ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարների հետ «Քաղաքացու օրվա» առիթով եղավ Մարալիկում, որտեղ մշակութային, սպորտային միջոցառումներ էին կազմակերպել, տեղի արտադրողների արտադրանք էին ի ցույց դրել, ինչպես նաև դպրոցների աշակերտների նախագծային աշխատանքները։
Կենտրոնական հրապարակում մեծ թվով մարդիկ էին հավաքվել նրան դիմավորելու։ Նա անխտիր բոլորին, անգամ երեխաներին ձեռքով բարևելով ու «Քաղաքացու օրվա» առիթով շնորհավորելով՝ հարցնում էր ամեն մեկի որպիսությունը։
«Բարև, եղբայր, լա՞վ ես, տրամադրությո՞ւնը»,- հարցնում էր Նիկոլ Փաշինյանը։ «Մարտական»,-պատասխանեց տղամարդկանցից մեկը։
Քաղաքացիներից մեկին էլ հարցրեց․ «Լա՞վ եք», որին նա պատասխանեց․ «Չէ, շատ վատ եմ»։ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց․ «Ի՞նչ է եղել», քաղաքացին լուրջ դեմքով շարունակեց․ « Զոքանչս մահացավ»։ Նիկոլ Փաշինյանին թվաց, թե տղամարդը լուրջ զրույց մեջ է, ցավակցեց, մինչդեռ նա սկսեց կատակել․ «Հինգ կուբ բետոն լցրեցի զոքանչիս վրա, ելավ, եկավ»։
Հումորն այնքան չստացված էր, որ վարչապետը հազիվ թե կարողացավ ծիծաղել։
Այս տղամարդուն հաջորդեց մեկ ուրիշը, որն իր խոսքը սկսեց գովեստով․ «Այնքան շնորհակալ ենք ձեզ, որ մեր Մարալիկի սաղ փողոցները սարքել եք, բայց ինչղ օր կոստյումը հագցնես մարդուն, կոշիկները ծակ մնան, այնտեղ մի փոքր փողոց կա, 130 մետր է»։ Նիկոլ Փաշինյանը իմացավ փողոցի անունը՝ խոստանալով, որ այն ևս կվերանորոգեն։
Կարդացեք նաև
«Բարով եկար մեռնիմ քեզի, հիշո՞ւմ ես ինձ»,- Փաշինյանին դիմավորեց մի կին ու սկսեց համբուրել։
Մեկ այլ քաղաքացի էլ խնդրեց իրեն մի րոպե տրամադրել, ասաց, որ Ամասիայի հեռավոր Մեղրաշատ սահմանամերձ գյուղից է եղել, բերքը մնացել է, մոտ 152 տոննա, նա բողոքեց, որ ցորենը առնող չկա։ Փաշինյանը նրան ուղղորդեց էկոնոմիկայի Գևորգ Պապոյանի մոտ։
Գովասանքներին, շնորհակալական խոսքերին զուգահեռ՝ մարդիկ վարչապետին մոտենում էին նաև լուրջ խնդիրներով։ Մի զինծառայող մոտեցավ, ասաց, որ ատեստացիան անցել է, բայց հետհաշվարկը չի ստացել։ Եվ մինչ Փաշինյանն նրան ուղղորդում էր Սուրեն Պապիկյանի մոտ, զինվորականը փորձեց նամակ հանձնել։
«Կարող եք փոխանցել նամակը, բայց հիմա եթերում կլսեն, կլուծեն այդ խնդիրը, այդպես ավելի էֆեկտիվ է»,-խորհուրդ տվեց Փաշինյանը։
Քաղաքացիները, հատկապես երեխաները մոտենում էին ու, այսպես ասած, իրական Հայաստանի քարտեզներ ուզում Նիկոլ Փաշինյանից, նա հաճույքով բաժանում էր՝ ասելով, որ շատ լավ նվեր է «Քաղաքացու օրվա» առիթով։
Մի զինվորական էլ ասաց, որ աչքերը կույր են, սակայն բնակարան չի ստացել, չի հերթագրվել, իրեն ասել են, հերթագրում չկա։ Փաշինյանն ասաց՝ կնայեն, կմտածեն՝ ինչ տարբերակով կարող են լուծել խնդիրը։
Նիկոլ Փաշինյանին խորոված հյուրասիրեցին, նա հրաժարվեց՝ ասելով․ «Նախաճաշել եմ, շնորհակալ եմ, անուշ արեք»։
«Մի հատ շնորհավորեք մեզ», -ասաց սեղան գցած քաղաքացիները։
«Չեմ խմում, բայց կչխկացնեմ»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ բաժակ բարձրացնելով ու շնորհավորելով։
Կառավարության ղեկավարը շրջեց տաղավարներով։
Մի կին, վարչապետին տեսնելով, կարծես կենաց ասեր․«Մենք նշում ենք քաղաքացու օրը, ուստի ես ուզում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի ապրի արժանապատիվ, բայց այդ արժանապատվությունը գալիս է նրանից, որ յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր հայրենիքի համար մի լավ բան անելու»։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Հայրենիքի համար մի լավ բան անելը, ես պատկերացնում եմ հետևյալ կերպ՝ աշխատել, արդյունք ստեղծել, օրենքով սահմանված հարկերը վճարել, որ իր հերթին կառավարությունը հնարավորություն ունենա առողջապահական ապահովագրության համակարգով, դպրոցաշինությամբ, մանկապարտեզաշինությամբ, ճանապարհաշինությամբ և այլ ներդրումների միջոցով այդ աշխատանքը վերադարձնել քաղաքացիներին»։
Մի քաղաքացի էլ ձեռքով բարևեց՝ ասելով․ «Ընկեր Փաշինյան, բարև ձեզ», հետո ուղղեց խոսքը՝ դարձնելով «պարոն Փաշինյան»։
Նիկոլ Փաշինյանը Մարալիկի բամբակամանվածքային գործարանի ներկայացուցիչներից հետաքրքրվեց, թե աշխատո՞ւմ են, նրանք ասացին, որ 64 աշխատող ունեն ու ցանկացան նվերներ տալ Փաշինյանին իրենց արտադրանքից, սակայն նա հրաժարվեց։
«Չէ, նվերներ պետք չեն», -ասաց Փաշինյանը ՝ հեռանալով։
«Դու քաղաքացի՞ ես, թե՞ պարզապես դիտորդ»,- տաղավարներից մեկում դպրոցականները Փաշինյանին խնդրեցին պատասխանել այդ հարցին։ Փաշինյանը գրավոր պատասխանեց։ Արվեստի դպրոցներից մեկն էլ Փաշինյանին նկարած սրտիկ նվիրեց, որն արդեն դարձել է նրա քարոզչության խորհրդանիշը։
Նա Մարալիկում ծառ տնկեց, դասախոսություն կարդաց «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը խորագրով ու հեռացավ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ





















































