«Ուզում եմ խոսքս ուղղել նրանց, ովքեր դեռ չեն կորցրել իրավիճակը սթափ դատելու կարողությունը եւ ովքեր իրապես մտահոգ են Հայաստանի հայկական, ավանդական ու հոգեւոր լինելու էքզիստենցիալ հարցերով, ովքեր հաշտ չեն Հայաստանի օրվա իշխանությունների բերած կեղծիքի, ստի, սպառնալիքների, դավերի եւ ուրացման հետ»,- ասում է Նիժնի Նովգորոդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը:
«Օրերս վարչապետն իր մտքի օվկիան իմաստության շտեմարաններից երկնել է իր հերթական հանճարեղ կեղծ ու անհիմն թեզերը, որոնցից մեկով պնդում է, թե մի շարք հայտնի դեպքերում եկեղեցին այլ երկրների շահերն է առաջ մղում՝ ընդդեմ ՀՀ ինքնիշխանության…Ո՞ր ինքնիշխանության՝ ադրբեջանամե՞տ, թշնամահաճո՞, անարարժանապատի՞վ, վախկո՞տ, անսկզբո՞ւնք եւ հանձնվողակա՞ն:
Դու հանձնել եւ ուրացել ես հայկական Արցախը, 440 վանք ու եկեղեցի, շուրջ 400 միջնադարյան գերեզմաններ, 2385 խաչքար, 181 գյուղ, 12 քաղաք, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սուվերեն տարածքները… Ինքնիշխանությո՞ւն, զրոյական կետի՞ց, նշաձողի իջեցումո՞վ, որի արդյունքում անդառնալի մարդկային, հոգեւոր, բարոյական, տարածքային, տնտեսական անվերջանալի կորուստներ ունեցանք, իսկ այս ամենի ֆոնին Հայ եկեղեցին, որ դատապարտում է քո ազգուրաց եւ հայատյաց քաղաքականությունը եւ այս ամենով հանդերձ՝ դեռ եկեղեցի՞ն է օտար շահերի սպասարկող…
Հիմա էլ անպատկառաբար սահմանադրությանն ու օրինականությանը ՝ հակառակ, այսպես կոչված Հայ եկեղեցու բարենորոգում չարափառ արշավը դարձել է ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրի կետ, որպեսզի ընտրություններում հաջողելուց հետո, որին ես չեմ հավատում, հազարամյա հայոց ինքնության խարիսխ հանդիսացող մեր մայր եկեղեցին հիմնահատակ ավերելիս հղում անի ժողովրդից ստացած մանդատին՝ խուսափելով պատասխանատվությունից»,-հավելեց Տեր Սեբեոսը:
Կարդացեք նաև
Դառնալով Փաշինյանի այն արտահայտությունը, թե այս ընտրություններում ժողովրդի ձայնի միջոցով պետք է արտահայտվի նաեւ Աստծո ձայնը, Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանն ընդգծում է. «Վարչաբենդի» թմբկահար մտքի գոհարներից է՝ ժողովուրդը աստծո ձայնի կրողն է եւ այլն: Մեր սաղմոսասած վարչապետի տրամաբանությամբ՝ Հիսուսի խաչելությամբ մահվան դատապարտող ժողովուրդը Աստծո ձայնի կրողն էր…Հայաստանում բնակվող բնակչությունից ընդամենը 680.000-ն են Աստծո ձայնի կրո՞ղը…
Ստացվել է այնպես, որ հունիսի 7-ը ոչ միայն համապետական խորհրդարանական ընտրությունների օրն է, այլեւ Սուրբ Էջմիածնի տոնը, գիտեի՞ք… այդ Այդ օրը Հայ եկեղեցու սուրբ ավազանից ծնված, Հայ եկեղեցու ճշմարիտ հետեւորդը պետք է ընտրություն կատարի Էջմիածնի եւ անդեմի միջեւ, բարու եւ չարի, հոգեւորի եւ անբարոյականության, ազգայինի եւ ուրացման, հայամետի ու հայատյացի միջեւ: Աղոթենք անդադար, մտածենք ինքնուրույն եւ մասնակցենք ընտրություններին Սուրբ էջմիածնի խորհրդով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































