Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան «հունգարագետները», Օրբանի պարտությունն ու Թրամփի հետ նրա «մտերմությունը»

Ապրիլ 22,2026 12:00 Share

«Առավոտը» զրուցել է «Քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ, հինգ տարի Հունգարիայում բնակված եւ փորձագիտական գործունեություն ծավալած Արմեն Գրիգորյանի հետ։

Հունգարիայի ընդդիմադիր առաջնորդ Պետեր Մադյարը հաղթեց Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ պարտության մատնելով երկիրը 16 տարի կառավարող Վիկտոր Օրբանին։ Եվրոպացի առաջնորդները չէին թաքցնում իրենց գոհունակությունը ընտրությունների արդյունքների համար։ «Հունգարիան ընտրեց Եվրոպային», «Երկիրը վերգտավ իր եվրոպական ուղին։ Միությունն ավելի է ուժեղանում», մասնավորապես գրել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել էր. «Ֆրանսիան ողջունում է ժողովրդավարական մասնակցության հաղթանակը, հունգարացի ժողովրդի հանձնառությունը Եվրոպական Միության արժեքներին եւ Հունգարիայի հանձնառությունը Եվրոպայի հանդեպ։ Եկե՛ք միասին առաջ շարժվենք դեպի ավելի ինքնիշխան Եվրոպա՝ հանուն մեր մայրցամաքի անվտանգության, մեր մրցակցայնության եւ մեր ժողովրդավարության»։

«Քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ, հինգ տարի Հունգարիայում բնակված եւ փորձագիտական գործունեություն ծավալած Արմեն Գրիգորյանին հարցրեցինք, թե ինչպե՞ս կազդի ԵՄ-ի ապագայի վրա Օրբանի պարտությունը։

Նա պատասխանեց. «ԵՄ-ից դրական արձագանքները միանգամայն հասկանալի են, հաշվի առնելով տարիներ շարունակ կուտակված բազմաթիվ խնդիրները։ Օրբանի օրոք օրենքի գերակայության ոտնահարումը, ԵՄ-ի որոշումների կայացման մեխանիզմների չարաշահումը կամ որոշ կարեւոր որոշումներ առհասարակ արգելափակելը, Ռուսաստանի եւ Չինաստանի քարոզչական կամպանիաներում ներգրավվածությունը եւ նրանց օգտին տեղեկատվական արտահոսքերը՝ ինչի վկայություններ ի հայտ էին գալիս տարիներ շարունակ եւ չեն սահմանափակվել ընտրություններից անմիջապես առաջ հանրությանը հայտնի դարձած դեպքերով՝ Օրբանի, Պուտինի հետ հեռախոսային զրույցում ծառայություններ մատուցելու առաջարկով կամ արտգործնախարար Սիյարտոյի կողմից ԵՄ նախարարների խորհրդում քննարկումների բովանդակությունը Լավրովին զեկուցելով, եւ այլն, վաղուց լցրել են, թե հունգարացիների, թե ԵՄ գործընկերների համբերության բաժակը։

2010թ. խոհրդարանական բացարձակ մեծամասնություն ստանալուց հետո Օրբանն օգտվեց առիթից՝ վերաձեւելով սահմանադրությունը. Սահմանադրական դատարանը, դատական համակարգը, Կենտրոնական բանկը, Աուդիտի պետական ծառայությունը, Ազգային հարկային խորհուրդը, դատախազությունը, լրատվական ոլորտը կարգավորող եւ այլ պետական հաստատություններ հայտնվեցին Օրբանի կողմից նշանակած պաշտոնյաների կատարյալ վերահսկողության տակ՝ ինչ ըստ էության հանգեցրեց զսպման եւ հակակշիռների վերացմանը, բնութագրվելով «պետության զավթում՝ ամրագրված հիմնարար օրենքով»։

2018թ. ընդդիմադիր կուսակցությունները միասին ստացել էին հարյուր հազարով ավելի քվե, սակայն թե հարեւան երկրներում բնակվող էթնիկ հունգարացիների քվեները, որոնց Օրբանը քաղաքացիություն էր շնորհել եւ նյութական խթաններ տրամադրել, թե նվազագույն շեմը չանցած կուսակցությունների քվեների փոշիացումը, թե մեծամասնական ընտրակարգի հետ կատարված մանիպուլյացիաները դարձյալ ապահովեցին Օրբանի Ֆիդես կուսակցության 2/3 սահմանադրական մեծամասնությունը։ Պետք է նկատի ունենալ, որ Հունգարիայում հանրաքվեով սահմանադրության փոփոխություն նախատեսված չէ, եւ 2/3 մեծամասնության առկայությունն առանցքային նշանակություն ունի։ Չորս անգամ անընդմեջ հաղթած Ֆիդեսն ամեն անգամ նոր սահմանադրական փոփոխություններ էր կատարում՝ իր դիրքերն առավել ամրապնդելու համար։

Օրբանի վարած քաղաքականության պատճառով սառեցված սուբսիդիաները նաեւ կենսական նշանակություն ունեն Հունգարիայի ենթակառուցվածքների արդիականացման համար, եւ վերջին 4 տարիների ընթացքում սառեցված շուրջ 35 միլիարդ եվրոյի մոտ կեսը դեռեւս կարող է փոխանցվել Հունգարիային՝ չափանիշներին համապատասխանելու դեպքում։ Իսկ Օրբանի օրոք չարաշահումները զավեշտալի մակարդակի էին հասել։ 2010թ. Օրբանի վարչապետ դառնալուց ինը տարի անց ամենահարուստ հունգարացի՝ մեկ միլիարդ եվրոյից ավելի կարողությամբ, դարձավ նրա մանկության ընկեր, նախկինում գազի սարքեր սպասարկող Լյորինց Մեսարոշը, ով պարծենում էր, որ «ավելի խելացի է, քան Մարկ Զաքերբերգը» եւ որ իր կարողությամբ պարտական է «Աստծուն, բախտին եւ Վիկտորին»:

Այդ հարստության զգալի մասը կուտակվել է պետական գնումների շնորհիվ՝ ջրամատակարարման համակարգերի, ճանապարհաշինության, ու այլ ոլորտներում՝ ԵՄ-ի տրամադրած միջոցների չարաշահմամբ, եւ ծխախոտի մենաշնորհային խանութների կոնցեսիայից: Մեծ հարստություն են կուտակել նաեւ Օրբանի հայրը, եղբայրները, փեսան եւ այլ մերձավորներ՝ ոչ թափանցիկ մասնավորեցման գործարքների եւ պետական գնումների, պետական միջոցներով շինարարական նախագծերի շնորհիվ»:

Հայտնի է, որ Բուդապեշտը այլ ԵՄ երկրների հետ կքննարկի Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու գաղափարը։ Միեւնույն ժամանակ ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը նշեց, որ Հունգարիան չի աջակցի Ուկրաինայի արագացված անդամակցությանը Եվրամիությանը, սակայն Բուդապեշտը պատրաստ է քննարկել Կիեւին վարկ տրամադրելու հարցը։

ԵՄ-ի կողմից հետխորհրդային երկրների նկատմամբ վարվող քաղաքականության փոփոխություն կարելի՞ է կանխատեսել՝ Հունգարիայում ընտրությունների արդյունքներով, հարցրեցինք մեր զրուցակցին։

«Առհասարակ, համեմատած Օրբանի կառավարման վերջին տարիների հետ, երբ քարոզչությունը ԵՄ-ին փնովում էր՝ որպես գրեթե թշնամական կառույցի, նոր կառավարությունից պետք է ակնկալել կառուցողական մոտեցում թե Բրյուսելի, թե ԵՄ-ի առանցքային խաղացողների նկատմամբ՝ ընդհանուր արժեքների եւ ընդհանուր շահի ընկալմամբ։

Տարբեր ոլորտներում, այդ թվում՝ հետխորհրդային երկրների նկատմամբ վարվող քաղաքականության վերաբերյալ որոշումներն արգելափակելը՝ հաճախակի պարզապես ոչ անդամ պետության շահերից ելնելով, այլեւս այդքան մեծ խնդիր չի լինելու, սակայն նոր կառավարությունն առաջին հերթին կենտրոնանալու է ներքին խնդիրների լուծման վրա՝ մտապահելով արագ համակարգային բարեփոխումների կենսական լինելը եւ այդ ճանապարհին աննախադեպ հանրային աջակցության պահպանման կարեւորությունը։ Ուստի, տարբեր հարցերի վերաբերյալ դիրքորոշումները՝ հարեւանության քաղաքականություն, ներգաղթ եւ այլն, հաշվի են առնելու հանրային տրամադրությունները։

Միեւնույն ժամանակ, Օրբանի պարտությունը կարող է անուղղակիորեն ազդել նաեւ ԵՄ-ի միասնականությանը կամ որոշումների կայացման կոնսենսուսին սպառնացող մյուս «իլլիբերալ» առաջնորդի՝ Սլովակիայի վարչապետ Ռ. Ֆիցոյի վրա, որը նույնպես կարող է ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրել՝ հնարավոր մեկուսացումը կանխելու համար։ Հատկանշական է, որ պատմության որոշ դրվագների եւ Սլովակիայի հունգարական փոքրամասնության կարգավիճակի պատճառով երկար ժամանակ լարված Օրբանի եւ Ֆիցոյի հարաբերությունները ջերմացան եւ անգամ դարձան դաշնակցային՝ Օրբանի «իլլիբերալ» մոդելի գրավչության պատճառով», նկատեց մեր զրուցակիցը։

Օրբանի պարտությունից հետո մի ուշագրավ կարծիք շրջանառվեց, նաեւ՝ հայաստանյան «հունգարագետների» շրջանում, թե՝ այդ երկրում ընդդիմության հաղթանակը հետընթացի նշան է արեւմտյան պահպանողական շրջանակների համար, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, որի մտերիմն է վարչապետ Օրբանը։ Նաեւ Օրբան-Վենս հանդիպումն էին մատնանշում, ներկայացնելով, թե իբր՝ «ԱՄՆ-ի թեկնածուն պարտվեց»։

Հետաքրքրականն այն է, որ Օրբանը տարիներ շարունակ համարվել է պաշտոնական Մոսկվայի գործընկերը, ԵՄ գործընկերների կողմից կոշտ քննադատության է ենթարկվել։ Օրբանը ոչ միայն Կրեմլի, նաեւ՝ Ադրբեջանի գործընկերն էր, սակայն հայաստանյան «փորձագետները» միայն նկատեցին Օրբանի «ամերիկյան աջակցությունը»։

Ի դեպ, ուշագրավ էր նաեւ Մոսկվայի արձագանքը։ Կրեմլը չի ​​պատրաստվում շնորհավորել հունգարական ընդդիմության առաջնորդ Պետեր Մադյարին խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակի կապակցությամբ, քանի որ Հունգարիան «ոչ բարեկամական երկիր» է, նշեց Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նաեւ կարծիք էր հայտնել, որ Մոսկվայի եւ Բուդապեշտի միջեւ հարաբերությունները չեն կարող ավելի վատ լինել, քանի որ «սրանից վատի տեղ չկա»։

Արմեն Գրիգորյանին խնդրեցինք մեկնաբանել վերոնշյալ զավեշտալի փաստերը։

«Օրբանին ԱՄՆ-ի թեկնածու եւ ոչ Ռուսաստանի շահերը սպասարկող ներկայացնելն առավել զավեշտալի է, երբ դրանով զբաղված են, մասնավորապես, նախկինում նրա՝ Բրյուսելի, «գլոբալիստների» եւ այլ հորինված թշնամիների դեմ վարած պայքարը, «իլլիբերալ» կառավարումը, ԵՄ-ի միասնականության դեմ գործողությունները եւ «հակապատերազմական» պրոռուսական քարոզչությունը գովաբանողները։ Ռուսաստանի հետ նրա կապերի մասին այնքան նյութեր կան, որ տարիներ շարունակ Հունգարիայում գործընթացներին չհետեւածների կողմից դա այժմ ժխտելը ժխտողների մոտիվացիայի վերաբերյալ կասկածներ է առաջացնում։

Իսկ Վենսի այցն իսկապես սպասվածի հակառակ ոչ թե ավելացրել, այլ անգամ նվազեցրել է Ֆիդեսի ռեյտինգը, բայց ընդամենը 3 տոկոսով, ինչը չափազանց քիչ է, որպեսզի որոշիչ գործոն համարվի սահմանադրական մեծամասնությունից (135-ը 199-ից) դեպի ընդդիմության սահմանադրական մեծամասնություն (141-ը 199-ից) անցման գործընթացում։ Զավեշտալի է նաեւ, երբ Օրբանի պարտությունը Վենսի այցի հետ կապողները կարծես մոգական մտածողությամբ պատկերացնում են, որ Վենսի այցը «աչքով տալու» պես մի բան էր, եւ դրա համար իրենք էլ կարող են ինչ-որ շանս ունենալ», նշեց մեր զրուցակիցը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած ընդդիմադիր Պետեր Մադյարին, նշելով. «Այս ժողովրդավարական ընտրություններն արտացոլում են հունգար ժողովրդի կամքը եւ երկրի ապագայի տեսլականը»: Օրբան-Ալիեւ մտերիմ հարաբերությունների «պտուղներից» մեկն այն էր, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 2012թ. օգոստոսի 31-ին ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին։ Հունգարիան 2024թ. ապրիլին արգելափակեց Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ 2025-ի ապրիլին Բուդապեշտը դարձյալ արգելափակեց ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին գումար հատկացնելու առաջարկը։ Բուդապեշտը պահանջում էր, որ ծրագրում նաեւ Ադրբեջանը ներառվի։

Հետեւաբար, ի՞նչ սպասել Հայաստան-Հունգարիա փոխհարաբերություններում՝ Օրբանի պարտությունից հետո, ի՞նչ ուղղություններով, ի՞նչ քայլերով պետք է կառուցել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ի՞նչ հնարավորություններ են ստեղծվել Հայաստանի համար՝ Օրբանի պարտության համատեքստում, հարց ուղղեցինք Արմեն Գրիգորյանին։

Նրա խոսքով. «Հնարավորությունների առումով՝ ԵՄ-ի առավել համերաշխ լինելն, ընդհանուր առմամբ, նպաստավոր կլինի Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման համար։ Սակայն դրա առավել կարեւոր նախապայմանը Հայաստանի արտաքին քաղաքականության վրա որոշիչ ազդեցություն ունեցող ԱԺ ընտրությունների արդյունքում Հայաստանի-ԵՄ-ի համագործակցության համար նպաստավոր իրավիճակի ապահովումն է»։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930