Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք հիմնավոր է պարգեւավճար տալը՝ դատական ծախսերի փոխհատուցման ու դեռ չեկած ներդրումների համար. «Առերեսում»

Փետրվար 01,2026 22:00

«Պետական կառավարման համակարգի աշխատողները պիտի պատշաճ վարձատրվեն, և նաև մրցունակ լինեն մասնավոր սեկտորի համեմատ, բայց այստեղ երկու խնդիր կա՝ ինչպե՞ս պիտի դա արվի», – «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում ասաց հյուրերից մեկը՝ հանրային կառավարման հարցերով փորձագետ Սերոբ Անտինյանը, ընդգծելով, որ դա պիտի արվի բացառապես օրենքի շրջանակներում եւ այդ վարձատրությունը պիտի լինի համաչափ:

Մյուս հյուրը՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան կազմակերպության հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանը եւս նշեց. «Լիովին համաձայն եմ, երբեք չեմ ասել, որ ոչ, նրանք չպետք է ստանան՝ պետք է ստանան նույնքան աշխատավարձ, ինչքան ասենք բանվորը»: Սակայն նա էլ մատնանշեց թափանցիկության եւ մի շարք այլ խնդիրներ, որով իրականացվեց այս գործընթացը:

«Պետական բարձրաստիճան պաշտոնյաները որոշակիորեն իրենց իրավունքները պաշտպանելու առումով պրոբլեմներ են ունենում։ Ինչո՞ւ։ Որովհետև հատկապես ապատեղեկատվության պայմաններում շատ պաշտոնյաներ կամ պարզապես չեն կարողանում իրենց իրավունքները դատական կարգով պաշտպանել, որովհետև ունեն ֆինանսական սահմանափակումներ,- հիմնավորելով պարգեւավճարների անհրաժեշտությունը՝ մասնավորապես ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:- Մյուս կողմից՝ մենք տեսնում ենք միտումներ, երբ որ հայտնի շրջանակները բազմամիլիոն դրամանոց հայցեր են ներկայացնում պետական պաշտոնյաների դեմ, և, ըստ էության, մենք դա գնահատում ենք որպես պետական համակարգը կաթվածահար անելու հիբրիդային սպառնալիք, որովհետև ինչքան էլ կտևեն այդ դատական գործերը, այնուամենայնիվ անհրաժեշտ է իրավական պաշտպանություն, իսկ իրավական պաշտպանության համար անհրաժեշտ են ծախսեր և այլն»:

Անդրադառնալով այս հիմնավորմանը՝ Սերոբ Անտինյանն ասաց. «Պետական ծառայողն իր հանրային գործունեության մեջ սահմանափակված է պետական իր լիազորություններով: Օրինակ, նույն քաղծառայության համար կա քաղաքական զսպվածության ինստիտուտ: Այսինքն, եթե պետական ծառայողն իր գործունեության շրջանակներից, իր լիազորությունների շրջանակներից դուրս է գալիս և որպես պետության ներկայացուցիչ է սկսում հանդես գալ՝ իր անձնական խնդիրների հետ կապված, որի հետևանքով դատական ինչ-որ պրոցեսների մեջ է ընկնում, սա ինքնին արդեն սխալ մեկնարկ է: Մյուս կողմից, եթե պետական պաշտոնյան որպես մասնավոր անձ է հանդես գալիս, իր մասնավոր խնդիրները այլ անձանց հետ լուծելու պարագայում, ինչո՞ւ պիտի պետությունը նրան վարձատրի իր անձնական դատական պաշտպանության համար»:

Վարուժան Հոկտանյանն էլ հարցրեց. «Իսկ որ վարչապետը այդպիսի բան է հայտարարում՝ կա՞ն փաստեր որ կտրուկ ավելացել է այդպիսի հայցերի թիվն այդ պաշտոնյաների նկատմամբ: Դա մեկ՝ պետք է հստակ ասել, առաջ՝ օրինակ, շատ քիչ էին դատի տալիս, հիմա շատ են տալիս: Չկա: Սա ավելի ընդհանուր մի խնդիր է, որ առանց որևէ լուրջ ուսումնասիրության, առանց ինչ-որ հետազոտությունների՝ ասում են՝ այո, ավելի շատ հայցեր են»: Եվ երկրորդ խնդիրն էլ նշեց «Եթե այդպես նայենք, ուրեմն նաև իրենք, որ մյուսներին դատի են տալիս՝ թերթերի խմբագրություններին և այլն, եկեք ուրեմն նրանց աշխատավարձը բարձրացնենք նաև… Մի տարօրինակ տրամաբանություն է»:

Սերոբ Անտինյանը հավելեց. «Եթե պաշտոնյան իր վարմունքում ճիշտ է և արդար, դատարանը պիտի կայացնի արդարադատություն և նրա դատական ծախսերը հետ պիտի գան… Ստացվում է, որ իրենք սխալ են եղել, դրա համար մեծ գումարներ, հա՞, պիտի վճարեն»: Դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է, որ պաշտոնյաները 1-2 մլն ծախսեր են անում՝ ենթադրելի է, փաստաբանի ծախս եւ այլն, սակայն ստանում 200-300 հազար դրամ անհամարժեք փոխհատուցում՝ մեր զրուցակիցն արձագանքեց, թե նման փաստաբաններ վարձելու անհրաժեշտություն չկա. «Եթե պետական պաշտոնյան իր լիազորությունների շրջանակներում պաշտպանել է պետական մարմնի շահը և սրա հետ կապված են դատի տալիս, արդեն տվյալ պետական մարմնի իրավաբանական վարչությունն է որպես դատական կողմ հանդես գալիս և պաշտպանում նրան»:

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հիմնավորումն էր. «Հայաստանի ներդրումային միջավայրը էականորեն փոխվում է, շատ էականորեն է փոխվում, և Հայաստանի Հանրապետություն հոսելու են մեծ ներդրումներ, և մեծ մրցակցություն է առաջանալու Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք ներդրումային ծրագրերի համար։ Եվ այս առումով մեր գնահատականն այն է, որ կոռուպցիոն ռիսկերը էականորեն կարող են մեծանալ, և մենք, այդ թվում՝ պետական պաշտոնյաներին և պետական համակարգը պետք է կարողանանք պաշտպանել կոռուպցիոն ռիսկերից»:

Վարուժան Հոկտանյանն այս առնչությամբ ասաց. «Ոնց հասկացա՝ գալու են, դեռ չեն եկել այդ ներդրումները: Եկեք սպասենք, հասկանանք՝ գալո՞ւ են, թե՞ չեն գալու՝ դա մեկ, որովհետև ես էլ կարող եմ ասել, որ շատ մեծ ռիսկեր կան ընդհանրապես ոչ մի ներդրում չգա Հայաստան տարբեր պատճառներից ելնելով: Այնպես որ նախապես պատրաստվելը մի քիչ խելոք միտք չի: Ինձ թվում է դա ուղղակի արդարացում է, թե ինչու այդքան պարգևավճար տվին, ընդ որում նախընտրական տարվա նախօրյակին: Այս խնդիրն էլ ես տեսնում եմ:

Ինչ վերաբերում է ներդրումային միջավայրի բարելավմանը, այդ միջավայրը դժվար թե բարելավի, երբ որ նրանք տեսնեն այսպիսի սոցիալական անհավասարություն: Եթե նրանք տեսնեն, որ այս սոցիալական անհավասարության արդյունքում բնակչության գնողունակությունը բավականին ցածր է՝ այդ դեպքում այստեղ ինչի՞ պետք է ներդրումներ անեն: Եվ շատ այլ խնդիրներ էլ կան, որոնք պիտի լուծեն, փոխանակ վախենան, որ հանկարծ կարող են այդ պաշտոնյաները կաշառք վերցնեն ներդրողներից: Իմիջիայլոց, դա էլ այդքան ակնհայտ չի: Շատ երկրներ կոռումպացված են, բայց ներդրումային միջավայրը բավականին լավն է: Այսինքն միայն կոռուպցիայի հետ կապելը ներդրումային միջավայրի բարելավումը մի քիչ ճիշտ չի: Կան շատ-շատ այլ գործոններ: Եվ ամենակարևորը՝ կուզեի նաև այստեղ նշել, իսկ ինչի՞ հիման վրա է նա որոշել, որ լավանալու է այդ միջավայրը»:

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728