Այսօր Վանաձորում մի երիտասարդ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցրեց, եթե այսօր ստանձնի ՀՀ վարչապետի պաշտոնը՝ ո՞ր երեք ուղղություններով փոփոխություններ կկատարի։
«Առաջին հերթին անվտանգությունը․ անվտանգությունն այն հարցն է, որի չլուծման դեպքում բոլոր ուրիշ հարցերը վտանգված են։ Ինչ էլ անես, վտանգված են, դրա համար բոլոր երկրների Սահմանադրությունը սկսվում է անվտանգությունից, տարածքային ամբողջականությունից։ Այդտեղից է սկսվում, որովհետև դա հիմքն է։
Անվտանգության ամրապնդում, այստեղ խոսքը պետք է գնա և՛ բանակի մասին՝ որպես անվտանգության կարևորագույն բաղադրիչ, և՛ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ համապատասխան դիվանագիտության։
Երկրորդը տնտեսական պրոբլեմներ են, որոնք այսօր կուտակվել են։
Կարդացեք նաև
Անհամաչափ զարգացում գյուղ-քաղաք, անհամաչափ զարգացում մայրաքաղաք-տարածքներ, սա ինչ-որ չափով սկսում է խփել նաև անվտանգությանը։ Երբ ասում են՝ կառուցելու ենք այսքան դպրոց, բայց մեկ դպրոց է կառուցվում հինգ դպրոց փակելու համար սահմանամերձ գոտիներում, սա դպրոցաշինություն չէ, սա սահմանամերձ գյուղերի փակման քաղաքականություն է։
Աշխատատեղեր և համաչափ զարգացում և մյուս կոմպոնենտը՝ երրորդը, այն մթնոլորտի վերացումն է, որ այսօր Հայաստանում ստեղծվել է, ատելության մթնոլորտի։
Գիտեք, երկրի առաջին դեմքի կեցվածքը բավական մեծ զանգված փորձում են կրկնօրինակել, ջահելների լեզվով ասած՝ թրենդ է դառնում առաջնորդի կեցվածքը, նույնիսկ առաջնորդի հոբբիները, առաջնորդը դահուկ է քշում, նայում ես երիտասարդների մի զգալի մասը սկսում է դահուկ քշել, սա կա, և դա ոչ միայն մեր երկրում։
Եթե առաջնորդը սկսում է կապիկություններ անել, ուրեմն դա ինչ-որ մի արտառոց բան է ձևավորում, առաջնորդը սկսում է հայհոյանքով խոսել, առաջնորդը սկսում է ատելություն քարոզել, հասարակությունը բաժանել, Արագած Արարատը իրար հետ կռվացնել ։Սա պետք է փոխվի ֆունդամենտալ։
Վերացնել այն մթնոլորտը, որն այսօր թունավորում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































