Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչ Ռուբենը դաժան եւ անարդար պայմաններում անազատության մեջ է, նրա կյանքն ինքնին դարձել է նրա անսասան հավատի վկայությունը». Վերոնիկա Զոնաբենդ

Սեպտեմբեր 08,2025 12:10

Սեպտեմբերի 7-ին Բեւեռլի հիլզի «Հիլթոն» հոթելում կայացավ Հայ կրթական հիմնարկության (ՀԿՀ, Armenian Educational Foundation, AEF) 75-ամյա հոբելյանին նվիրված մեծ միջոցառում, որին մասնակցում էին կրթության ոլորտի ավելի քան 2000 նվիրյալներ:

«Որովհետեւ կրթությունը կարեւոր է» խորագրով միջոցառման ժամանակ ներկայացվեց 75 տարիների ընթացքում կատարված աշխատանքը՝ ավելի քան 6000 կրթաթոշակառուներ, ավելի քան 200 դպրոցների կառուցում եւ հիմնանորոգում, աջակցություն տարբեր կրթական ծրագրերին, ուսանողների կարիերայի զարգացմանը եւ այլն:

 

Այդ ամենը հնարավոր է եղել հիմնադրամին նվիրաբերված գումարների շնորհիվ: Միջոցառման ժամանակ երկար տարիներ ՀԿՀ-ին նվիրատվություններ արած Վահե Հակոբյանին տրվեց Ամբողջ կյանքի ծառայության համար մրցանակ, դոկտոր Ս.Լ. Մաքս Նիկիասին՝ Կրթական գերազանցության մրցանակ, իսկ Ռուբեն Վարդանյանին եւ Վերոնիկա Զոնաբենդին՝ Կրթական տեսլականի մրցանակ:

Ներկայացնելով վերջին մրցանակակիրներին՝ ՀԿՀ պլատինե նվիրատու Ալիս Պետրոսյանը ներկաներին հիշեցրեց, որ արդեն երկու տարի է դառնում, ինչ իր ողջ կյանքը աշխարհն ավելի լավը դարձնելուն նվիրած Ռուբեն Վարդանյանը անարդարացիորեն փակված է Բաքվի բանտում՝ Ադրբեջանի բռնապետ Ալիեւի հրահանգով: «Մենք աղոթում ենք, որ Ռուբեն Վարդանյանը շուտով ազատ կարձակվի, եւ հաջորդ տարվա կրթաթոշակների հանձնումը Երեւանում կլինի նրա ներկայությամբ»:

Իր խոսքում տիկին Զոնաբենդը շնորհակալ եղավ մրցանակի համար, նկատելով, որ, բնականաբար,կնախընտրեր այս բեմին կանգնած լիներ ամուսնու հետ միասին: «Թեեւ ծնվել եմ ռուսական հրեական ընտանիքում, բայց ես ինձ իդենտիֆիկացնում եմ որպես հայ՝ ընտրությամբ»,-ասաց նա:

Տիկին Զոնաբենդը նաեւ ավելացրեց. «Մեր ծնողներից մենք սովորել ենք կրթության իրական արժեքը: Դա միակ ունեցվածքն է, որը ոչ ոք երբեք չի կարող խլել: Հայկական կրթական հիմնադրամի 75-ամյակը վկայում է այն կարևորության մասին, որը մեր ժողովուրդը տալիս է կրթությանը: Ռուբենի կիրքն ու սերը՝ կրթության միջոցով փոխել Հայաստանը, ինձ ոգեշնչեցին անել նույնը: Մինչ Ռուբենը կրում է իր ազատության կորուստը դաժան և անարդար պայմաններում, նրա կյանքն ինքնին դարձել է նրա անսասան հավատի վկայությունը»:

Հայ կրթական հիմնարկությունը հիմնադրվել է 1950 թվականին Լոս Անջելեսում`աջակցելու հայ ուսանողներին և կրթական հաստատություններին: Վաղ տարիներին ՀԿՀ-ն դպրոցներ է հիմնել Մերձավոր Արևելքում` այդ թվում Լիբանանում, Հունաստանում և Սիրիայում: 1960-1970 թթ-ին ՀԿՀ-ն ԱՄՆ-ում ֆինանսավորում էր հայկական ամենօրյա դպրոցներին: 1986 թ-ին UCLA-ի համալսարանում հիմնադրվեց Ռ. Հովհաննիսյանի անվան նորագույն պատմության ամբիոնը, որի համար Հայ կրթական հիմնարկությունը նվիրաբերեց $500,000: 1988 ավերիչ երկրաշարժից հետո Հայ կրթական հիմնարկության ուշադրությունն ամբողջովին ուղղվեց դեպի Հայաստան, և 1991 թ-ին անկախացումից հետո հիմնարկությունն իր գրասենյակը հիմնեց Երևանում: Այս տարիների ընթացքում Հայ կրթական հիմնարկությունը 200-ից ավելի դպրոց է վերանորոգել ու հիմնանորոգել Հայաստանում, Արցախում և Ջավախքում: Հարյուրավոր ուսանողներ տարիներ շարունակ ստացել են կրթաթոշակներ` ուսման ամբողջական վճարի չափով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930