Կառավարությունը e-draft հարթակում հանրային քննարկման է դրել Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության մասին որոշման նախագիծը։
Նախագծի հակիրճ բնութագրի համաձայն՝ «Իրական Հայաստանի գեղագիտության հիմնական մոտեցումը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ հայացք դեպի ներս, որ օգնում է արդյունավետ հարաբերվել դրսի հետ։
«Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումն ու պետականության ամրապնդումը պետք է հիմնվի նաև Հայաստանի Հանրապետության բովանդակության արտահայտման և դրսևորման գեղագիտական ձևերի վրա, որոնց հստակ ձևակերպումը և այդ ձևերի խրախուսման քաղաքականությունը բացակայում է»:
Հիմնավորումը մասնավորապես հետեւյալն է:
Կարդացեք նաև
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումն ու պետականության ամրապնդումը պետք է հիմնվի նաև Հայաստանի Հանրապետության բովանդակության արտահայտման և դրսևորման գեղագիտական ձևերի վրա, որոնց հստակ ձևակերպումը և այդ ձևերի խրախուսման քաղաքականությունը բացակայում է։ Ընդ որում, գեղագիտական այդ ձևերի սկզբունքներն ու չափորոշիչները կարևոր են թե պետության՝ միջազգային և արտաքին հարթակներում ներկայացման տեսանկյունից՝ մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության տաղավարները տարբեր միջազգային ցուցահանդեսներում և հարթակներում, պետության արարողակարգային ներկայացումը տարբեր միջավայրերում ևն, այնպես էլ հանրային կյանքի կազմակերպման տեսանկյունից, որտեղ պետականության զգացողության ամրապնդումը քաղաքացիների շրջանում անկյունաքարային նշանակություն ունի։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները․
Հայաստանի Հանրապետության պետականության զարգացումը ենթադրում է ոչ միայն իրավական, օրենսդրական, տնտեսական բաղադրիչների զարգացում, այլ նաև Հայաստանի Հանրապետության պետականության զարգացմանը նպաստող գեղագիտական ձևերի խրախուսում և աջակցություն, որոնք գալիս են լրացնելու և ամրապնդելու պետական և հանրային կյանքի մյուս բաղադրիչները՝ ամրապնդելով քաղաքացիական գիտակցությունը, պետությանը պատկանելության զգացողությունը, Հայաստանի Հանրապետության գեղագիտական ներկայությունը հանրային կյանքում։ Ընդ որում, գեղագիտական այդ ձևերի համար սկզբունքների և չափորոշիչների սահմանումը անհրաժեշտ է նաև սեփական երկրի ճանաչողության տեսանկյունից՝ որպես առաջին հերթին սեփական ներկայի ճանաչողություն։
Ներկայումս առկա չէ Հայաստանի Հանրապետության պետականության զարգացմանը նպաստող գեղագիտության տեղորոշման և դրա հետագա աջակցության որևէ համակարգված մոտեցում։ Պետության կողմից գործող տարբեր ծրագրերն ու աջակցության մեխանիզմները, հետևաբար իմաստավորված չեն Հայաստանի Հանրապետության տեսանկյունից, ձեռնարկվող քայլերն առավելապես ունեն առանձին միջոցառումների և ծրագրերի բնույթ, ինչը կարող է առաջ բերել հակասական ուղերձներ, երբեմն՝ հակոտնյա իրողություններ, ինչը ազդում է թե երկրի ներսում քաղաքացիների ընկալումների վրա, թե միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության ներկայացման վրա։ Միաժամանակ անհրաժեշտ է, որ պետության կողմից իրականացվող քաղաքականությունները և ձևակերպված նպատակադրումները նաև գեղագիտական դրսևորում ունենան՝ ամբողջացնելով և տեսանելի դարձնելով դրանք բոլոր հարթություններում։
Ակնկալվող արդյունքը․
Հայաստանի Հանրապետության պետականության զարգացմանը նպաստող գեղագիտական սահմանված սկզբունքներ և չափորոշիչներ, որոնք հնարավոր են դարձնում այդ ուղղությամբ բովանդակության հետագա խրախուսումն ու աջակցությունը պետական քաղաքականության տարբեր գործիքակազմերով։
Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով սահմանված նպատակներին և սկզբունքներին, Հայաստանի վերափոխման ռազմավարությանը, մասնավորապես՝ Վերափոխման Ռազմավարության 1-ին և 16-րդ մեգանպատակներին, քանի որ ապահովելու է գիտելիքի, մշակույթի, գիտակցության և հմտությունների զարգացման միջոցով քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ և մրցունակ քաղաքացու ձևավորումը, ինչպես նաև ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստանի ստեղծումը և հայկական մշակույթի հանրահռչակումը։ Այն նաև ուղղակիորեն բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1951-Լ որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունից, մասնավորապես, մասնավոր նպատակ 1․1 գործողություն 5-ից, որն հատկապես ուղղված է անկախության շրջանի մշակութային ձևերի ուսումնասիրությանը և հանրահռչակմանը, ինչպես նաև մասնավոր նպատակ 3․1-ից, որի խնդիրն է նպաստել ազգային վերաինքնարժևորմանն ու ինքնաճանաչողությանը և այդ նպատակի շրջանակներում ձևակերպված գործողություններից։