Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստի համաշխարհային օրը չի կարող սահմանափակվել ձևական հայտարարություններով, երբ մի ամբողջ ժողովրդի արվեստը ոչնչացվում և յուրացվում է անպատիժ»

Ապրիլ 15,2026 12:34 Share

Ապրիլի 15-ը՝ Արվեստի համաշխարհային օր

Այդ օրը, երբ աշխարհը խոսում է արվեստի արժեքի և միավորող ուժի մասին, մենք ստիպված ենք հիշեցնել․ այսօր Արցախի արվեստը նպատակաուղղված ոչնչացման և յուրացման զոհ է։

Արցախի ժողովրդի բռնի տեղահանության հետևանքով 12 գեղարվեստական կատարողական կոլեկտիվներ հայտնվել են հայրենիքից դուրս։ Դրանց մի մասը կարողացել է շարունակել իր գործունեությունը Հայաստանում՝ պահպանելով ավանդույթները՝ միջավայրի կորստի պայմաններում։ Մյուսները դադարել են գոյություն ունենալ՝ դառնալով կորուստների հերթական օղակը։

Առնվազն 10 պատկերասրահներ և գեղարվեստական ստուդիաներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նրանց ֆոնդերը թալանվել են, յուրացվել կամ գտնվում են անմիջական ոչնչացման վտանգի տակ։ Խոսքը միայն շենքերի կամ ցուցանմուշների մասին չէ․ խոսքը ամբողջ ժողովրդի մշակութային հիշողության համակարգված վերացման մասին է։

Տեղի ունեցողը ունի մշակութային ցեղասպանության բոլոր հատկանիշները՝ որպես քաղաքականություն, որը միտված է ոչնչացնելու մշակութային ինքնությունը, հիշողությունն ու ժառանգությունը։ Ոչնչացվում են ոչ միայն նյութական արժեքները, այլև այն միջավայրը, որտեղ մշակույթը կարող է գոյություն ունենալ և փոխանցվել սերունդներին։

Մենք ստիպված ենք արձանագրել․

Հայաստանի Հանրապետության իշխանությունները պատշաճ մակարդակով չեն բարձրաձայնում այս հարցերի մասին,

իսկ միջազգային հանրությունը շարունակում է լռել՝ փաստացի դառնալով տեղի ունեցողի համակիր։

Արվեստի համաշխարհային օրը չի կարող սահմանափակվել ձևական հայտարարություններով, երբ մի ամբողջ ժողովրդի արվեստը ոչնչացվում և յուրացվում է անպատիժ։

Արցախի արվեստն այսօր աքսորում է։

Բայց նրա հետ աքսորում են նաև ճշմարտությունը, հիշողությունն ու վերադարձի իրավունքը:

Լուսանկարում՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության շենքի պատին պատկերված որմնանկար, որն ոչնչացվել է շենքի քանդման հետեւանքով 2024թ. սեպտեմբերի 2-ին:

Առնոլդ Մելիքսեթյան

Արցախի մշակույթի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930