Այս հոդվածը «Հայաստանի վերջին հնարավորությունը» հոդվածին կից երկրորդ հավելվածն է, ընդլայնելու և ապացուցելու այնտեղ արտահայտված համոզումը, թե Հայաստանում բոլոր կարեւոր հարցերի շուրջ լուրջ քննարկումների ծավալումն ու լուծումների փնտրտուքը անհրաժեշտաբար պետք է տեղի ունենա պանթյուրքիստական ծրագրի գոյության փաստի պարտադրած պայմանների գիտակցման շրջանակներում, մինչդեռ սկսած 1990-91թթ.-ից, ամենալուրջ օրակարգերի և թեմաների շուրջ ծավալված քննարկումներն ու կայացված որոշումները իրենց հիմքում չեն ունեցել այդ փաստի արձանագրումը, ու այդ պատճառով ի սկզբանե եղել են իրականությունից կտրված:
Պանթյուրքիստական ծրագիրը գոյություն ունեցել է, և անցյալից ոչ պակաս համառությամբ գոյություն ունի այսօր, ընդունենք դա կամ ոչ:
Հայաստանի և հայ ժողովրդի առաջնային խնդիրը եղել և մնում է կառուցել այնպիսի պետություն և հասարակություն, որոնք ունակ կլինեն հնարավորինս դիմակայուն լինել այդ ծրագրի սպառնալիքներին: Միայն այդ պարագայում Հայաստանը կկարողանա գոյատեւել և բնականոն հարաբերություններ ունենալ իր հարեւանների հետ:
Դա էր խնդիրն սկսած 1990թ.-ից և 1991թ.-ից: Դա է խնդիրն այսօր, մեծագույն կորուստների և շարունակվող սպառնալիքների պայմաններում: Ու առանց այդ խնդրի լուծման սպառնալիքները կդառնան իրականություն և մենք կկորցնենք ամեն ինչ:
Կարդացեք նաև
Առանց այս ամենահիմնական խնդրի լուծման, մնացյալ բոլոր խնդիրները, կարեւոր լինելով հանդերձ, դառնում են անհեթեթ, ժամանակավրեպ և անիմաստ:
Արդ, սկսած 1991թ.-ից, Հայաստանում և ընդհանրապես հայկական շրջանակներում բանավեճերն ու քննարկումները եղել են վերջին հաշվով անհեթեթ, որովհետեւ նշված ամենաէական խնդրի լուծմանը տրվել է լավագույն դեպքում չորրորդական, եթե ոչ ութերորդական կարեւորություն:
Կարող ենք հերթով նշել Հայաստանի ու ընդհանրապես մտահոգ հայության քաղաքական և հասարակական կյանքն անվերջ խռոված հարցերի մի ամբողջ շարան:
1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեի բացառապես Խորհրդային Հայաստանի սահմաններում, առանց Արցախի և արցախցիների մասնակցության կայացումը ճի՞շտ որոշում էր, թե դավաճանական:
1997թ.-ին պե՞տք էր ընդունել հակամարտության լուծման Տեր Պետրոսյանի համաձայնած տարբերակը, թե դա կլիներ պարտվողականություն:
2016թ. հուլիսին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պե՞տք է ընդուներ 5 կամ 7 տարածքները հանձնելու Սերժ Սարգսյանի առաջարկը, թե ոչ:
2019թ․-ին Նիկոլ Փաշինյանը պե՞տք է ընդուներ Մինսկի խմբի կամ Լավրովի ծրագիրը, թե ոչ:
Վերջին երեք հարցադրումների դրական պատասխանների դեպքում հնարավոր լինելո՞ւ էր խուսափել պատերազմից, պարտությունից, Արցախի կորուստից և արդեն «բուն» Հայաստանի դիմագրաված թուրք-ադրբեջանական ետ-2020թ. պահանջներից ու սպառնալիքներից, թե ոչ:
Փաշինյանը պե՞տք է կատարած լիներ նոյեմբեր 9-10-ի հայտարարության 9-րդ կետը, թե ճիշտ արեց այն չկատարելով:
Հայաստանը պարտվեց ու Արցախը կորցրեց՝ Ռուսաստանի, իր դաշնակցային պարտավորությունները չկատարելու և թուրք-ադրբեջանամետ դիրքորոշում որդեգրելո՞ւ պատճառով, թե նրա այդ դիրքորոշումը Փաշինյանի կողմից՝ նրա նկատմամբ անպատասխանատու դիրքորոշումների հետեւանք էր:
Հայաստանը պե՞տք է պորտակապը խզեր Ռուսաստանից և դաշնակցեր արեւմուտքի հետ (ու պե՞տք է նույնն անի այսօր), թե տարածաշրջանում արեւմուտքի ու հատկապես ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցը Թուրքիան է ու նրանք իրենց շահերը պաշտպանում են վերջինի միջոցով, ու բացի այդ, արեւմուտքն ավելի մեծ շահեր է կիսում Ադրբեջանի, քան Հայաստանի հետ:
«Իրական Հայաստանը» Հայաստանի գոյության երաշխավորմա՞ն, թե հայկական ինքնության ոչնչացման գաղափարախոսություն է:
Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունները փրկություն ու խաղաղությո՞ւն են բերելու, թե հերթական կապիտուլյացիա:
Եվ սկզբունքային առումով ամենաարմատականն ու «նորաձեւը»՝ 1988թ. Ղարաբաղյան շարժման գաղափարախոսությունն ու 1990թ. օգոստոսի 23-ի Անկախության Հռչակագիրը Հայաստանի և հայ ժողովրդի վերածննդի՞ թե Հայաստան պետության «չստեղծման» շարժում ու հռչակագիր էին, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը:
Այս հարցերը, որոնց թվարկումը կարելի է շարունակել, բացարձակապես անկարեւոր չեն: Բայց դրանց լինի’ դրական, լինի’ բացասական պատասխանները ոչինչ չէին փոխելու (և չեն փոխելու) իրականությունից այնքան ժամանակ, որ լուծված չէր (և չէ) պանթուրքիստական ավելի քան սողացող ծրագրի դեմ Հայաստան պետության և հասարակության կողմից հնարավորինս առավելագույն դիմադրողունակության ձեռք բերման խնդիրը:
Ասվածը բացատրելու ու ապացուցելու համար վերցնենք 3 օրինակ:
Պատկերացնենք, օրինակ, որ 1991թ. սեպտեմբերի 21-ին քվեարկության դրված էր Հայաստանի և Արցախի միացման ու միասնական Հանրապետության հռչակման բանաձեւը, և խորհրդային Հայաստանի քաղաքացիներն ու խորհրդային Ադրբեջանից անջատում հայտարարած Լեռնային Ղարաբաղի բնակիչները քվեարկել էին հօգուտ այդ բանաձեւին: Արդյո՞ք դա նշանակելու էր, որ խնդիրն այդ ձեւ էլ ավարտվելու էր: Վստահաբար ոչ: Ադրբեջանն ու Թուրքիան չէին համակերպվելու և պատերազմն, այնուամենայնիվ, տեղի ունենալու էր: 90-ականներին փաստացի տեղի ունեցած պատերազմում հայերը հաղթեցին, և համարյա վստահաբար այդ դեպքում եւս հաղթելու էին: Բայց հաղթանակը պահելու համար Հայաստանը պետք է գիտակցեր, որ Ադրբեջանն ու Թուրքիան դիմելու էին ոչ միայն ռևանշի, այլ շատ ավելիի: Ու պետք է համակողմանիորեն պատրաստվեր ոչ միայն մինչեւ 1994, այլ մշտապես: Հետեւաբար միացյալ Հանրապետության հռչակումը դեռ ոչինչ չէր նշանակելու, եթե չկար պանթուրքիզմի վտանգի մշտական գիտակցումը ու դրան համապատասխան համալիր ռազմավարության մշակումն ու կիրառումը:
Բայց նույնիսկ Հայաստանի Հանրապետության առանց Արցախի հռչակման փաստը ցույց տվեց, որ դրանով պանթյուրքիստներին չես հանգստացնի: Ու նույնիսկ այդ պարագայում հնարավոր էր ապագա պարտությունից եթե ոչ վստահաբար խուսափել, ապա առնվազն այդ հավանականությունն իջեցնել նվազագույնի, եթե, գիտակցելով պանթուրքիզմի վտանգը, համապատասխան ռազմավարություն մշակվեր:
Երկրորդ օրինակը: Պատկերացնենք, որ Հայաստանի ու Արցախի վերնախավերը 1997-98թթ.-ին ընդունել էին հակամարտության լուծման Տեր Պետրոսյանի համաձայնած տարբերակը (փոխանակ այն մերժելու ու այդպիսով վերջինի հրաժարականը պատճառելու): Հիշենք, որ հակամարտող կողմերին ներկայացված այդ տարբերակը նախատեսում էր, որ հայկական ուժերը պետք է հանձնեին պատերազմի ընթացքում ձեռք բերած 7 շրջանները, իսկ ինչ մնում էր, այսինքն խորհրդային ժամանակաշրջանի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքն ու Լաչինի միջանցքը, պետք է մնար հայկական ուժերի դե ֆակտո վերահսկողության տակ, իսկ այդ տարածքի դե յուրե կարգավիճակը պետք է մնար առկախված, մինչեւ նոր տնօրինում: Արդյո՞ք դեպքերի նման զարգացումը նշանակելո՞ւ էր, որ հարցն այդպիսով փակվելու էր: Ոչ: Նախ, մենք չգիտենք, եթե Ադրբեջանը վերջին պահին չէր հրաժարվելու համաձայնությունն ստորագրելուց: 2001թ․-ին Կի Ուեստում կայացած պայմանավորվածության Հեյդար Ալիեւի տված համաձայնությունը, բայց Բաքու վերադառնալուց հետո դրժումը, ինչպես նաեւ 2011թ.-ին Կազանում լուծման այդ ժամանակվա առաջարկության Սերժ Սարգսյանի համաձայնելու պատրաստակամությունը, բայց Իլհամ Ալիեւի նոր պահանջների առաջադրումը հուշում են, որ նույնը կարող էր տեղի ունենալ նաեւ 1998թ.-ին: Բայց անգամ եթե այդ համաձայնությունը կայանար, դա բացարձակապես չէր նշանակելու, որ խնդիրն ավարտվում էր: Չմոռանանք, որ այդ տարբերակը Արցախի կարգավիճակը թողնում էր անորոշ, և Ադրբեջանը՝ հարմար համարած պահին, անկասկած, փորձելու էր հարցը լուծել հօգուտ իրեն: Որպեսզի դա չպատահեր, նույնիսկ համաձայնության կնքման դեպքում Հայաստանը պետք է առաջնորդվեր պանթյուրքիստական ծրագրի առկայության գիտակցմամբ և դրա իրականացման կանխման վճռականությամբ ու համապատասխան ռազմավարությամբ:
1997թ.-ի տարբերակը տապալվեց, բայց դրանից հետո եւս Հայաստանի նոր իշխանությունները չառաջնորդվեցին անհրաժեշտ ռազմավարությամբ: Հետեւաբար, այդ տարբերակն ընդունվեր կամ ոչ, Հայաստանի անելիքը պետք է լիներ միեւնույնը:
Երրորդ, «նորաձեւ» հանճարեղ պնդումը: Ենթադրել, որ 1988թ.-ի շարժման տեղի ունեցած չլինելու և 1990թ. Անկախության Հռչակագրում Արցախի՝ Հայաստանի հետ միավորման վերաբերող պարբերության բացակայության պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան ոչ մի նկրտում չէին ունենալու Հայաստանի նկատմամբ, և վերջինը ապրելու էր խաղաղության մեջ ու դառնալու՝ գերիշխան, բարգավաճ ու երջանիկ երկիր, մեղմ ասած մեծագույն միամտություն է: Ինչպես ասվեց, պանթուրքիզմը պայմանավորված չէ հայկական դիրքորոշումներով: Դա ավելի քան մեկ դարյա գաղափարախոսություն ու ռազմավարական ծրագիր է: Այն չի ավարտվել Երիտթուրքերի ֆորմալ պարտությամբ: Դա շարունակվել է Մուսթաֆա Քեմալի կողմից և դադար է վերցրել 1920թթ. հաստատված համաշխարհային նոր դասավորության պատճառով: Խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանը շարունակել է դա, իր հնարավորության սահմաններում: Ապացույցը՝ Նախիջեւանի ամբողջական հայաթափումը և Լեռնային Ղարաբաղում վարված հակահայկական քաղաքականությունն ու հայ բնակչության համամասնության անկումը 95%-ից 75%-ի: Ապացույցը՝ խորհրդային ժամանակաշրջանի վերջերին եւս Ադրբեջանը ղեկավարած Հեյդար Ալիեւի սեփական վկայությունն առ այն, որ ինքը հետեւողական աշխատանք է տարել Ղարաբաղում ադրբեջանական բնակչության թիվն ավելացնելու ու հայկականինը պակասեցնելու, տարածքը կլանելու նպատակով:
Խորհրդային Միության փլուզումը հնարավորություն ստեղծեց Թուրքիային ու Ադրբեջանին՝ հանգամանքների բերումով 1920թթ. դադար վերցրած պանթյուրքական ծրագիրը նոր թափով հետապնդելու: 1988թ.-ի շարժումն ու 1990թ.-ի Անկախության Հռչակագիրը ոչ մի կապ չունեն այդ ծրագրի վերակենդանացման հետ: Նույնիսկ եթե այնպես պատահած լիներ, որ Հայաստանում ու Արցախում ոչ մի շարժում տեղի ունեցած չլիներ, բայց ԽՍՀՄ-ն, այնուամենայնիվ, փլուզվեր ու Հայաստանը, առանց արցախյան «գլխացավանքի», դառնար միջազգային իրավունքի սուբյեկտ, դա ոչինչ չէր փոխելու: Նա պարտավոր էր լինելու գիտակցել պանթուրքիզմի սպառնալիքն ու համապատասխան ռազմավարություն մշակել: Կարելի է միայն երեւակայել, թե ինչպիսի՞ վիճակում կլիներ Հայաստանը հարյուր հազարավոր ազերիների ներկայության պայմաններում:
Կարող ենք վերեւում նշված բոլոր հարցերը քննարկել նույն եղանակով և կհանգենք միեւնույն եզրակացության:
Հետևաբար` Հայաստանի առջեւ ծառացած գլխավոր խնդիրը վերեւում թվարկված հարցերը չեն եղել և չեն, այլ բազում անգամ հիշատակված պանթյուրքիստական ծրագիրը: Այդ հարցադրումները լեգիտիմ կլինեին այն պարագայում, եթե դրանք վիճարկողների գլխում արդեն իսկ ամրագրված լիներ պանթուրքիզմի գոյության փաստը, ու բանավեճերը տեղի ունենային գոյութենական նշանակության այդ հիմնական խնդրի շրջանակներում: Բայց այդ խնդիրը բարձի թողի վիճակում է թողնվել թե’ 1990-91թթ.-ից մինչեւ 2008թ., թե’ 2008թ.-ից 2018թ., թե’ 2018թ.-ից 2020թ., և թե’ 2020թ.-ից հետո: Ավելին: 35 տարիների ընթացքում կատարվել է պահանջվածի հակառակը՝ պետական և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում տեղի է ունեցել դիմադրողականության խայտառակ հետընթաց, մի փուլում ավել, մի փուլում պակաս: Հետեւանքը 2020թ.-ին, 2023թ.-ին և այսօր մեր ունեցածից տարբեր չէր կարող լինել:
Այսօր եւս, Արցախի կորստի և Ադրբեջանի շարունակվող սպառնալիքների պայմաններում, Հայաստանին մնացած միակ և, ցավոք, արդեն փոքր հնարավորությունը նշված գոյութենական սպառնալիքի առկայության վերջապես խորը գիտակցումն ու համապատասխան համալիր ռազմավարության մշակումն ու կիրառումն է: Չկա այլ ճանապարհ:
Այդ ռազմավարության մեկնակետն ու դրա հաջողության առաջին երաշխիքը Սյունիքի և Մեղրիով՝ Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհի հայկական գերիշխանության պահպանումն է:
Եթե Հայաստանը կորցնի այդ գերիշխանությունը, Ադրբեջանի, (և Թուրքիայի) մյուս պահանջների («արեւմտյան ադրբեջանցիների» «վերադարձ», Հայաստանի ապառազմականացում, 150 միլիարդ դոլարի վնասի հատուցում եւ այլն) նույնիսկ առանց պատերազմական գործողությունների պարտադրումը կդառնա ժամանակի խնդիր ու Հայաստանը կմտնի վերացման վերջնական փուլ:
Ալեք ԵՆԻԳՈՄՇՅԱՆ