Լրահոս
Օրվա լրահոսը

2025 թ.-ին ՄԻՊ աշխատակիցներն իրականացրել են 333 այց, նախորդ տարվանից 71-ով ավելի. Անահիտ Մանասյան

Ապրիլ 20,2026 17:23 Share

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 20-ին գումարված արտահերթ նիստում քննարկել է 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2025 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտնել է, որ տարեցտարի ավելացել է ՄԻՊ-ին ուղղված դիմում-բողոքների թիվը: Եթե 2024 թվականին ստացվել է 19.781 դիմում-բողոք՝ գրավոր եւ բանավոր, ապա 2025 թվականին դրանք ավելացել են՝ կազմելով 22.655:

2025 թվականին ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներն իրականացրել են 333 այց, ինչը նախորդ տարվա այցերից ավելի է 71-ով: Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին: Մասնավորապես՝ շուրջ 3 տասնյակ այցեր են իրականացվել՝ գնահատելու ֆիզիկական միջավայրի մատչելիությունը: Ըստ ՄԻՊ-ի՝ սա գրեթե աննախադեպ երեւույթ է կառույցի գործունեության մեջ:

Անահիտ Մանասյանը նշել է, որ բողոքներ են ստանում նաեւ դատական իշխանության մարմինների գործունեության առնչությամբ, թեեւ իրենք անընդհատ իրազեկում են, որ լիազորություն չունեն՝ միջամտելու դատական մարմինների գործունեությանը՝ 2024 թվականին այս ոլորտի վերաբերյալ ստացված 240 դիմում-բողոքի համեմատ 2025 թվականին ստացվել է 382 դիմում-բողոք:

Բողոքների շեշտակի աճ է գրանցվել որոշ կառույցների գործունեության կապակցությամբ:

«2025 թվականին շատ բարձր ցուցանիշ է գրանցվել ՄԻՊ-ի առաջարկները տարբեր պետական մարմինների կողմից կատարելու առումով»,- հաջորդիվ ընդգծել է Անահիտ Մանասյանը եւ հավելել, որ այդ թիվը 2025 թվականին կազմել է 72 տոկոս: Նրա խոսքով չի կատարվել իրենց առաջարկների 28 տոկոսը:

«Հայաստանում շատ խնդրահարույց է մնում կալանքի կիրառման պրակտիկան, եւ այս առումով մեր կողմից դարձյալ բազմաթիվ են արձանագրվող խնդիրները»,- ասել է Պաշտպանը եւ նշել, որ այս խնդրի դիտանկյունից պետությունը միանշանակ պետք է շատ լուրջ գործիքներ եւ կառուցակարգեր կիրառի՝ լուծելու համար տարիներով կուտակված խնդիրը:

Ըստ նրա՝ որոշ բողոքներ էլ կապված են եղել դատական գործերի ձգձգումների, գործերի քննության օբյեկտիվության հետ:

Անահիտ Մանասյանը նաեւ մի շարք վիճակագրական տվյալներ է ներկայացրել, որոնք վերաբերում էին աշխատանքային իրավունքների խախտումներին: Ըստ նրա՝ այս ոլորտը նույնպես լուրջ բարեփոխման կարիք ունի: Բարեփոխման կարիք ունի նաեւ երեխաների իրավունքներին վերաբերող ոլորտը: Այստեղ բողոքներից շատերը վերաբերել են օրենքով սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ներգրավվող երեխաներին: ՄԻՊ-ը նշել է՝ եթե երեխան 7 տարեկան հասակում է գնում դպրոց, ապա նրան միանգամից ընդգրկում են երկրորդ դասարան: Սա, ըստ նրա, լուրջ խնդիր է, ինչը լուծման կարիք ունի:

Անահիտ Մանասյանը նաեւ ներկայացրել է հաշմանդամություն ունեցող, հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձանց, ազատազրկվածների, Ադրբեջանում ապօրինի պահվող անձանց, բռնի տեղահանվածների հետ կապված խնդիրները, նշել որոշ վիճակագրական տվյալներ:

Նա պատասխանել է նաեւ պատգամավորների բազմաբնույթ հարցերին:

Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել հաղորդումը եւ զեկույցը, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930