Լրահոս
Օրվա լրահոսը

«Տրանսպորտը թանկացել է, որովհետեւ դռներն ընկնող «Գազել»-ների մասին չենք խոսում, հարմարավետ ավտոբուսների մասին է խոսքը»․ ՔՊ-ական

Ապրիլ 20,2026 16:49 Share

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՄԻՊ 2025 թվականի գործունեության տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը բարձրաձայնեց առողջության պարտադիր ապահովագրության ոլորտում առկա խնդիրների մասին։

Իրինա Գասպարյան

«Ապահովագրության օրենքը մանրակրկիտ ոչ մշակված էր, ոչ էլ պատրաստված էր։ Ես ասեմ ուրիշ ռեֆորմի վերաբերյալ, որն էլի իմ տեսանկյունից տապալված է՝ տրանսպորտի ռեֆորմը, որովհետեւ քաղաքացիների մեծ զանգված մնացել են առանց տեղաշարժվելու իրավունքի, այդ թվում՝ ես։ Մարդիկ կամ ոտքով պետք է քայլեն, կամ 15-20 րոպեի փոխարեն պետք է ծախսեն 2-3 ժամ այս երթուղիներով։ Ոչ տրանսպորտի որակն է լավացել, բայց գումարը թանկացել է»,- ասաց պատգամավորը։

Ռուստամ Բաքոյան

Նիստը նախագահող ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն արձագանքեց․ «Տիկին Գասպարյան, ձեզ վստահեցնում եմ, որ դուք առողջապահական ապահովագրության աշխատանքի ծավալների մասին չեք պատկերացնում, դրա համար եք նման կերպ արտահայտվում։ Եթե դուք պատկերացնեիք՝ դա ինչ ծավալի աշխատանք է եւ ինչ ծավալի բարեփոխում ու ինչ ծավալի ներդրում է, այդ դեպքում դրա մասին այդպես չէիք արտահայտվի։

Իսկ տրանսպորտի գումարը փոփոխության է ենթարկվում, որովհետեւ դռներն ընկնող «Գազել»-ների մասին չենք խոսում։ Խցկված 14 հոգանոց «Գազել»-ը, որի մեջ 32 հոգի տարբեր բույրերով մարդիկ էին, ամբողջ մարմնով իրար հպված գնալու մասին չէ խոսքը, այլ հարմարավետ ավտոբուսների մասին է խոսքը։ Բայց բարեփոխումները շարունակվում են, եւ առնվազն քաղաքային իշխանություններն ու գործող իշխանություն ունեն բավարար կամք՝ այս փոփոխություններն էլ ավելի բարելավելու»։

Տիգրան Պարսիլյան

ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանն էլ հավելեց․ «Երբ տիկին Գասպարյանը շեշտեց տասնյակ տարիներով մշակած գծերի մասին, ինքը նկատի ուներ մասնավոր գծերը։ Ամեն մեկն էն ժամանակ վարի գնացած «Գազել»-ներով մի հատ գիծ վերցրել էր՝ սեփական գրպանը լցնելու համար։ Եվ այդ մշակված գծերն էին, որ, օրինակ, 5 համար «Գազել»-ներն ընտրությունների ժամանակ հայտնվում էին իրենց գծից դուրս, որպեսզի ընտրողներին զանգվածաբար տեղափոխեին ընտրատեղամաս»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930