Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 8-րդ կետը հստակ ասում է, որ ՀՀ քաղաքացիների պաշտպանությունը արտերկրում Հայաստանի Հանրապետության պարտականությունն է». Լարիսա Ալավերդյանի հիշեցումը ՄԻՊ Անահիտ Մանասյանին

Ապրիլ 22,2026 23:30 Share

Ապօրինաբար դատապարտված Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից իր ընտանիքի հետ հեռախոսազրույցի միջոցով ուղերձ է փոխանցել ՀՀ ՄԻՊ-ին, որին պատասխանել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Aravot.am-ը այս թեմայի շուրջ զրուցեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

-Տիկին Ալավերդյան։ Ռուբեն Վարդանյանի ուղերձին ՀՀ օմբուդսմանի պատասխանն ըստ էության այն մասին է, որ ինքը չի կարող զբաղվել արտերկրում անազատության մեջ պահվող ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ։ Բայց մենք հիշում ենք, որ Գուրգեն Մարգարյանի սպանության գործով դատավարությանը, այն ժամանակ Դուք էիք Հայաստանի ՄԻՊ-ը, ձեր ներկայացուցիչը նաև մասնակցել է դատավարությանը։

-Այն ժամանակ մեր ներկայացուցիչը ոչ միայն մասնակցում էր։ Մենք անմիջապես հայտարարել ենք, թե քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հայտնվել է արտերկրում և այնտեղ է նրա կարևորագույն՝ կյանքի իրավունքը ոտնահարվել, ապա դա մեր պարտականությունն է, այլ ոչ միայն իրավունքը։

Ես կարծում եմ՝ նման պատասխանի համար երկու տարբերակ կա՝ իրապես սահմանադրական իրավունքի սխալ կամ վատ իմացություն կամ ընկալում, քանի որ իմ ասածը ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ սահմանադրությամբ հաստատված պարտականություն։ Սահմանադրության 47-րդ հոդվածը իր 8-րդ կետով հստակ ասում է, որ ՀՀ քաղաքացիների պաշտպանությունը արտերկրում Հայաստանի Հանրապետության պարտականությունն է։ Դա գրված է և քննարկման ենթակա չէ։

Եվ քանի որ նույն Սահմանադրության 191-րդ հոդվածով մարդու իրավունքների պաշտպանը անկախ պաշտոնական անձ է, ապա հասկանալի է, որ դա իր սուրբ պարտականություններից մեկն է ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ընդ որում, ընդգծվում է, որ նա պետք է պաշտպանի այն դեպքում, երբ որ իրավունքները ոտնահարվում են կամ պատշաճ չեն պաշտպանվում իշխանական պետական մարմինների կողմից։ Մնում է մտածել, որ դա ավելորդ վախ է, որն անպայման պիտի չափվի։ Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում այսօր ոչ թե ընդհանրապես մարդու և քաղաքացիների իրավունքների պաշտպան է, այլ մեկ մարդու կամք կատարող։

-Ռուբեն Վարդանյանը երեք հարց է ուղղել Հայաստանի ՄԻՊ-ին, որոնցից ոչ մեկին ըստ էության պատասխան չի տրվել։

-ՄԻՊ-ի ամենամեծ անկախության երաշխիքը վերին աստիճանի բարձր հեղինակությունն է հասարակության մեջ, որը ինքը վայելել է և կարողացել է ձեռք բերել մարդու իրավունքների պաշտպանության դաշտում։ Ցավոք, տվյալ դեպքում սա երկրորդ պաշտպանն է, որին նշանակել է գործող իշխանությունը, և նրանք իրենց ընկալում են ոչ թե որպես անկախ բարձրաստիճան պաշտոնատար անձ, այլ որպես գործող իշխանության չինովնիկներից մեկը։ Դա է խնդիրը։

Մարդու իրավունքների առաջին պաշտպանի ժամանակ մենք գործում էինք օրենքի սահմաններում, կոռեկտ, բայց և անկախ։ Դա է հիմքը։ Ես երբևէ չեմ մտածել, որ պետք է կատարեմ իշխանության կամքը։ Մարդու իրավունքների պաշտպանությունը ամեն մարդու գործ չէ։ Իրոք, պետք է ունենալ քաղաքացիական խիզախություն, ազնվություն, ի վերջո բարոյական բարձր չափանիշների համապատասխանություն։

-Թե ՄԻՊ-ը, թե իշխանությունը նշում են, թե գերիների հարցը օրակարգում է, բայց չեն խոսում, որ չվնասեն։ Սակայն իրականում գործնական քայլեր չեն կատարվում։ Իսկ միջազգային կառույցները ակտիվ քայլեր չեն ձեռնարկում, քանի որ Հայաստանի իշխանությունները նրանց վստահեցնում են, թե իրենք են զբաղվում։ Մենք գիտենք Իսրայելի օրինակը, թե ինչպես է այդ երկիրը զբաղվում իր գերիներով։

-Ես ամբողջովին համաձայն եմ հարցադրման հետ։ Եվ այս սյուժեն ապացուցում է 2018 թվականից, մանավանդ 2020 թվականից սկսած իմ հայտարարությունների իսկությունը, որ ես ունեմ հիմնավոր կասկած, որ այդ անձինք գերի են ընկել, Ադրբեջանի պատանդ են մնացել ոչ առանց այս իշխանության ուղղակի կամ անուղղակի մասնակցության։ Եվ դուք ամբողջովին ճիշտ եք, երբ ասում եք՝ դա խոչընդոտում է այլոց մասնակցել այդպիսի գործողության։

Երբ դուք Իսրայելի մասին խոսում եք, հիշեցնեմ, որ Լապշինը, որը երեք պետությունների քաղաքացի է, փաստորեն Ադրբեջանից մազապուրծ փրկվել է հենց Իսրայելի շնորհիվ, որովհետև մյուս երկու պետությունները չեն աշխատել նրան ազատելու համար։ Դա պայծառ օրինակ է, և չի կարելի ասել, որ Լապշինը իր հասարակական գործունեության մեջ հանդես էր գալիս որպես Իսրայելի ղեկավարության քաղաքականության պաշտպան։ Այսինքն՝ Իսրայելը տվյալ դեպքում գործել է իր սահմանադրությանը համապատասխան։

Բոլոր պետությունների սահմանադրության մեջ կա կետը, որ պետությունը իր քաղաքացիների իրավունքները պաշտպանում է նաև, երբ քաղաքացիների իրավունքները ոտնահարվել են իր երկրի սահմաններից դուրս։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930