Բագրատ Սրբազանի և մյուսների գործով անցնող միակ կինը՝ Լիդյա Մանթաշյանը, կշարունակի մնալ կալանքի տակ։
Այսօր նման որոշում կայացրեց դատավոր Կարեն Ֆարխոյանը, որն քննում էր մեղադրյալների խափանման միջոցի հարցը։
Մեղադրող կողմը միջնորդեց Լիդյա Մանթաշյանի կալանքը պահպանել՝ երկարացնելով ևս երեք ամսով, որը բավարարվեց դատարանի կողմից։
Կարդացեք նաև
Լիդյա Մանթաշյանի շահերը ներկայացնող փաստաբան Տաթևիկ Սողոյանը նշեց, որ ամեն նիստի գալուց առաջ փորփրում է դատական գործը, հատորները՝ հասկանալու, թե ի վերջո ինչու է մեղադրվում Լիդյա Մանթաշյանը, որ մի բան էլ պիտի մնա կալանքի տակ։
Փաստաբանն ասաց, որ Լիդյա Մանթաշյանը հինգ ամիս է՝ ոչ միայն գտնվում է կալանքի տակ, այլ արտաքին աշխարհից մեկուսացված է, նույնիսկ ԱԺ պատգամավորները իրավունք չունեն նրան այցելելու։
«Երբ փորձում եմ խորանալ՝ ի՞նչ ապացույց կա, մեղադրական եզրակացությունում ինչ հղում է արվում, պարզվում է՝ կա մի խոսակցություն Լիդյա Մանթաշյանի և Մովսես Շարբաթյանի միջև, որտեղ երկուսով գունավոր ծուխ են փորձարկում, նոթատետրեր են, իսկ այս քրեական գործի ընթացքում Լիդյան ավելի մեծ ջանասիրությամբ է սկսել նոթեր գրել, հանցանքի մասին չվկայող և ժողովրդական անցման այդ տխրահռչակ փաստաթուղթը, որը ևս որևէ տվյալ չէր պարունակում բռնի գործողություն կատարելու։ Երբ դրսում մարդիկ կամ լրագրողները ինձ հարցնում եմ, ասում եմ, չեմ հասկանում որպես իրավաբան, որպես մարդ, որպես կին, թե ինչո՞ւ է անհրաժեշտ Լիդյա Մանթաշյանին պահել կալանքի տակ», -ասաց Տաթևիկ Սողոյանը։
Փաստաբանը նաև նշեց՝ երբ ասում են անձը կարող է խոչընդոտել, միանգամից ասում են՝ նա այս դիրքը ունի, բայց այս կնոջ ամենաբարձր պաշտոնը եղել է բանկի մասնաճյուղում գլխավոր հաշվապահը, այն էլ մարզում։ Տավուշի թեմում էլ աշխատել է որպես մամուլի պատասխանատու։ Ըստ փաստաբանի, Երևան քաղաքում ի՞նչ կարող է անել Դիլիջանի մասնաճյուղերից մեկի գլխավոր հաշվապահն ու մամուլի պատասխանատուն, այդ մարդը ի՞նչ կարողություն պիտի ունենա վկաների վրա ազդելու, երբ նրանք նրա դեմ որևէ ցուցմունք չեն էլ տվել։
Փաստաբանը միջնորդեց կիրառել վարչական հսկողություն՝ համակցված բացակայելու արգելքով ու մինչև 2 միլիոն դրամի չափով գրավով։ Նա խնդրեց փոխել Լիդյա Մանթաշյանի կալանքի որոշումը, քանի որ կալանավայրը այս կնոջ տեղը չէ․ նա չի դրսևորել այնպիսի վարքագիծ, որ փորձի նենգափոխել որևէ բան։ Լիդիային, ըստ փաստաբանի, բնութագրում են որպես խիստ պարկեշտ մարդ, հոգևոր անձ։
«Հենց գնում եմ կալանավայր, խոսում է Աստվածաշնչից, հոգևոր թեմաներից ու ստիպված է սերիալներ նայել։ Եթե պարկեշտ մարդուն ուզում եք դարձնել հանցագործ, ուրեմն շարունակեք նրան պահել կալանավայրում, վստահաբար կալանավայրը իրեն ավելի լավը չի դարձնում»,- ասաց փաստաբանը։ Լիդյան, ըստ պաշտպանի, իր նոթատետրերում նշել է, որ «Սրբազան շարժման» մամուլի պատասխանատու է լինելու։
«Ո՞րն է Լիդյայի էդ աստիճան հանրային վտանգավորությունը, ինչո՞ւ համար Լիդյան․ չկա փախնելու ռիսկ, նոր հանցանք կատարելու ռիսկ, չկա որևէ փաստական տվյալ խոչընդոտելու ռիսկ»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ իր պաշտպանյալը երկու ամիսը մեկ տեսնում է քրոջը ու միայն իրեն՝ փաստաբանին, մայրը տարիքով է , չի կարողանում այցելել նրան։
«Ի՞նչ է նշանակում աղջկան, կնոջը պահել կալանավայրում»,-հարցրեց փաստաբանը։
Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցի հարցով խոսք հնչեցրեցին գրեթե բոլոր պաշտպանները։ Պաշտպաններից մեկն էլ նշեց, որ նա ողջ կյանքում նվիրված է եղել իր ընտանիքին, ազգին, որպես տղամարդ՝ վատ է զգում, որ Լիդյան կալանավորված է։
«Երբ նայում եմ Մանթաշյանին, կին, բարետես, հայուհուն համարժեք, ներկայացրել են այստեղ որպես տեռորիստի, ահաբեկչի, տպավորություն են ստեղծում, թե նա մեր ազգի Սոֆյա Պերովսկայան է։
Ի դեպ, նա ռուսական կայսրերից Ալեքսանդր 2-րդի դեմ մահափորձ կազմակերպողն էր, իրականացնողն էր, մահվան դատապարտեցին։ Ի՞նչ է՝ ուզում եք պետական մակարդակով մենք հավասարվենք նաև այս ոլորտով այլ երկրում տեղի ունեցած ահաբեկչությանը։ Կամ Մանթաշյանը նռնակ էր նետե՞լ, ինչպես Պերովսկայան Ալեքսանդր 2-րդ ուղղությամբ, որպեսզի սպաներ, որևիցե հիմնավոր արարք, որ իր մեջ կպարունակի հանցակազմ, չկա, հարգելի դատարան, ու ոչ միայն Լիդյայի մասով, այլ մնացած 17-ի, չնայած այս պահին խոսում ենք Մանթաշյանի մասին»։
Նա հարցրեց՝ ինչ իրավական հիմքով են նրան ազատությունից զրկել։ Դատարանին հիշեցրեցին, որ ՄԱԿ-ի կողմից ընդունվել է կին բանտարկյալների հետ հստակ վարվեցողության ու պատժի այլընտրանքային միջոցների մասին կանոններ։
Լիդյա Մանթաշյանն իր խոսքում ասաց, որ իր համար շատ տարօրինակ է, որ նույնիսկ Բագրատ Սրբազանին ողջ աշխարհը կարող է գնալ տեսակցության, նա կարող է զանգահարել ողջ աշխարհում իր մտերիմներին, իսկ ինքը չի կարող։
«Դա նույնիսկ քրեակատարողական հիմնարկում է տարօրինակ, ամեն անգամ ասում են՝ ո՞նց, քո արգելանքները դեռ չեն հանել, երբ գնում եմ զանգահարելու, իրենք գալիս են, տեսնեն՝ ես ում հետ եմ։ Տպավորություն է, որ ամբողջ քրեական գործի մեջ, բոլորս էլ գիտենք, որ շինծու գործ է, ամենավտանգավոր անձնավորությունը ես եմ։
Սա պատժի ձև է, գիտեմ ինչի համար են ինձ պատժում, հիմա չեմ ուզում բարձրաձայնել, որոշ պաշտոնյաների մասին ինֆորմացիա է իմ միջոցով հայտնի դարձել, իրենք նեղվում են դրանից»,- ասաց Լիդյա Մանթաշյանը։
Նա նշեց, որ քրեական գործում գրում են, որ ինքը Բագրատ Սրբազանի օգնականն է, իր համար պատիվ կլիներ, եթե այդպես լիներ։ Նա ասաց, որ ամբողջ ընթացքում լրատվությամբ է զբաղվել, ըստ նրա, այս գործը կարել են։
Նա նաև նշեց, երբ հնարավորություն է ունեցել կալանավայրում հեռուստատեսությունից օգտվելու, երբ նայել է, տեսել է ողջ քարոզչությունը ուղղված է նրան, որ ցույց տան՝ ինչ վտանգավոր խումբ է գործել։
«Եթե ես չլինեի ներգրավված այս քրեական գործում, կմտածեի շատ վտանգավոր անձ եմ ես, նույնիսկ ինձ ընդհանուր խցում չպետք է պահել, այլ պատժախցում, որովհետև շատ վտանգավոր հանցագործ եմ»,- ասաց Լիդյա Մանթաշյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































