«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ այցելեցին Վանաձոր՝ հանդիպում ունենալով այս քաղաքի բնակիչների հետ ու պատասխանելով նրանց հուզող հարցերին։
Պատգամավոր Աննա Գրիգորյանը, դիմելով ներկաներին, ասաց, որ այս ընտրությունները ճակատագրական են լինելու և ՔՊ-ի վերընտրվելու դեպքում հիմնահատակ քանդվելու է Հայ Առաքելական եկեղեցին, փոխվելու է Սահմանադրությունը, հպատակվելու ենք Ալիևի բոլոր պահանջներին։
«Էլ չեմ խոսում անկլավների մասին, այս իշխանությունները հայտարարել են, որ դրանք Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ են մտնում, այսինքն՝ տարածքային կորուստներից, Սահմանադրություն, եկեղեցի, ինքնության փլուզում․․․ Այս ամենը դրված է սեղանին, և հետևաբար մեր ջանքերը պետք է այնպես լինեն, որ թույլ չտանք մեր պետության և ինքնության ամբողջական կործանում։
Կարդացեք նաև
Գիտեք, մենք շատ հաճախ ենք խոսում անվտանգության, սահմանների մասին, որովհետև դրանք մեր թիվ 1 մարտահրավերն է, թիվ 1 առաջնահերթությունը, բայց պակաս կարևոր չէ, թե երկրի ներսում ինչ է տեղի ունենում։ Պառակտվածություն, ամեն տեղ այս պառակտվածություն է, որը ես վստահ եմ հաջորդ իշխանության օրոք պիտի վերանա։
Եվ ինձ՝ նաև որպես երիտասարդ մայր, շատ հուզում է խաղամոլության, թմրամոլության և կրիմինալի առկայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Սա ուղղակի հիմնահատակ վերանալու է, քաղաքական կամքի պարագայում թմրամոլությունն ուղղակի վերանալու է»։
Նա քննադատեց գործող իշխանություններին՝ խոշոր ծրագրերի՝ «ԹՐԻՓԻՑ» մինչև խաղաղության խաչմերուկի մասին խոսելուց, սակայն Աջափնյակում մի մետրո չկառուցելու համար։ Ըստ պատգամավորի, 15 ջրամբար են խոստացել, սակայն 8 տարվա մեջ մի ջրամբար անգամ չեն կառուցել, կրկնապատկվել է պետական պարտքը։
«Իշխանափոխությունից հետո ինչպես որ մեր սահմանն է անվտանգ լինելու, ինչպես որ մեր ինքնությունն է պահպանվելու, այնպես էլ խոշոր ծրագրեր ենք իրականացնելու՝ ենթակառուցվածքներ կառուցելով, տնտեսությունը հզորացնելով և ամենևին ոչ արտաքին պարտքի ավելացման հաշվին»,-ասաց Աննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ ցինիզմ է մեղադրել իրենց ուժին պատերազմ բերելու մեջ, երբ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակահատվածում ընդհանարապես պատերազմներ չեն եղել։
Նաև անդրադարձավ խաղաղության պայմաններում բանակում զոհեր ունենալուն՝ նշելով, որ 2026 թվականին՝ 4 ամիսների ընթացքում 5 զոհ ենք ունեցել, ոչ թշնամու կրակոցից։
«Այսինքն մի ուժ առավոտից իրիկուն սրտիկներով խաղաղություն և այլն, բայց բանակում չորս ամսվա մեջ արդեն 5-րդ զոհ ունենք», ասաց Աննա Գրիգորյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































