Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում, այո՛, կա պատերազմի կուսակցություն, դա Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունն է»․ Քրիստինե Վարդանյան

Ապրիլ 18,2026 18:02 Share

Այսօր Վանաձորի բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարեց, որ Հայաստանում կա պատերազմի կուսակցություն, և դա Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունն է։

«Մենք անընդհատ ասում ենք, թե Հայաստանում չկա պատերազմի կամ խաղաղության բանավեճ, որովհետև երկրորդ կողմը՝ պատերազմի կողմը չկա։ Ասում ենք, որ չկա պատերազմի կուսակցություն, բայց ես վերջերս հասկացա, որ սխալ ենք ասում․ Հայաստանում իրականում կա պատերազմի կուսակցություն, այդ պատերազմի կուսակցությունը իշխող կուսակցությունն է, այդ պատերազմի կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունն է։ Հայաստանում կա մի հատ կուսակցություն, որն ասում է՝ Հայաստանի տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ։

Եթե պատերազմ է որևէ մեկը մեր վրա բերում, այս տեսակ հայտարարություններն են բերում։ Նիկոլ Փաշինյանից բացի  Հայաստանում պատերազմի առիթ տվող չկա։ Ու եթե կա եռագլուխ դև պատերազմի, Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև-Էրդողան եռագլուխ դևն է», -ասաց Քրիստինե Վարդանյանը։

Նա նշեց, որ հունիսի 7-ին Հայաստանն ընտրելու է բանակցողի, որը բնակիչների անունից պիտի գնա ու շատ ծանր դիրքերից վարի ծանրագույն բանակցություններ։

«Ընտրում ենք մարդու, ով պիտի ներկայացնի մեզ բոլորիս, ու մենք պարզ հարց պիտի տանք՝ ով կարող է դա անել։ Ես ձեզ շատ խնդրում եմ, ովքեր ձեզ հարցնում են՝ ում ընտրել, գնանք, չգնանք, ինչու ընտրենք,հարցրեք՝ ում եք ուզում, որ հունիսի 7-ից հետո ձեզ ներկայացնի, ներկայացնի Ալիևի առաջ, ներկայացնի Էրդողանի առաջ, ներկայացնի գերտերությունների ղեկավարների առաջ։ Եվ ուզենալուց բացի՝ ով կարող է դա անել։ Ով կարող է մեր անունից այնպես բանակցել, որ իմանանք միջազգային հանդիպում կա, չամաչենք միայն այն փաստից, թե ով մեր անունից պիտի գնա բանակցի», -ասաց Քրիստինե Վարդանյանը։

Նա ասաց, որ իրենց թիմի վարչապետի թեկնածուն արդեն իսկ մի անգամ արել է այս ամենը։

Նա, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժին, որը հայտարարում է, թե ունեն բացարձակ մեծամասնություն, ասաց․ «Սա բացարձակ մեծամասնություն ունեցող ուժի վարքագիծ չէ, սա ինքնավստահ ուժի վարքագիծ չէ։ Ի վերջո, ինքնավստահ ուժը իրեն էսպես չի պահում, հայտարարություններ չի անում, սեփական ժողովրդին պատերազմով չի սպառնում»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930