«Ընդդիմություն ասելով՝ չեմ հասկանում միայն խորհրդարանում ներկայացված երկու քաղաքական ուժերը: Այսօր մեր ժողովրդի 80-85 տոկոսն ընդդիմություն է: Մեր ժողովրդի 80-85 տոկոսին այսօր ոչ մի խոսք, ոչ մի բառ ասելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ ժողովուրդը այստեղ հավաքված բոլորից, խորհրդարանում նստած պատգամավորներից, բոլորից լավ գիտի՝ ով է Նիկոլ Փաշինյանը, ինչ է անում ու որն է լուծումը: Լուծումը Փաշինյանին օր առաջ հեռացնելն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, որը նույնպես միացել էր Հայ Առաքելական եկեղեցուն աջակցություն հայտնող քաղաքացիների երթին դեպի Մայր տաճար:
Պարոն Ֆարմանյանի խոսքով, օրհասական վիճակում ենք, ու Հայաստանի նման երկրում ինչու պետք է այս տիպի ուխտեր լինեին: Լրագրողի հարցին՝ ինչու են նման ուխտեր լինում, պարոն Ֆարմանյանն այսպես արձագանքեց. «Որովհետեւ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ: Չխաբենք մեզ, ինքը հաղթել է այդ պատերազմում ու դեռ հաղթում է, կներեք ընդդիմությունն է պարտվել՝ չհամախմբվելով, մինչեւ վերջ գնալու վճռականության բացակայությամբ»:
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանն էլ նկատեց, որ Հայ Առաքելական եկեղեցու 1700 տարվա պատմության ընթացքում եկեղեցուն անդրադարձել են մոնղոլ-թաթարները, թուրք-սելջուկները, տարբեր նվաճողներ, բայց որեւէ մեկի կողմից հնարավոր չի եղել ենթարկեցնել եկեղեցուն: Ըստ նրա՝ եկեղեցուց վախը հասկանալի է, որովհետեւ եկեղեցին համախմբող է, եկեղեցու դեմ արշավը հասկանալի է, որովհետեւ այն ունի նաեւ դրսից եկող դրսեւորումներ: Զաքարյանի խոսքով՝ հայ ժողովրդի համար կարեւոր այս պահերին եկեղեցին շարունակում է իր ազգային օրակարգով առաջ շարժվել ու փորձելու է իր աջակիցներով ազգային օրակարգն անսասան պահել:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այսօր նշվում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, ինչի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվելու Միածնաէջ Մայր Տաճարում։ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնի առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ: Ի դեպ, Զվարթնոց տաճարից դեպի սուրբ Էջմիածին են երթով գնում ՀՀԿ ներկայացուցիչներն ու քաղաքացիները: Նրանք վանկարկում են ՝ «չարիքը պետք է հեռացվի օր առաջ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ