիմնական նպատակն է պատերազմ սանձազերծել, հրահրել, սադրել Ադրբեջանին՝ հարձակվել Հայաստանի վրա։ Եվ հայաստանյան որոշ շրջանակներ հենց այդ պատերազմին են սպասում։ Մենք համաձայն չենք այդ քաղաքականությանը եւ դրա համար ենք այստեղ։ Մենք հայտարարել ենք, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է մղում Հայաստանի դեմ, այդտեղ բանալի բառը պատերազմն է, պատերազմը վարում են թշնամիները, իսկ թշնամիները պիտի արժանանան մեր համաժողովրդական ցասումին եւ անհամաձայնությանը»,- ասաց Արման Բաբաջանյանը։

Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվել է Ռուսաստանի միջնորդությամբ, եւ Ռուսաստանը՝ որպես միջնորդ, ձախողել է այս հակամարտության մեջ իր դերակատարությունը։ Ոչ Արեւմուտքը, ոչ որեւէ այլ կողմ որեւէ պարտավորություն չի ունեցել Արցախի նկատմամբ, Ռուսաստանն ունեցել է, նոյեմբերի 9-ի փաստաթղթով Ռուսաստանը պարտավոր էր Արցախի հայության անվտանգությունը երաշխավորել, ոչ թե ամեն ինչ անել, որպեսզի ադրբեջանցիներին հրահրեր եւ սադրեր այն գործողություններին, որոնք տեղի ունեցան 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, Բաբաջանյանը պատասխանեց․ «Արցախն Ադրբեջանի կազմում շատ ավելի վաղ՝ 2020 թվականի նոյեմբերին ճանաչել էր Ռուսաստանի մարդասպան նախագահ Պուտինը»։ Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները պետք է որակական փոփոխությունների ենթարկվեն, ռազմավարական, դաշնակցային հարաբերություններից պիտի իրական հարաբերությունների մակարդակի ու որակի բերվեն։

Նշենք, որ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր այցելել է Հաղթանակի զբոսայգի: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նրան չի ուղեկցել, փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն է ուղեկցել։ Երեկ օդանավակայանում նույնպես Արարատ Միրզոյանը չի մասնակցել Լավրովի դիմավորման արարողությանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Ազատություն» ռ/կ-ի եւ «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031