ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների դիտարկման
ԱՄՓՈՓԻՉ ԶԵԿՈՒՅՑԻ ԱՄՓՈՓԱԳԻՐ
«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացրել է 2026 թ. հունիսի 7-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) հերթական ընտրությունների դիտարկում՝ գնահատելով ընտրական գործընթացների համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը և միջազգային չափանիշներին։
Մեթոդաբանություն
Կարդացեք նաև
Առաքելությունը կիրառել է համապարփակ և բազմաղբյուր մեթոդաբանություն, որի շրջանակներում իրականացրել է ինչպես գրասենյակային, այնպես էլ դաշտային երկարաժամկետ ու կարճաժամկետ հետազոտություններ։
Երկարաժամկետ դիտարկման շրջանակը ներառել է ընդհանուր քաղաքական իրավիճակը, տեղեկատվական միջավայրը, իրավական դաշտը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) աշխատանքը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) գործունեությունը, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի գործունեությունը, նրանց ծրագրերն ու ընտրական ցուցակները, քարոզարշավի ընթացքն ու ֆինանսավորումը, երրորդ անձանց կողմից իրականացվող քարոզչությունը, վարչական ռեսուրսի օգտագործումը, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և այլ դերակատարների գործունեությունը, իրավասու պետական մարմինների կողմից իրավախախտումներին տրվող արձագանքը և այլն։
Գրասենյակային ուսումնասիրությունը հիմնվել է առցանց բաց աղբյուրների, զանգվածային լրատվության միջոցների (ԶԼՄ) և սոցիալական մեդիայի նյութերի վրա, ինչպես նաև դաշտային դիտարկումների արդյունքների վրա։ Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր (այդ թվում՝ անանուն) ստանալու նպատակով գործել է iditord.org հարթակը։ Դաշտային ուսումնասիրությունն իրականացվել է 61 վերապատրաստված երկարաժամկետ դիտորդների ներգրավմամբ, որոնք դիտարկել են ընտրական գործընթացները Հայաստանում գործող 38 ԸԸՀ-ների սպասարկման տարածքներում 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև ընտրական շրջանի ավարտը։
ՀՀ Ազգային ժողովի 2026 թ․ ընտրությունների դիտորդական առաքելությունն իրականացվել է Եվրոպական միության (EU), ԱՄՆ գերմանական Մարշալ հիմնադրամի՝ Անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF), Նորվեգիայի դեսպանատան, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED), Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (DDF) ֆինանսական աջակցությամբ։
Զեկույցի բովանդակության համար պատասխանատու է «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի դրամաշնորհատուների տեսակետները։
Քվեարկության օրվա գործընթացները դիտարկվել են 712 վերապատրաստված կարճաժամկետ դիտորդի ներգրավմամբ Հայաստանի ողջ տարածքում։ Քվեարկության ամբողջական դիտարկում իրականացվել է 260 տեղամասում (ընդհանուր 2005-ի 13 %-ը)՝ ընտրանքի վրա հիմնված մեթոդաբանությամբ (sample-based observation – SBO), որը հնարավորություն է տվել վիճակագրական մեթոդների կիրառման միջոցով պատկերացում կազմել քվեարկության ընթացքի մասին ողջ երկրի տարածքում։ Բացի այդ, դիտորդների 54 շրջիկ խումբ այցելել է ընտրանքից դուրս գտնվող ևս 456 ընտրատեղամաս՝ հսկելով քվեարկության ընթացքը, ինչպես նաև ընդհանուր իրավիճակը համայքների տարածքներում։ Դիտարկվել է նաև քվեարկության ընթացքը քրեակատարողական հիմնարկներում և շրջիկ արկղով քվեարկություն կազմակերպող ընտրատեղամասերում, այդ թվում՝ հոգեբուժական և ռազմաբժշկական հաստատություններում։
Ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփումից հետո «Ականատես»-ի 70 դիտորդ հսկել է 38 ԸԸՀ-ներում ընտրական փաստաթղթերի և պարկերի հանձնման-ընդունման ընթացքը, քվեարկության արդյունքների արձանագրությունների տվյալների մուտքագրումը, աղյուսակավորումը, վերահաշվարկը և բողոքների քննությունը։
Դիտարկման արդյունքներ
«Ականատես»-ի գնահատմամբ խորհրդարանական ընտրություններն, ընդհանուր առմամբ, անցել են խաղաղ միջավայրում, քաղաքական ակտիվ մրցակցության պայմաններում։ Միաժամանակ, դիտարկվել են մի շարք էական խնդիրներ։
Նախընտրական ժամանակահատվածում նկատելի են եղել լարված ու բևեռացված մթնոլորտը, ինչպես նաև մասնակից քաղաքական ուժերի կողմից ներգրավված ռեսուրսների ծավալների տարբերությունները, որոնք որոշակի ազդեցություն են ունեցել մրցապայքարի պայմանների վրա։ Արձանագրվել են վարչական ռեսուրսների չարաշահման, առերևույթ ընտրակաշառքի բաժանման և բարեգործության արգելքի խախտման, քարոզչանյութերին ներկայացվող պահանջների խախտման, հավաքներին մասնակցելուն և ընտրելուն հարկադրելու, անչափահասներին քարոզչության մեջ ներգրավելու, թշնամական խոսույթ տարածելու բազմաթիվ դեպքեր։
Ընտրողները ակտիվորեն մասնակցել են ընտրություններին և քվեարկության օրը հիմնականում հնարավորություն են ունեցել ազատ արտահայտելու իրենց կամքը։ Միաժամանակ, եղել են տեղամասեր, որտեղ առանձին ժամերի նկատվել է լարվածություն՝ առերևույթ ուղղորդումների, քվեարկության գաղտնիության խախտումների և դրա փորձերի, վերահսկողության և դրա փորձերի, ընտրական գործընթացի որոշ դերակատարների ագրեսիվ դրսևորումների պատճառով, որոնցում ներգրավված են եղել տարբեր կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչներ։
Ընտրական շրջանում դիտարկված տարբեր խախտումների վերաբերյալ «Ականատես» դիտորդական առաքելությունը 17 հաղորդում ներկայացրել է իրավապահ մարմիններին, 21 դիմում՝ ԸԸՀ-ներին, 3 դիմում՝ ԿԸՀ և 15 հայց՝ վարչական դատարան։
Խորհրդարանական ընտրությունների ընթացքում վեր են հանվել բազմաթիվ համակարգային խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ անդրադարձ և համապատասխան լուծումներ։ «Ականատես»-ի առաջարկություններն ուղղված են ընտրական վարչարարության թափանցիկության և որոշումների կայացման գործընթացների բարելավմանը, քաղաքական ուժերին ներկայացվող պահանջների խստացմանը, նախընտրական քարոզչության և ֆինանսավորման կարգավորումների կատարելագործմանը, վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրակաշառքի, արգելված բարեգործության և այլ լուրջ խախտումների կանխարգելման ու դրանց ազդեցության գնահատման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև քվեարկության օրվա ընթացակարգերի կատարելագործմանը։
Առանձնակի կարևորվում են կուսակցությունների և նրանց նախընտրական հիմնադրամների ֆինանսական թափանցիկության ապահովումը, ընտրությունների օրինականության նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետության բարձրացումը, դիտորդական առաքելությունների գործունեության և հանրային վերահսկողության հնարավորությունների ընդլայնումը:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընտրական վարչարարության համակարգ
Ընտրական վարչարարության համակարգի բարեփոխում
- Քննարկման առարկա դարձնել ընտրական վարչարարության գործող համակարգի արդյունավետության, այդ թվում՝ որակի, կայունության և ծախսատարության խնդիրները՝ գործող մոդելի համապարփակ վերանայման և բարեփոխման համատեքստում՝ ընտրական գործընթացի մասնագիտական կազմակերպումն ու լիարժեք վերահսկողությունն ապահովելու նպատակով։
- Վերանայել ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բողոքարկման և ընտրական հանձնաժողովների կողմից որոշումների կայացման ժամկետները՝ ապահովելով դիմում-բողոքների արդյունավետ քննությունն առանց ընտրական գործընթացի բնականոն ընթացքը խաթարելու։
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
- Վերանայել ԿԸՀ-ի կողմից ի պաշտոնե ապացույցներ ձեռք բերելու հայեցողական լիազորությունը և սահմանել այն որպես իմպերատիվ պարտականություն:
- Ապահովել ԿԸՀ-ի` առանձին ակտի ձևով կայացվող բոլոր որոշումների քննարկումը և ընդունումը հանձնաժողովի նիստի շրջանակներում:
- Բացառել ԿԸՀ-ի որոշումների վերաբերյալ ԿԸՀ նախագահի կողմից միանձնյա հիմնավորումներ և մեկնաբանություններ ներկայացնելու պրակտիկան՝ ապահովելով, որ ԿԸՀ-ի պաշտոնական դիրքորոշումներն ու դրանց հիմնավորումները ձևավորվեն կոլեգիալ կարգով և ներկայացվեն օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան՝ միաժամանակ ապահովելով ԿԸՀ որոշումների պատշաճ և բավարար պատճառաբանվածությունը։
- ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսել ԿԸՀ-ի նիստերը բացառիկ դեպքերում ամբողջությամբ կամ մասնակի դռնփակ անցկացնելու իրավական հնարավորություն՝ սահմանելով նիստը դռնփակ անցկացնելու հիմքերի սպառիչ ցանկը, ինչպես նաև ԿԸՀ-ի համապատասխան որոշմամբ դռնփակության անհրաժեշտությունը պատշաճ հիմնավորելու պահանջ։
- Գործնականում ապահովել ԿԸՀ նիստերի բուն քննարկումների հրապարակայնությունը և որոշումների ընդունման գործընթացի թափանցիկությունը։ ՀՀ ընտրական օրենսգրքով, որպես լրացուցիչ երաշխիք, նախատեսել ԿԸՀ անդամի հատուկ կարծիքի ներկայացման հնարավորություն՝ ապահովելով անդամների անհատական դիրքորոշման ազատ արտահայտումն ու դրա հրապարակայնությունը։
- Վերանայել ԿԸՀ համացանցային կայքի կառուցվածքը՝ դարձնելով այն առավել մատչելի օգտագործողի համար (user-friendly), այդ թվում՝ ապահովելով որոշումներում կատարված փոփոխությունների հետագծելիությունը և դրանց ինկորպորացված տարբերակների հասանելիությունը։
- Սահմանել պահանջ, որ ընտրական գործընթացին առնչվող բոլոր փաստաթղթերը հրապարակվեն մեքենայաընթեռնելի և հետագա օգտագործման ու վերլուծության համար պիտանի ձևաչափով, ինչը կնվազեցնի դրանց վերլուծության արհեստական խոչընդոտները և կնպաստի ընտրական գործընթացների նկատմամբ առավել արդյունավետ հանրային վերահսկողությանը։
- Մշակել և հետևողականորեն կիրառել ընտրական խախտումների՝ ընտրության արդյունքների վրա հնարավոր ազդեցության գնահատման միասնական և կանխատեսելի մեթոդաբանություն՝ միաժամանակ վերանայելով և անհրաժեշտ չափով երկարաձգելով համապատասխան խախտումների քննության և գնահատման համար սահմանված ժամկետները։ Մեթոդաբանությունը պետք է ներառի ոչ միայն քանակական, այլև որակական չափանիշներ՝ հաշվի առնելով խախտման բնույթն ու ծանրությունը, դրա համակարգային կամ մեկուսացված բնույթը, տարածվածությունը, ընտրողների ազատ կամարտահայտության և ընտրական մրցակցության վրա հնարավոր ազդեցությունը, ինչպես նաև ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա դրա ազդեցությունը։
- Ապահովել, որ ԿԸՀ-ի որոշումները պարունակեն կիրառված չափանիշների և դրանց հիման վրա կատարված գնահատման ամբողջական, հստակ և հանրամատչելի հիմնավորում։
- Ներդնել ընտրական հանձնաժողովների աշխատանքի որակի համակարգված գնահատման մեխանիզմ՝ արձանագրված խախտումները, բողոքները և ընթացակարգային սխալները հետագա վերապատրաստումների ու կարգավորումների կատարելագործման համար օգտագործելու նպատակով։
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ
- Ապահովել ԸԸՀ-ների գործունեության համար անհրաժեշտ կազմակերպական, նյութատեխնիկական և ֆինանսական բավարար ռեսուրսներ ու պատշաճ աշխատանքային պայմաններ՝ ներառյալ ֆիզիկական մատչելիությունը, անհրաժեշտ տեխնիկական ենթակառուցվածքները և իրենց գործառույթների իրականացման հետ կապված տրանսպորտային ծախսերի պատշաճ փոխհատուցումը։
- ԿԸՀ կայքում հանրամատչելի դարձնել ԸԸՀ անդամների հիմնական աշխատավայրի (կամ զբաղվածության ոլորտի) վերաբերյալ տեղեկությունը։
- Ընդլայնել ԸԸՀ անդամների անհամատեղելիության պահանջների շրջանակը՝ ներառելով այն հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, որոնց պաշտոնեական դիրքը կամ լիազորությունների բնույթը կարող է ազդեցություն ունենալ ընտրական գործընթացի մասնակիցների նկատմամբ կամ հիմնավոր կասկածներ առաջացնել ընտրական հանձնաժողովների անկախության և անաչառության վերաբերյալ։
- Սահմանել և ընդունել ԸԸՀ անդամների վարքագծի կանոններ՝ դրանցով, ի թիվս այլնի, հստակեցնելով ԸԸՀ անդամների քաղաքական չեզոքության և զսպվածության պահպանման պահանջները, այդ թվում՝ քաղաքական ուժերի նախընտրական քարոզչության միջոցառումներին մասնակցության առնչությամբ։ Միաժամանակ, նախատեսել այդ պահանջների հնարավոր խախտումների գնահատման և դրանց նկատմամբ պատշաճ արձագանքման հստակ ընթացակարգեր։
- Ապահովել ԸԸՀ նիստերի թափանցիկության միասնական չափանիշներ՝ նախատեսելով նիստերի անցկացման ժամանակի և օրակարգի նախապես հրապարակման, բոլոր նիստերի՝ անկախ ընտրությունների անցկացման ժամանակահատվածից, տեսանկարահանման, ուղիղ հեռարձակման և տեսագրությունների հետագա հանրային հասանելիության օրենսդրական պահանջներ։ Հստակեցնել ընտրությունների ընթացքում այդ պահանջների կիրառման ժամանակային շրջանակը՝ ընդգրկելով ընտրությունների նշանակման պահից մինչև հետընտրական գործընթացների ավարտը։ Միաժամանակ՝ ապահովել օրակարգային հարցերի բովանդակային քննարկումը ԸԸՀ նիստերի ընթացքում՝ բացառելով որոշումների ձևական քննարկման և հաստատման պրակտիկան։
Տեղամասային ընտրական հանձնաժողովներ
- Կատարելագործել ՏԸՀ անդամների հավաքագրման և ընտրության չափանիշները՝ հանձնաժողովներում անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ ունեցող անձանց ներգրավում ապահովելու նպատակով։
- Օրենսդրությամբ սահմանել ԿԸՀ կայքում առնվազն ԸԸՀ-ների կողմից նշանակվող ՏԸՀ անդամների հիմնական աշխատավայրի (կամ զբաղվածության ոլորտի) վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու պահանջ։
- ՏԸՀ անդամների համար սահմանել վարքագծի կանոններ՝ ներառելով քաղաքական ուժերի կամ այլ դերակատարների կողմից հյուրասիրություն ընդունելու հստակ արգելք։
- Օրենսդրությամբ հստակեցնել ՏԸՀ անդամների քաղաքական չեզոքության և զսպվածության պահանջները՝ առանձնահատուկ կարգավորում նախատեսելով ԸԸՀ-ների կողմից նշանակվող անդամների համար։
Վերապատրաստում
- Խստացնել ՏԸՀ անդամների՝ վերապատրաստումներին պատշաճ մասնակցության պահանջները և դրանց պահպանման նկատմամբ վերահսկողությունը։
- Վերապատրաստումներում առավել մեծ տեղ հատկացնել գործնական ուսուցմանը՝ ներառելով քվեարկության գործընթացի և ընտրական պարագաների հետ աշխատանքի, հնարավոր ընտրախախտումների և կոնֆլիկտային իրավիճակների նմանակման, ռիսկերի կառավարման, քվեարկության արդյունքների ամփոփման և համապատասխան արձանագրությունների լրացման գործնական առաջադրանքներ՝ հաշվի առնելով նաև դիտորդական առաքելությունների զեկույցներով արձանագրված խախտումների տեսակները։
- Կատարելագործել վերապատրաստումների որակի ապահովման մեխանիզմները՝ դրանց բովանդակությունն ու մեթոդաբանությունը պարբերաբար վերանայելով հանձնաժողովների անդամների մասնակցության, գիտելիքների և գործնական կատարողականի գնահատման արդյունքների հիման վրա։
- Կատարելագործել ՏԸՀ անդամների գործնական գիտելիքների գնահատման մեխանիզմները, ներառյալ քվեարկության գործընթացի կազմակերպման, քվեարկության արդյունքների հաշվարկի, արձանագրությունների լրացման և վիճելի քվեաթերթիկների գնահատման, ընտրական պարագաների և փաստաթղթերի փաթեթավորման, տարբեր իրավիճակների և խախտումների արձագանքման առնչությամբ։
- Յուրաքանչյուր ընտրությունից հետո համակարգված վերլուծել ՏԸՀ-ների աշխատանքում արձանագրված խախտումները, սխալները և դժվարությունները և դրանց արդյունքների հիման վրա պարբերաբար վերանայել ՏԸՀ անդամների վերապատրաստման բովանդակությունը՝ դասընթացներում ներառելով առավել հաճախ հանդիպող խնդիրների կանխարգելմանն ու դրանց պատշաճ արձագանքմանն ուղղված գործնական և սիմուլյացիոն վարժություններ։
- Ապահովել ՏԸՀ անդամների կողմից թույլ տրված խախտումների գնահատման և համապատասխան հիմքերի առկայության դեպքում ԿԸՀ-ի կողմից սահմանված գործիքակազմերի և պատասխանատվության միջոցների կիրառման հետևողականությունը։
- Ապահովել արձանագրված խախտումների առնչությամբ ձեռնարկված միջոցների, ինչպես նաև ՏԸՀ նախագահների և անդամների նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկությունների համակարգված հրապարակումը՝ նպաստելու հետագա խախտումների կանխարգելմանը և հանձնաժողովների անդամների առավել պատասխանատու ու պրոֆեսիոնալ վարքագծի ձևավորմանը։
Ընտրական իրավունքների իրացում և պաշտպանություն
- Սահմանադրական փոփոխությունների շրջանակներում քննարկել ընտրելու իրավունքի իրացման լրացուցիչ պայմանների, այդ թվում՝ Հայաստանում մշտապես բնակվելու նվազագույն ժամկետի պահանջ սահմանելու հարցը՝ ըստ անհրաժեշտության վերանայելով նաև ընտրվելու իրավունքի համար սահմանված բնակության ցենզը։
- Նախատեսել ընտրողներին կարճ հաղորդագրությունների (SMS) կամ այլ հասանելի եղանակներով տեղամասային կենտրոնների հասցեների վերաբերյալ ծանուցման համակարգեր։
- Ապահովել ընտրություններին արտաքին միջամտության հնարավոր քրեորեն պատժելի դրսևորումների հետ կապված տեղեկությունների պատշաճ ստուգումն ու արդյունավետ քննությունը։
Քաղաքական ուժերին ներկայացվող պահանջներ և մրցակցության խթանում
- Սահմանել ԱԺ ընտրություններին կուսակցությունների մասնակցության սահմանափակում՝ ընտրություններին մասնակցելու հնարավորություն ընձեռելով միայն այն կուսակցություններին, որոնք պետական գրանցում են ստացել (այդ թվում՝ վերակազմակերպվել և անվանափոխվել) ոչ ուշ, քան ընտրությունների նշանակման օրվանից հետո 10 օրվա ընթացքում։
- Կուսակցությունների գործունեության սկզբունքների մակարդակում նախատեսել արգելք՝ օգտագործելու կուսակցության իրավական կարգավիճակը կուսակցության գրանցման, գործունեության և ընտրություններին մասնակցելու օրենսդրական պահանջները շրջանցելու նպատակով։
- Դիտարկել ընտրական օրենսդրությամբ կուսակցությունների անցողիկ շեմերի իջեցման հնարավորությունը՝ ապահովելու առավել մեծ ներկայացուցչականություն և այլակարծություն։
- ՀՀ ընտրական օրենսգրքով պարտադիր դարձնել կուսակցությունների/ դաշինքների կողմից նախընտրական ծրագրերի ներկայացումը և հրապարակումը ԿԸՀ կայքում։
- Համապատասխանեցնել, հստակեցնել և միասնականացնել պետական կառույցների տվյալների շտեմարաններում կուսակցությունների վերաբերյալ առկա տվյալները՝ տարբերակելով կուսակցության հիմնադրման և գրանցման ժամկետները։
- Նախատեսել պահանջ և հնարավորություն, որպեսզի ԿԸՀ և ԿԿՀ կայքերում ամրագրվեն կուսակցությունների կողմից տրամադրված բոլոր փաստաթղթերի ստացման ու հրապարակման ժամկետները, իսկ փոփոխությունների դեպքում՝ նաև դրանց հետագծելիությունն ու հիմնավորումները։
- «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում «տեղեկատվություն տնօրինող» կազմակերպությունների ցանկում նախատեսել նաև կուսակցություններին։
- ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանել կուսակցությունների կողմից ընտրական ժամանակահատվածում տեղեկատվության տրամադրումը մերժելու, տրամադրման ժամկետները խախտելու կամ ոչ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու դեպքում դատական վեճերի քննության սեղմ ժամկետներ:
- Քաղաքական ուժերի և թեկնածուների կողմից ԿԸՀ-ին ներկայացվող գույքի և եկամուտների հայտարարագրերում ոչ հավաստի տվյալներ ներառելու համար սահմանել պատասխանատվություն։
- Խրախուսել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի և դիտորդական կազմակերպությունների միջև կառուցողական համագործակցությունը՝ նպաստելով ընտրական գործընթացի թափանցիկությանն ու հանրային վերահսկողության արդյունավետությանը։
Ընտրական ցուցակներ
- Կուսակցության/դաշինքի ընտրական ցուցակում նվազագույն շեմն իջեցնել մինչև ԱԺ մանդատների 1/2-ը։
- Սահմանափակել քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում կուսակցության (կամ դաշինքում ներառված կուսակցության) անդամ չհանդիսացող թեկնածուների ներգրավումը։
- Սահմանափակել քաղաքական ուժի ընտրական ցուցակում որևէ այլ ուժի ղեկավար մարմնի կազմից որոշակի թվից ավել (օրինակ՝ ցուցակի 5 %-ից ավել) ներկայացուցիչ ունենալու և նրանց անհամաչափ բաշխվածության (օրինակ՝ բոլորը առաջին կամ երկրորդ 10-յակում) հնարավորությունը։
- Հստակեցնել քաղաքական ուժի ընտրական ցուցակի թեկնածուների գրանցումը մերժելու, թեկնածուների ինքնաբացարկի կամ ուժը կորցրած ճանաչելու արդյունքում կուսակցությունների ընտրական ցուցակներում թեկնածուների թիվը օրենքով սահմանված նվազագույն շեմից պակաս դառնալու իրավական հետևանքները՝ նախատեսելով ողջամիտ ժամկետում ընտրական ցուցակը համալրելու կարգ։
- Վերանայել քաղաքական ուժերի կողմից ներկայացվող ընտրական ցուցակների և առնչվող փաստաթղթերի ուսումնասիրության պրակտիկան՝ նախքան դրանց հրապարակումը ապահովելով ակնհայտ սխալների և վրիպակների շտկումը։
- Դիտարկել կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների համար նախընտրական պայքարում վարչապետի իրենց թեկնածուին ներկայացնելու պահանջ սահմանելու նպատակահարմարությունը՝ նախատեսելով, որ նա լինի քաղաքական ուժի ընտրական ցուցակի առաջին համարը կամ առնվազն ընդգրկված լինի առաջին եռյակում։
Նախընտրական քարոզչություն
Ընդհանուր կանոններ
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.8-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանեցնել ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված արգելքին՝ վարչական պատասխանատվություն նախատեսելով նաև նախընտրական քարոզչության իրավունք չունեցող անձանց կողմից նախընտրական քարոզչության կազմակերպման դեպքերի համար։
- Իրականացնել նախընտրական քարոզչության ընթացքում հնարավոր ատելության խոսք պարունակող արտահայտությունների պատշաճ գնահատում՝ հաշվի առնելով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները և ՀՀ վարչական դատարանի՝ ատելության խոսքի գնահատման վերաբերյալ մշակած չափորոշիչները՝ միաժամանակ ապահովելով ԿԸՀ որոշումների հիմնավորվածության և պատճառաբանվածության անհրաժեշտ մակարդակը։
- ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածը լրացնել՝ նախազգուշացման գործիքի շրջանակներում նախատեսելով արդեն ավարտված խախտումների նկատմամբ կիրառելի իրավական արձագանքման մեխանիզմներ հետագա նմանատիպ խախտումները կանխելու նպատակով։
- Վերանայել ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումները՝ նախատեսելով պատասխանատվություն նախընտրական հավաքներին, երթերին կամ նախընտրական քարոզչության ժամանակահատվածով պայմանավորված ժամանցային միջոցառումներին մասնակցելուն պարտադրելու համար՝ անկախ տվյալ արարքը՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով կատարված լինելու հանգամանքից։
- Անչափահասներին՝ հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ այդ նպատակով նյութապես շահագրգռելը դիտարկել որպես տվյալ արարքները ծանրացնող հանգամանք։
- Ապահովել ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված ծառայողական քննությունների արդյունքների, ինչպես նաև համապատասխան քրեական վարույթների ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկությունների հրապարակայնությունը՝ նպաստելու հանրային հաշվետվողականության ապահովմանը և հետագայում նմանատիպ խախտումների կանխարգելմանը։
Քարոզչանյութերի տեղադրում և տարածում
- ԿԸՀ-ին վերապահված 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակների բաշխման ընթացակարգը տարածել 1-5 քառ․ մետր մակերեսով պաստառների/վահանակների վրա՝ մշակելով համապատասխան տեխնիկական լուծումներ/ալգորիթմեր և կանխելով պաստառների գերկենտրոնացումը։
- Սահմանել Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պահանջի կիրառման հստակ կարգ՝ ապահովելով նախընտրական քարոզչության ժամանակահատվածից առաջ արտաքին գովազդային վահանակներ տնօրինող կազմակերպություններին ներկայացված հայտերի դեպքում գովազդային տարածքների հավասարաչափ բաշխումը, իսկ քարոզչության ընթացքում ներկայացված հայտերի դեպքում՝ առաջնահերթության սկզբունքի կիրառումը։ Միաժամանակ նախատեսել հայտերի պարտադիր հաշվառում՝ ըստ դրանց ներկայացման ամսաթվի։
- Արտաքին գովազդային վահանակներ տնօրինող կազմակերպությունների կողմից քարոզչանյութերի տեղադրման ոչ խտրական և անկողմնակալ պայմանների ապահովման պահանջը խախտելու դեպքերի համար նախատեսել վարչական պատասխանատվության միջոցներ։
- Ապահովել ԸԸՀ-ների կողմից նախընտրական քարոզչության պաստառների տեղադրման օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ արդյունավետ վերահսկողություն՝ ներառյալ խախտումների ժամանակին բացահայտումը և դրանց վերացման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը՝ հատկացնելով այդ նպատակով անհրաժեշտ ռեսուրսներ։
- Գործադրել նախընտրական քարոզչության խախտումների դեպքում սահմանված պատասխանատվության միջոցները՝ ապահովելու նախընտրական քարոզչանյութերի տարածմանն առնչվող կանոնների լիարժեք պահպանումը։
- Հստակեցնել համայնքի ղեկավարի կողմից՝ արգելված և չսահմանված վայրերում փակցված քարոզչական նյութերի հեռացման ժամկետը, ինչպես նաև սահմանել վարչական պատասխանատվություն տվյալ գործառույթը չիրականացնելու համար։
Ընտրակաշառքի կանխարգելում
- Բարեգործության արգելքի սահմանափակումը տարածել նաև այն կազմակերպությունների վրա, որոնք առհասարակ կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների, թեկնածուների հետ՝ չսահմանափակվելով միայն անվանումների նմանությամբ/ասոցացմամբ կամ կուսակցության կողմից ղեկավարվող կազմակերպություններով։ Միևնույն ժամանակ, նախատեսել հստակ բացառություններ այն կազմակերպությունների համար, որոնք իրականացնում են շարունակական, ծրագրային բնույթի գործունեություն՝ պայմանով, որ այդ գործունեության շրջանակում կատարվող ծախսերը չեն գերազանցի նախորդ համադրելի ժամանակահատվածների ծախսերի սահմանաչափերը։
- Ընտրական օրենսգրքով նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան գնահատելու քաղաքական ուժերի կողմից ընտրակաշառքի բաժանման կազմակերպված բնույթը և/կամ դրա ծավալն ու հնարավոր ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ համապատասխան կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու ընթացակարգի շրջանակում։ Նման իրավակարգավորում չնախատեսելու դեպքում՝ վերջնական դատական ակտերի վերլուծության արդյունքով ընտրակաշառքի զանգվածային կամ համակարգային բնույթի և ընտրության արդյունքի վրա դրա էական ազդեցության հաստատման դեպքում նախատեսել իրավասու դատարանի կողմից ընտրության արդյունքի կամ դրա իրավական հետևանքների վերանայման հնարավորություն՝ ներառյալ, համապատասխան դեպքերում, մանդատների բաշխման վերանայումը կամ համապատասխան ընտրված անձանց լիազորությունների դադարեցումը՝ ապահովելով, որ նման որոշումը հիմնված լինի օրենքով նախապես սահմանված հստակ չափանիշների, պատշաճ դատավարական ընթացակարգի և համաչափության սկզբունքի վրա։
- Քաղաքական ուժերի կողմից ընտրակաշառքի կազմակերպված բնույթը և/կամ դրա ծավալն ու հնարավոր ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա գնահատելու շրջանակում կարող են սահմանվել հետևյալ փոխկապակցված չափանիշները՝ արձանագրված դեպքերի քանակը, դրանց աշխարհագրական ընդգրկումը, միաժամանակյա կամ շարունակական բնույթը, տևողությունը, ներգրավված անձանց շրջանակը, ֆինանսական ծավալները, ինչպես նաև գործողությունների համակարգվածության և ընդհանուր կազմակերպչական մեխանիզմների առկայությունը։
- Սահմանել մեթոդաբանություն՝ գնահատելու ընտրակաշառքի հնարավոր ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա՝ կիրառելով համակցված գնահատման մոտեցում և հաշվի առնելով ոչ միայն ենթադրյալ ընտրակաշառքի ընդհանուր ծավալը, այլև դրա հարաբերակցությունը ընտրողների թվի, տվյալ ընտրատարածքում ձայների տարբերության, ինչպես նաև նախընտրական քարոզչության համար սահմանված առավելագույն ծախսերի շեմերի նկատմամբ։
Վարչական ռեսուրսի սահմանափակում
- Վերանայել վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի գործող սահմանումը՝ չփոխկապակցելով այն վարչական ռեսուրս օգտագործողի կողմից ընտրությունների ժամանակ միայն իր օգտին առավելություն ստանալու նպատակի հետ։
- Ընդլայնել վարչական ռեսուրսի օգտագործման ընդհանուր արգելքի գործողությունը ժամանակի մեջ՝ տարածելով սահմանափակումները նաև մինչև նախընտրական քարոզչության մեկնարկն ընկնող ժամանակահատվածի վրա՝ ընտրություններ նշանակելու մասին որոշումը հրապարակելու պահից։
- Վերականգնել վարչական ռեսուրսի օգտագործման նախկին օրենսդրական արգելքի շրջանակը՝ կիրառելի դարձնելով արգելքը պետական հաստատությունների, առողջապահական կազմակերպությունների, ուսումնական, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների նկատմամբ։
- Սահմանել պաշտոնատար անձանց կողմից նախընտրական քարոզչությունը պաշտոնական գործուղումների հետ համատեղելու, ինչպես նաև գործուղման ավարտից հետո տվյալ մարզի կամ համայնքի տարածքում քարոզչություն անելու հստակ արգելք։
- ԿԸՀ-ի կողմից սահմանել վարչական ռեսուրսի օգտագործման իրավաչափության գնահատման հստակ չափանիշներ և մեթոդաբանություն։
- ԿԸՀ-ի կողմից սահմանել վարչական ռեսուրսի չարաշահման ծավալի, համակարգված բնույթի և ընտրությունների արդյունքների վրա հնարավոր ազդեցության գնահատման մեթոդաբանություն՝ հաշվի առնելով արձանագրված խախտումների քանակը, աշխարհագրական ընդգրկումը, տևողությունը, շարունակականությունը, օգտագործված ռեսուրսների ծավալները և քաղաքական ուժերին տրամադրված առավելության հնարավոր ազդեցությունը ընտրական մրցակցության պայմանների ու ընտրությունների արդյունքների վրա։
- Նախատեսել հստակ օրենսդրական կարգավորումներ՝ որպես վարչական ռեսուրսի չարաշահում որակելու տվյալ ժամանակահատվածի համար չնախատեսված սոցիալական աջակցության ծրագրերի հաստատմանը (բացառությամբ արտակարգ իրադարձություններով պայմանավորված հրատապ լուծում պահանջող դեպքերի), հարկային արտոնությունների տրամադրմանը (հայտարարություններին) ուղղված գործողությունները, պետական կամ համայնքային տարեկան բյուջեների շրջանակներում նախապես չպլանավորված ժամանցային, մարզական և այլ միջոցառումների կազմակերպումը։
Կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկություն և վերահսկողություն
- Վերանայել քաղաքական ֆինանսավորման վերահսկողության գործող մոդելը՝ վերահսկողական գործառույթները կենտրոնացնելով ԿԿՀ-ում՝ ինչպես նախատեսված էր 2021 թվականի մայիսի 7-ին ընդունված, սակայն հետագայում չեղարկված օրենսդրական փոփոխություններով։
- Միաժամանակ, ընտրական շրջափուլերում երաշխավորել ԿԸՀ համար անհրաժեշտ տվյալների ամբողջական և ժամանակին հասանելիությունը՝ նախընտրական քարոզչության ֆինանսավորման և նախընտրական ծախսերի օրինականության նկատմամբ արդյունավետ վերահսկողություն ապահովելու նպատակով։
- Ուժեղացնել ԿԿՀ-ի կողմից իրականացվող վերահսկողության որակը և արդյունավետությունը, ըստ անհրաժեշտության նախատեսելով լրացուցիչ տեխնիկական հնարավորությունների (արհեստական բանականության վրա հիմնված համակարգեր) և մարդկային ռեսուրսների հատկացում, մասնավորապես՝ ընտրական ժամանակահատվածում (ինչպես որ նախատեսված է ԿԸՀ ՎՎԾ դեպքում)։
- Ըստ անհրաժեշտության՝ հստակեցնել վերահսկողության մեթոդաբանությունն ու կարգերը։
- Նախատեսել մեխանիզմներ և գործիքակազմ՝ ապահովելու կուսակցությունների ֆինանսների նկատմամբ լիարժեք և ամբողջական վերահսկողություն՝ այդ թվում ապահովելով կուսակցությունների կողմից տեղեկությունների լիարժեք և նախատեսված կարգով տրամադրումը և իրականացնելով տարբեր կառույցների կողմից տրամադրվող տվյալների համադրում և վերլուծություն։
Ընթացիկ ֆինանսավորում և տարեկան հաշվետվություններ
- Ապահովել կուսակցությունների ֆինանսավորման մասին տվյալների լիարժեք և պատեհ ժամկետում հասանելիությունը, ինչը հնարավոր է, մասնավորապես, կուսակցությունների բանկային հաշվեհամարներին, իսկ վերջիններից՝ համապատասխան նախընտրական հիմնադրամներին կատարվող մուտքերի (նշելով աղբյուրը և գումարը) և ելքերի իրական ժամանակում՝ առցանց հրապարակման միջոցով՝ փոփոխություններ կատարելով վերաբերելի իրավական ակտերում։ Նվիրատվություն կատարած (նաև անդամավճար մուծած) անձանց դեպքում հրապարակել անուն-հայրանուն-ազգանունը՝ քննարկման առարկա դարձնելով որոշ շեմից ցածր (օրինակ՝ միանվագ 20-50,000 ՀՀ դրամ, քանի դեռ չի գերազանցել 100,000 ՀՀ դրամը) վճարումների անանուն հրապարակման նպատակահարմարությունը։
- Կուսակցությունների հաշվետվությունների ստուգման շրջանակում պարտադիր ներառել նախորդ կամ ընթացիկ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, դաշինքում ընդգրկված կուսակցությունների հաշվետվությունների ստուգման պարտադիր պահանջ։
- Նախատեսել կուսակցությունների «զրոյական» հաշվետվությունների լրացուցիչ ուսումնասիրության մեխանիզմներ՝ գնահատելու դրանց համապատասխանությունը կուսակցությունների փաստացի գործունեությանը։
- Հստակեցնել կուսակցությունների կողմից իրենց հաշվետվություններում շտկումներ կատարելու հնարավորություն ընձեռելու ընթացակարգը և հայտնաբերված սխալների բնույթի գնահատման օբյեկտիվ չափանիշները։ Միաժամանակ ապահովել հաշվետվությունների սկզբնական և փոփոխված տարբերակների հրապարակումն ու կատարված փոփոխությունների հետագծելիությունը։
- Ապահովել կուսակցության անշարժ գույքի մակերեսի և շուկայական արժեքի վերաբերյալ տվյալների պարտադիր ներառումը կուսակցությունների տարեկան հաշվետվություններում և դրանց հրապարակումը։
- Վերանայել պարտադիր աուդիտի ենթակա կուսակցությունների տարեկան ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ժամկետը և ապահովել հաշվետվությունների միաժամանակյա հասանելիությունը ԿԿՀ կայքում՝ նշելով հրապարակման ամսաթվերը և այդպիսով երաշխավորելով հավասար թափանցիկության պայմաններ բոլոր կուսակցությունների համար։
- Պարտադիր աուդիտի, ինչպես նաև առանձին կուսակցությունների սեփական հայեցողությամբ նախաձեռնված հնարավոր աուդիտների արդյունքում կուսակցությունների հաշվետվությունների ճշգրտման անհրաժեշտության դեպքում նախատեսել հնարավորություն նոր ամսաթվով հրապարակելու ճշգրտված հաշվետվությունը և համապատասխան աուդիտորական եզրակացությունը։
- ԿԿՀ գործառույթների շարքում նախատեսել ընտրական գործընթացներում կուսակցությունների կողմից ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրերի հետագա ստուգում և համադրում տարեկան հաշվետվությունների տվյալների հետ ԿԸՀ կայքում հրապարակելուց հետո օրենքով սահմանված վերահսկողության ժամկետում։
Նախընտրական քարոզարշավի ֆինանսավորում և հաշվետվողականություն
- Մինչև կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ տվյալների լիարժեք հրապարակայնության տեխնիկական ապահովումը առնվազն նախատեսել պահանջ, որ կուսակցությունների գույքի և եկամուտների հայտարարագրերը ներառեն 12 ամիսների ոչ միայն մուտքերի, այլև ծախսերի վերաբերյալ տվյալները, իսկ նվիրատվությունները ներկայացվեն ոչ թե ընդհանուր գումարներով, այլ անհատականացված՝ նշելով յուրաքանչյուր նվիրատուի անունը, ազգանունը, վճարված գումարի չափը՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների համար սահմանված հրապարակայնության պահանջներին համահունչ։
- Նախընտրական հիմնադրամների մուտքերի ու ծախսերի հաշվետվություններում պարտադիր դարձնել շտաբների հասցեների վերաբերյալ նշումը և ԿԸՀ կայքում հրապարակել համապատասխան վարձակալության պայմանագրերը։
- Վերացնել կուսակցությունների գույքի և եկամուտների հայտարարագրի ձևաթուղթը ներբեռնելու, լրացնելու, ստորագրելու ու սկանավորված տարբերակը վերբեռնելու հնարավորությունը և սահմանել միասնական մոտեցում՝ ապահովելով բոլոր կուսակցությունների հայտարարագրերի նույնական թվայնացված մոտեցումը՝ առցանց լրացնելու և բաց տվյալների ձևաչափով հասանելի դարձնելու միջոցով։
- Նախատեսել, որ բանկերի կողմից ներկայացվող տվյալները ԿԿՀ-ն հրապարակի ոչ թե ամփոփ և սահմանափակ տեղեկանքի ձևով, այլ ամբողջությամբ՝ բացառելով միայն նվիրատվություն կատարած անձանց հանրային ծառայությունների համարանիշի տվյալները:
- Սահմանել նախընտրական քարոզչության նպատակով օգտագործվող գույքի և մատուցվող ծառայությունների շուկայական արժեքի որոշման միասնական մեթոդաբանություն՝ ապահովելու նախընտրական հիմնադրամների ծախսերում դրանց արժեքի արժանահավատ արտացոլումը և ՎՎԾ-ի կողմից իրականացվող վերահսկողության արդյունավետությունը։
- Ներդնել նախընտրական հիմնադրամների ծախսերի մանրամասն հայտարարագրման մեխանիզմներ՝ ապահովելով այդ թվում՝ կուսակցությունների գովազդային ծառայության տեսակի, ծավալի, մատուցման ժամկետների, ինչպես նաև վարձակալված/անհատույց օգտագործման հանձնված գույքի տեսակի, գտնվելու վայրի, վարձակալության ժամկետների և արժեքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակայնությունը։
- Ընդլայնել կուսակցության օգտին օրենքով չթույլատրված աղբյուրներից կամ օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցող նվիրատվություն ներգրավելը՝ տարածելով այն նաև կուսակցության անդամ չհանդիսացող անձանց վրա՝ նախատեսելով իրավական պատասխանատվություն երրորդ անձանց կողմից իրականացվող սահմանաչափը գերազանցող ծախսերի համար։
- Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասով միայն կուսակցությունների, դաշինքների և թեկնածուների համար նախատեսված սահմանափակումը կիրառել նաև այլ անձանց կողմից նրանց օգտին կազմակերպվող համերգների և այլ միջոցառումների նկատմամբ՝ նախատեսելով քաղաքական ուժերի և թեկնածուների նախնական գրավոր համաձայնության պահանջ և ներառելով համապատասխան ծախսերը նախընտրական հիմնադրամի սահմանաչափի մեջ։
- Նախատեսել արդյունավետ վերահսկողական մեխանիզմներ՝ բացառելու իրավաբանական անձանց կողմից կուսակցություններին նվիրատվություն կատարելու արգելքի շրջանցումը, այդ թվում՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում անհատույց կամ շուկայականից ցածր գնով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների տրամադրման միջոցով։
- Որոշակիորեն սահմանափակել և թափանցիկ ու հաշվետու դարձնել նախընտրական քարոզչության մեջ ներգրավված երրորդ անձանց ներդրումները (այդ թվում՝ բնեղենով)՝ նախատեսելով այլ անձանց կողմից կատարվող ծախսերի որոշակի ողջամիտ շեմ՝ քաղաքական խոսքի ազատության շրջանակներում (օրինակ՝ 100,000 ՀՀ դրամ)։
- Նախատեսել վարչական և/կամ քրեական պատասխանատվություն քարոզչության մեջ ներգրավված երրորդ անձանց ներդրումների սահմանաչափերը խախտելու և կամ այլ անձանց միջոցով որևէ եղանակով շրջանցելու համար։
- Օրենսդրորեն սահմանել նախընտրական քարոզչության համատեքստում կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների) կողմից իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքված ծառայությունների մատուցման (այդ թվում՝ վարձակալության և անհատույց օգտագործման/ծառայության) պայմանագրերի հրապարակման պահանջ։
- Ապահովել կուսակցությունների բանկային հաշիվների և քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամների վերաբերյալ տրամադրվող ամփոփ տեղեկանքների բովանդակության և ձևաչափերի համադրելիությունը, ինչպես նաև դրանց ժամկետների համաձայնեցումը։
- Միջոցներ ձեռնարկել բանկերի կողմից տրամադրվող համապատասխան տեղեկատվության ուշացումները բացառելու նպատակով։
- Քարոզչական ծախսերի օրինականության նկատմամբ արդյունավետ վերահսկողություն ապահովելու նպատակով նախատեսել կուսակցությունների բանկային հաշիվներից նախընտրական հիմնադրամներ փոխանցվող ֆինանսական միջոցների վերաբերյալ տվյալների պարտադիր համադրման և խաչաձև ստուգման գործառույթ։
- Սահմանել պահանջ և ապահովել տեխնիկական հնարավորություններ, որ կուսակցությունների ֆինանսներին առնչվող բոլոր փաստաթղթերը և տվյալները հրապարակվեն մեքենայաընթեռնելի, բաց տվյալների ձևաչափով՝ ապահովելով դրանց ամբողջական մշակման, վերլուծության և հետագա օգտագործման հնարավորությունը:
- Նախատեսել կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ տվյալների համակարգված և կենտրոնացված հրապարակման ձևաչափ՝ ապահովելով իրավասու մարմինների կայքերում դրանց հեշտ հասանելիությունը, այդ թվում՝ ըստ կուսակցությունների որոնման և համապատասխան տվյալների ու փաստաթղթերի մեկտեղված դիտարկման հնարավորությունը։
- Քաղաքական ուժերի նախընտրական քարոզչության օրինականության ստուգումն իրականացնել մանրամասն համադրելով և վերլուծելով նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը, բանկային տեղեկանքները, կուսակցությունների բանկային հաշիվներից կատարվող ծախսերը, այդ թվում՝ կուսակցության բանկային հաշվից կատարվող, սակայն նախընտրական հիմնադրամի ծախսերում չներառված, վճարումները վերհանելու նպատակով։
Կուսակցությունների պետական ֆինանսավորում
- Հստակեցնել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ կուսակցությունների ակտիվների արժեքի հաշվարկման կարգը՝ սահմանելով հաշվարկման ենթակա ակտիվների շրջանակը և դրանց գնահատման միասնական չափանիշները։ Նախատեսել կուսակցությունների ակտիվների արժեքը որոշելու պահանջ՝ տարեկան հաշվապահական հաշվեկշիռների և այլ անհրաժեշտ ֆինանսական փաստաթղթերի հիման վրա՝ ապահովելով համապատասխան տվյալների հասանելիությունը ԿԿՀ-ին և հանրությանը։
- Վերանայել կուսակցությունների պետական ֆինանսավորման գործող համակարգը՝ դիտարկելով ֆինանսավորման նվազագույն շեմի նվազեցման հնարավորությունը, ինչպես նաև գնահատելով միջոցների բաշխման բանաձևի և կուսակցությունների միջև ֆինանսավորման համամասնությունների ազդեցությունը քաղաքական մրցակցության և կուսակցական համակարգի զարգացման վրա։
- Վերանայել պետական ֆինանսավորում չհատկացնելու համար նախատեսված չափանիշները՝ իջեցնելով տվյալ տարում բոլոր կուսակցությունների պետական ֆինանսավորման համար նախատեսված ընդհանուր գումարի 5-ապատիկի շեմը կամ նախատեսել այլ չափանիշներ։
Քվեարկություն և ընտրողների իրավունքների ապահովում
Տեղամասերի հասանելիություն և պատրաստվածություն
- Սահմանել տեղամասերի ընտրության, այդ թվում՝ մատչելիության չափանիշների պահպանման նկատմամբ արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ և ստուգաթերթեր՝ գործընթացի վերահսկման պատասխանատվությունը դնելով ԸԸՀ-ների վրա։
- Սահմանել ընտրական տեղամասերի՝ քվեարկությանը պատրաստվածության ստուգման միասնական ստուգաթերթեր (checklist) ՏԸՀ-ների համար՝ քվեարկության նախօրեին ստուգելու քվեախցիկների բավարար քանակը, դրանց պատշաճ տեղադրությունը, քվեարկության գաղտնիության ապահովման պայմանները և անհրաժեշտ պարագաների, այդ թվում՝ սարքավորումների, ընտրական փաստաթղթերի, կնիքների, քվեատուփերի և այլ պարագաների առկայությունը, ամբողջականությունն ու պատշաճ վիճակը։
Քվեարկության ընթացակարգեր
- Ներդնել ընտրողին քվեարկության ընթացքում օգնություն (այդ թվում՝ ընտանիքի անդամի կողմից) տրամադրելու անհրաժեշտությունը գնահատելու լրացուցիչ մեխանիզմներ՝ կանխելու օգնության տրամադրման ընթացակարգի չարաշահումը և դրա օգտագործումը ընտրողների քվեարկությունը վերահսկելու կամ նրանց կամքի ազատ արտահայտման վրա ազդելու նպատակով։
- Մասնակից քաղաքական ուժերի վստահված անձանց համար նախատեսել ԿԸՀ կայքում նախապես սահմանված ժամկետում գրանցվելու և համապատասխան վկայական ստանալու պահանջ՝ դիտորդական կազմակերպությունների կողմից դիտորդներին գրանցելու ընթացակարգի համանմանությամբ՝ տվյալները հրապարակայնացնելու պայմանով։
- Ոստիկանության համար սահմանել առավել ակտիվ դերակատարում՝ ուժեղացնելու քվեարկության սենյակի մուտքի մոտ հսկողությունը և կանխարգելելու մարդկանց կուտակումները, նվազեցնելու ընտրողների վերահսկման, ուղղորդման և նրանց ընտրության վրա ազդելու հնարավորությունները՝ առանց ՏԸՀ նախագահի դիմելու։
Քվեարկության ընթացքում արձանագրված խնդիրների հասցեագրում
- Ապահովել գրանցամատյաններում արձանագրված յուրաքանչյուր հնարավոր խախտման վերաբերյալ ԸԸՀ-ների կողմից հստակ և պատճառաբանված իրավական գնահատականի ներկայացումը՝ խուսափելով ընդհանուր բնույթի ձևակերպումներից։
- ՏԸՀ-ների գրանցամատյաններում քվեարկության օրը արձանագրված խախտումների վերաբերյալ կայացված որոշումների հիմնավորվածությունը և իրավաչափությունը ապահովելու համար ԸԸՀ-ի կողմից իրականացվող վարչական վարույթի շրջանակներում ապահովել գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը՝ չսահմանափակվելով միայն ՏԸՀ նախագահի բացատրություններով, այլ անհրաժեշտության դեպքում ստանալով նաև հանձնաժողովի այլ անդամների, դիտորդների, վստահված անձանց, ԶԼՄ ներկայացուցիչների և գործի հանգամանքների պարզաբանման համար նշանակություն ունեցող այլ անձանց բացատրությունները, ինչպես նաև ուսումնասիրելով առկա բոլոր ապացույցները։
- Արձանագրված գնահատականների և ստացված բացատրությունների միջև հակասությունների առկայության դեպքում ձեռնարկել լրացուցիչ գործողություններ՝ փաստական հանգամանքների ամբողջական պարզման նպատակով։
- Վարչական իրավախախտման հատկանիշներ պարունակող դեպքերի առկայության դեպքում հանձաժողովի իրավասության շրջանակներում կազմել վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն և դիմել դատարան՝ համապատասխան անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։
- Հնարավոր հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու դեպքում ներկայացնել հաղորդումներ իրավապահ մարմիններին։
Քվեարկության արդյունքների հաշվարկ և ամփոփում
- Ընտրական օրենսգրքով նախատեսել հստակ մեխանիզմ, որը հնարավորություն կտա ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում գնահատելու այնպիսի էական ընտրական խախտումները, որոնք նախնական փուլում չեն ենթարկվել բովանդակային քննության՝ դիմումը սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու, խախտումը սահմանված վերջնաժամկետից ուշ արձանագրվելու, ոչ իրավասու սուբյեկտի կողմից ներկայացվելու, ընթացակարգային այլ պահանջների չպահպանման կամ օրենքով նախատեսված այլ հիմքի առկայությամբ պայմանավորված։
- Ապահովել ԿԸՀ-ի կողմից իր վարչարարության ընթացքում արձանագրված վարչական իրավախախտումների նկատմամբ օրենքով նախատեսված արձագանքման մեխանիզմների պատշաճ և հետևողական կիրառումը, այդ թվում՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրավախախտ անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով Վարչական դատարան դիմելու միջոցով, ինչպես նաև բարձրացնել ԿԸՀ որոշումների հիմնավորվածության մակարդակը։
- Սահմանել ստանդարտացված ստուգաթերթերի (checklist) պարտադիր կիրառում ՏԸՀ-ների համար, որ մինչև ընտրական նյութերը ԸԸՀ տեղափոխելը պարտադիր ստուգվի դրանց փաթեթավորման, կնքման և փաստաթղթավորման պահանջների ամբողջական պահպանումը՝ ներառյալ պարկերի փակված լինելը, կնիքները, ստորագրությունները, քաղվածքները, գրանցամատյանը և անհրաժեշտ բոլոր պարագաները։
Քվեարկության արդյունքների մուտքագրում և ներկայացում
- Վերանայել քվեարկության արդյունքների մուտքագրման և աղյուսակավորման գործող կարգը՝ ապահովելով ԿԸՀ-ի ու ԸԸՀ-ների միջև գործառույթների ու պատասխանատվության հստակ տարանջատումը և ձեռնարկելով գործուն քայլեր ԸԸՀ-ների՝ օրենքով սահմանված լիազորությունների ինքնուրույն և պրոֆեսիոնալ իրականացումն ապահովելու ուղղությամբ՝ ապահովելով նրանց անհրաժեշտ մարդկային ռեսուրսներով։
- Նախատեսել նախնական արդյունքների կրկնաստուգման և սխալների կանխարգելման մեխանիզմներ և ռեսուրսներ, ըստ անհրաժեշտության՝ երկարաձգելով քվեարկության արդյունքների հրապարակման ժամկետը։
- Նախատեսել պահանջ ԸԸՀ-ներում և ԿԸՀ-ում ստուգելու և վերլուծելու արձանագրությունների «Առարկության (հատուկ կարծիքի) համար» բաժնի նշումները՝ գնահատելու դրանցում բարձրացված խնդիրների և հնարավոր խախտումների բնույթը և դրանց ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա։
- Հստակեցնել ԸԸՀ-ներում հայտնաբերված թերությունների արձանագրման պարտականությունը՝ նախատեսելով, որ ՏԸՀ-ների կողմից թույլ տրված էական խախտումները կամ թերությունները պարտադիր արձանագրվեն գրանցամատյանում՝ անկախ դրանց հետագա շտկումից։
- Թվայնացնել քվեարկության արդյունքների արձանագրությունների ստուգման համակարգը՝ նվազեցնելով թվաբանական անհամապատասխանությունների, բացակայող տվյալների և սխալների ռիսկերը, օրինակ՝ ԸԸՀ-ներում արձանագրությունները սկանավորելու և բաց տվյալների վերածելու միջոցով։
- Սահմանել էական ընթացակարգային խախտումների միասնական արձագանքման մեխանիզմ՝ հստակ տարբերակելով տեխնիկական վրիպակները, շտկելի ընթացակարգային թերությունները և այն խախտումները, որոնք պետք է հանգեցնեն վերահաշվարկի, վարչական վարույթի կամ այլ իրավական հետևանքի։
- Ամրագրել ընտրական փաստաթղթերի կրկնակի ստուգման ընթացակարգ՝ սահմանելով, որ մինչև ՏԸՀ-ից նյութերի դուրսբերումը, դրանք ստուգվեն առնվազն երկու ՏԸՀ անդամի կողմից՝ սխալներն ու բացթողումները տեղամասում հայտնաբերելու և շտկելու նպատակով։
- ԿԸՀ կայքում քաղվածքների փոխարեն հրապարակել քվեարկության արդյունքների արձանագրությունների բնօրինակները։
Դիտորդական գործունեության երաշխիքներ
- Օրենսդրորեն սահմանել դիտորդական առաքելության հասկացությունը՝ ամրագրելով, որ այն դիտորդական կազմակերպությունների կողմից իրականացվող գործունեություն է, որի նպատակն ընտրական գործընթացների օրինականության և ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխանության դիտարկումն ու գնահատումն է։ Դիտորդական առաքելությունն անմիջականորեն իրականացվում է դիտորդական կազմակերպությունների կողմից հավատարմագրված դիտորդների կողմից։
- ԿԸՀ-ի կողմից դիտորդական կազմակերպությունների հավատարմագրման վերաբերյալ հետագա որոշումներ կայացնելիս առաջնորդվել ՀՀ վարչական դատարանի կողմից սահմանված չափանիշներով՝ կազմակերպությունների կանոնադրական նպատակները գնահատելով բովանդակային, այլ ոչ թե ձևական կամ տերմինաբանական տեսանկյունից և պարզելով դրանց իրական բովանդակությունն ու նպատակային ուղղվածությունը՝ անկախ կանոնադրությունում կիրառված կոնկրետ ձևակերպումներից։
- Սահմանել հավատարմագրված դիտորդական կազմակերպությունների՝ իրենց դիտորդական առաքելությունների ֆինանսավորման աղբյուրներն ու չափերը հրապարակելու պահանջ։
- Օրենսդրորեն հստակեցնել ընտրական հանձնաժողովների անդամների և անդամության թեկնածուների դասընթացներին, ինչպես նաև ստուգարքին, ԿԸՀ-ի կողմից հավատարմագրված դիտորդական կազմակերպությունների դիտորդների ներկա գտնվելու և գործընթացը դիտարկելու հնարավորությունը:
- Օրենսդրորեն ամրագրել դիտորդների՝ ընտրական հանձնաժողովների կողմից ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման հետ կապված այլ գործընթացներին հետևելու, ինչպես նաև նախընտրական քարոզչության ընթացքը, այդ թվում՝ նախընտրական հավաքները և միջոցառումները դիտարկելու իրավունքը։
- Ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 11-րդ մասում հստակ ամրագրել դիտորդների՝ համապատասխան գործընթացները ոչ միայն տեսանկարահանելու, այլև ձայնագրելու իրավունքը։ Տեսանկարահանելու, լուսանկարելու և ձայնագրելու իրավունքը տարածել նաև դիտորդների իրավունքների իրականացման հետ կապված այլ գործընթացների նկատմամբ, այդ թվում՝ դիտորդների իրավունքների հնարավոր խախտումների փաստագրման և ապացուցման նպատակով։
- Ապահովել ԸԸՀ-ների կողմից դիտորդների՝ օրենքով սահմանված իրավունքների անխոչընդոտ իրականացումը, այդ թվում՝ ընտրական փաստաթղթերին ամբողջական ծավալով ծանոթանալու և դրանք լուսանկարահանելու իրավունքը։
- ՏԸՀ-ների համանմանությամբ՝ նախատեսել ԸԸՀ գրանցամատյանում հանձնաժողովների անդամների, դիտորդների և վստահված անձանց կողմից ընտրական օրենսդրության պահանջների խախտումները արձանագրելու պահանջ ներկայացնելու իրավունքը՝ սահմանելով ԿԸՀ-ի կողմից այդ գրառումների պարտադիր ուսումնասիրության և գնահատման պահանջ։
- Օրենսդրությամբ հստակ սահմանել դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտությունը դիտորդի կարգավիճակից բխող իրավունքների խախտման վերաբերյալ գործերով, ինչպես նաև սահմանել դիտորդի և դիտորդական կազմակերպությունների կողմից օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումները վիճարկելու իրավունքը:
- Օրենսդրությամբ սահմանել դիտորդների և դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների՝ դիտորդական գործունեության ընթացքում ստացված տեղեկատվության աղբյուրների պաշտպանության երաշխիքներ՝ սահմանելով, որ աղբյուրի բացահայտումը կարող է պարտադրվել բացառապես դատարանի պատճառաբանված որոշմամբ՝ օրենքով հստակ սահմանված բացառիկ դեպքերում։ Համապատասխան կարգավորումները մշակելիս հիմք ընդունել լրատվական գործունեություն իրականացնողների և լրագրողների համար ՀՀ սահմանադրական դատարանի 2015 թ. հոկտեմբերի 20-ի ՍԴՈ-1234 որոշմամբ սահմանված պահանջները։ ՍԴ որոշման համաձայն՝ տեղեկատվության աղբյուրի բացահայտման օրինական շահը գերակա կարող է ճանաչվել այն չբացահայտելու հանրային շահի նկատմամբ այն դեպքերում՝ երբ աղբյուրի բացահայտումն անհրաժեշտ է անձի կյանքի պաշտպանության, ծանր (առանձնապես ծանր) հանցագործությունը կանխելու կամ ծանր (առանձնապես ծանր) հանցանքի մեջ մեղադրվող անձի դատական պաշտպանությունն ապահովելու համար։



















































