Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնյան հռչակագիրը մեծացրել է մարտահրավերներին դիմակայելու Հայաստանի կարողությունները. Արմեն Գրիգորյան

Ապրիլ 22,2026 23:45 Share

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի համոզմամբ՝ 2025 թվականին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը մեծացրել է Հայաստանի կարողությունները՝ դիմակայելու մարտահրավերներին և բացասական ազդեցություններին, որոնք գալիս են ինչպես ուկրաինական, այնպես էլ մերձավորարևելյան հակամարտություններից։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ է հայտնել Հունաստանում անցկացվող «Դելֆի տնտեսական ֆորում»-ի պանելային քննարկման ընթացքում՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես, Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին և դրա ազդեցությանը Հայաստանի վրա։

«Մենք տեսնում էինք, որ պատերազմը մոտենում է (խմբ․՝ նկատի է առնվում ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև պատերազմը)։ Մենք տեսնում ենք ոչ միայն այն ամենն, ինչ հանրային է, բայց նաև այն, ինչ ներառված է այլ զեկույցներում, որոնցում, չէի ասի՝ ակնհայտորեն, բայց իրադարձությունների ընթացքը տանում էր դեպի պատերազմ»,-շեշտել է Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը հավելել է, որ հաշվի առնելով հանգամանքը, որ պատերազմն ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում իր բացասական ազդեցությունն է ունենում Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա՝ Հայաստանն ակտիվորեն աշխատել է խաղաղության հաստատման ուղղությամբ։

Գրիգորյանը մատնանշել է, որ հենց այդ բացասական ազդեցությունները հնարավորինս նվազեցնելու նպատակով Հայաստանը շարժվել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և, ընդհանրապես, խաղաղության ուղղությամբ։

«Այդ ակտիվ աշխատանքի և խաղաղության ուղղությամբ շարժվելու շնորհիվ մենք ունեցանք Վաշինգտոնի խաղաղության հռչակագիրը, Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը, ինչն իրական խաղաղություն բերեց մեր տարածաշրջան․ սա նաև մեծացրեց մեր կարողությունները՝ դիմակայելու մարտահրավերներին, որոնք գալիս են ուկրաինական ու մերձավորարևելյան հակամարտություններից և բացասական ազդեցություն են ունենում մեզ վրա»,-ասել է Գրիգորյանը։

Նա նաև շեշտել է, որ այժմ Հայաստանն, ինչպես ամբողջ աշխարհը զգում է Հորմուզի նեղուցի փակման ազդեցությունը, որը, Գրիգորյանի խոսքով, Հայաստանի կառավարությունը փորձում է նվազեցնել։

ԱԽ քարտուղարն այս համատեքստում նաև ընդգծել է, որ իրադրության վրա իր ազդեցությունն է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև տնտեսական փոխգործակցությունը, ինչի արդյունքում Ադրբեջանից Հայաստան է ներկրվում նավթամթերք։

«Սրա արդյունքում Հայաստանում նվազեցին վառելիքի արժեքները, սակայն Հորմուզի նեղուցի փակման հետևանքով դրանք բարձրացան, իսկ հիմա վառելիքի արժեքը հավասարվել է այն ցուցանիշին, որն, օրինակ, կար նախորդ տարվա հոկտեմբերին, այնպես որ, ազդեցությունը հնարավորինս նվազեցված է։ Այդուհանդերձ, Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը ևս ազդեցություն է կրում սրանից, ինչի հետևանքով ՀՀ կառավարությունը ստիպված էր սուբսիդավորել գյուղատնտեսներին»,-նշել է Արմեն Գրիգորյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930