«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը եւ դրա բացահայտման խնդիրներին՝ ասաց. «Իրականում խնդիրը մի քանի շերտ ունի: Ես երեկ լսեցի քննչականի պետին: Տպավորություն է, որ մարդը ուզում է հերքել, որ այդ սպանության մեջ քաղաքական ենթատեքստ կա: Բայց մյուս կողմից էլ, ըստ էության, հաստատում է, որ քաղաքական երանգներ կան:
Եթե չեմ սխալվում, փետրվար ամսին խնդիր են ունեցել քաղաքական հակադիր կողմերի երկու ներկայացուցիչ: Հետեւաբար, պետք է հասկանանք, որ եթե ասում են վենդետա, վրեժխնդրություն եւ այլն, դրա հիմքը որտեղի՞ց է գալիս, արդյոք քաղաքակա՞ն չէ հիմքը, միջանձնայինը ինչի՞ց է սրվել: Ինչքան հասկանում եմ, սրվել է ընտրությունների, քաղաքական այլ հակադրությունների ֆոնի վրա: Ու զարգանալով հասել է մի իրավիճակի, որ գնացել, մարդուն սպանել են: Եթե չեմ սխալվում, այդ գործով կալանավորված է սպանված Վալոդյայի եղբայրը: Այսինքն, այստեղ չտեսնել քաղաքական ենթատեքստ, այս սպանության քաղաքական երանգավորում չտալ, ինձ թվում է, առնվազն միամտություն կամ դիտավորություն է: Թող իրենք ընտրեն, թե որն է: Եթե միամտություն է, դա խոսում է իրավապահ համակարգի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի մասին, իսկ եթե դիտավորություն է, դա խոսում է իրավապահ համակարգի արդեն ոչ ճիշտ, ոչ օրինական որակների մասին:
Սա խնդրի մի կողմն է: Բայց ամենակարեւոր մասերից մեկը Նիկոլ Փաշինյանի կողմից այս քրեական գործի հետ կապված ուղղորդումն է: Հիշում ենք, որ սպանությունից մի քանի ժամ անց Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է անում ու ենթատեքստով, շատ դեպքերում՝ անուղղակի, առաջ է քաշում վրեժխնդրության պահ, ասում, որ ոստիկանները, իրավապահ համակարգը չկանխեցին եւ այլն: Ի՞նչ էր ուզում ասել: Մտածում էր. կարող է այդպիսի բան լինել եւ իրավապահ համակարգը պետք է կանխեր եւ ուղղորդում է:
Այդպիսի ուղղորդում ես հիշում եմ, երբ Վարդենիսում զինվորները այրվեցին: Ինքը նկարագրում էր, ու իմ մոտ այնպիսի տպավորություն էր, որ ինքը կողքին կանգնած նայել է: Այս վերջին քրեական գործն էլ, այն դեպքն էլ ինքը նկարագրում է, թե ինչպես տեղի ունեցավ: Եվ քննությունը գնաց այդ ուղղությամբ: Նույն ձեւով, կարծես, պատվերն իջեցվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, քննչականը, ոստիկանությունը, դատախազությունը, իրավապահ համակարգի մյուս բոլոր «վինտիկները» սկսում են աշխատել այդ ուղղությամբ՝ երեւի բաց թողնելով կամ չբացահայտելով շատ էական մանրամասներ: Իմ մոտ այդպիսի տպավորություն է:
Կարդացեք նաև
Սա խոսում է, նախ, Նիկոլ Փաշինյանի կառավարական այն որակների մասին, որ նա վաղուց հաստատել է այլասերված դիկտատորական ռեժիմ կամ ավտորիտար ռեժիմ: Ես երեկ մի գրառում էի արել, որ այս ամեն ինչը ամբողջացնելու համար մնացել է մի հատ Նիկոլյուգենդներ, մեկ էլ գեստապո՝ քաղաքական ոստիկանություն ստեղծի, որ մարդկանց սկսեն դատել: Հասել ենք այս մակարդակին: Բայց փաստացի դա արդեն անում են, եթե վերցնենք քաղաքական բանտարկյալներին, զինվորականներին: Այսինքն, քաղաքական ոստիկանությունը արդեն կա, մնացել է այդ ամեն ինչին իրավական տեսք ու ձեւ տալ»,- ասաց Դերենիկ Մալխասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ