«Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի կառույցից գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստում որոշում է կայացվել 6-ի նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային կալանքը: Մեկի նկատմամբ միջնորդությունը մերժվել է, ու նա ազատ է արձակվել: Այս մասին հայտնել է կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։
Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հասմիկ Ամիրզադյանի նկատմամբ էր կիրառվել տնային կալանք։
Կարդացեք նաև
Կուսակցության Արտաշատի կառույցի 7 անդամների մեղադրանքներ էին առաջադրվել ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել։ Հակակոռուպցիոն դատարանում գիշերն ընթացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածների գործով դատական նիստը։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր. ձերբակալվել են մեկ տասնյակից ավել անձինք:
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել:
Հանցավոր գործունեությունը քողարկելու և չբացահայտվելու նպատակով հանցավոր խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, ձերբակալվել են մեկ տասնյակից ավել անձինք»:
«Ուժեղ Հայաստանը» տեղի ունեցողը որակում է որպես իշխանությունների վախի դրսևորում և ակնհայտ քաղաքական հետապնդում:


















































