«Հանրային ճնշումն աշխատում է, հանրային ճնշումը գործում է, և մենք՝ մեր թիմով, անելու ենք ամեն ինչ, որ այդ ճնշումը նաև այս դեպքում աշխատի»,- ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Antifake-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը։
Նա հայտնեց, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ՝ Լուսինե Առաքելյանի ուղերձը, ինչպես նաև Antifake-ի ուղերձը կփոխանցեն Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին։
Ցույցի մասնակիցները հայտարարեցին․ «Մենք հավաքվել ենք ԱՄՆ դեսպանատան առաջ, որ մեր բողոքի ձայնն արտահայտենք վարչախմբի կողմից իրականացվող ճնշումների և այդ համատեքստում միջազգային կառույցների, դեսպանատների լռության առթիվ։ ԱՄՆ հարգելի դեսպա′ն, այսօր փաշինյանական ռեժիմի օրոք շինծու քրեական հոդվածներով հերթական անգամ կալանավորվել են «Իմնեմնիմի»-ի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը։ Նրանք կալանավորվել են տխրահռչակ խուլիգանության հոդվածով, կալանավորվել են այն բանի համար, որ շարունակաբար քննադատել են գործող իշխանություններին և նրանց հակապետական քայլերը, կալանավորվել են իրենց ընդդիմադիր կեցվածքի, իրենց քաղաքական խոսքի ու սուր քննադատության համար»։ Այս համատեքստում Ձեզ հարց եմ ուղղում՝ արդյոք նորմա՞լ է, որ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կարող են կալանավորվել խոսքի ընթացքում հնչեցված քննադատության, ընդդիմադիր խոսքի և իրենց քաղաքական հայացքների համար, վստահաբար՝ ոչ։ Այսօր նաև ֆիքսում ենք, որ փաշինյանական վարչախումբը փորձ է անում ՀՀ-ում հաստատել կոշտ ավտորիտար ռեժիմ, և բնականաբար, դա չպետք է որևէ կերպ իրականացվի։ Հարգելի′ դեսպան, մենք կոչ ենք անում Ձեզ չլռել գործող վարչախմբի կողմից իրականացվող քաղաքական բռնաճնշումների համատեքստում։ Այսօր ՀՀ-ում փաշինյանական վարչախմբի օրոք, կան տասնյակ քաղբանտարկյալներ»։
Աստղիկ Մաթևոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Մի քանի օր առաջ տեսանյութով Լուսինե Առաքելյանը ուղերձ էր հղել ԱՄՆ դեսպանին, և քանի օր է անցել, բայց արձագանք չկա։ Մեր խնդիրն է, որ այդ ուղերձն առձեռն փոխանցենք ԱՄՆ դեսպանին։ Ներկայացնելու ենք նաև Antifake-ի նամակը, որտեղ մանրամասն նկարագրվում է, թե ինչպես են ներխուժել բնակարաններ, խուզարկություններ իրականացրել, ինչպես են խուզարկություններ իրականացրել նաև Antifake-ի խմբագրությունում։ Փաստական տվյալներով մենք կփոխանցենք իրենց, արդեն իրենց է մնում՝ արձագանքում են, թե՝ ոչ»։
Կարդացեք նաև
Ցույցի մասնակիցները ԱՄՆ դեսպանատան առաջ բարձրաձայն ընթերցեցին Նարեկ Սամսոնյանի կնոջ ուղերձը։
ԱՄՆ դեսպանատնից ցույցի մասնակիցներին փոխանցեցին, որ առձեռն նամակներ չեն ընդունում, ուստի Աստղիկ Մաթևոսյանը հայտնեց, որ ուղերձները կփոխանցեն ԱՄՆ դեսպանատուն էլեկտրոնային փոստի միջոցով։
Բողոքի ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































