«Հակոբ Արշակյանը հրաժարվում է ինձ ընդունելության արժանացնելուց, իսկ թե որն է պատճառաբանությունը, ԱԺ-ն Հակոբ Արշակյանի ու Ռուբեն Ռուբինյանի պարագայում նույնիսկ հայտնել է (ՄԻՊ գրասենյակին, որ դիմել եմ), որ նրանք հրաժարվում են ընդունել Էդգար Ղազարյանին որպես քաղաքական գործիչ: Այսինքն, գրավոր են հաստատել, որ խտրականություն են ցուցաբերում՝ պայմանավորված իմ քաղաքական հայացքներով»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Արթուն ենք» շարժման գործիչ Էդգար Ղազարյանը:
«Հակոբ Արշակյանի պարագայում մենք մի ուրիշ առանձնահատկություն էլ ունենք. Նախորդ ընդունելություններից մեկի հետ կապված, երբ ես հաղորդում էի տվել հանցագործության մասին, եւ քրեական վարույթ էր նախաձեռնվել, դատարանը պարտավորեցրել է նախաքննական մարմնին,որպեսզի հարուցեն քրեական գործ եւ իրականացնեն նախաքննություն: Դատախազությունն, իհարկե, դա բողոքարկել է Վերաքննիչ դատարան, բայց պարտավորեցնելու որոշումը կա:
Ամենայն հավանականությամբ, մենք այսօրով կդադարեցնենք ընդունելությունները, որովհետեւ ինձ համար այլեւս պարզ են մոտեցումները: Նոյեմբեր ամիսն արդեն ավարտվեց, ես միայն երկու խոսնակների հետ էի ընդունելություն նախատեսել, դեկտեմբերին այլեւս չեմ հերթագրվի, քանի որ արդեն կան իրավական պրոցեսները, բոլոր գործերով ես դիմել եմ դատարաններ:
Կարդացեք նաև
Երբ քննիչը վարույթը նախաձեռնի, վարութային գործողությունները նախատեսում են նաեւ առերեսում ենթադրյալ հանցագործների, այդ թվում եւ պարոն Հակոբ Արշակյանի հետ, կարծում եմ՝ մեր հանդիպումը կկայանա վարույթի շրջանակներում: Եվ շուտով նրանք պատասխանատվության կենթարկվեն: Ասեմ ձեզ, որ իմ մոտ արդեն ձեւավորվել է ՔՊ խմբակցության ներսում 24 հոգանոց մի ներքին խմբակցություն, այսինքն՝ 24 ենթադրյալ հանցագործներ՝ ՔՊ պատգամավորներից, որոնք այս ժամանակահատվածում ինձ ընդունելության չեն արժանացել: Բավականին լավ ցուցանիշ է՝ պառլամենտից դուրս գտնվելով ունենալ 24 հոգանոց հանցախումբ, որը պետք է բերեմ օրինական դաշտ»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































