ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 22-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։
Կարևորելով Միացյալ Թագավորության հետ ձևավորված սերտ գործընկերային հարաբերությունները՝ Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ ՆԳՆ բարեփոխումների օրակարգում բրիտանական առաջադեմ փորձի կիրառումն ու մեթոդական աջակցությունը չափազանց կարևոր են։
Նախարարի տեղակալը նշել է, որ միջազգային հարաբերությունների սերտացմանը զուգընթաց, վերափոխվում է նաև հանցավորության բնույթը՝ դառնալով անդրսահմանային, ինչը պահանջում է իրավապահ համակարգի կարողությունների շարունակական արդիականացում։ Նա ընդգծել է, որ այդ համատեքստում օտար լեզուների իմացությունը միջազգային գործընկերների հետ արդյունավետ հաղորդակցման և փորձի փոխանակման գլխավոր նախապայմաններից է։
Դեսպան Ալեքսանդրա Քոուլը, բարձր գնահատելով երկկողմ փոխգործակցությունը, վերահաստատել է Միացյալ Թագավորության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՆԳՆ բարեփոխումներին։
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում ամփոփվել է ՆԳ նախարարության և Միացյալ Թագավորության դեսպանատան համագործակցությամբ անցկացված անգլերենի վեցամսյա վերապատրաստումը։ Դասընթացը հաջողությամբ ավարտած ծառայողներին հանձնվել են հավաստագրեր։
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն


















































