Լրահոս
Օրվա լրահոսը

«Բրյուսելներում, Վաշինգտոններում պետք է իմանան՝ հայը դեմ է, որ իր երկիրը դարձնեն անդեմ կառույց, հայը դեմ է, որ իրեն կտտանքների ենթարկեն»

Ապրիլ 29,2026 14:05 Share

«Սա հակաեվրոպական ակցիա չէ, թող գան եվրոպացիները, բայց թող հասկանան, թե որտեղ են գալիս։ «Ժողովրդավարության բաստիոնը» բանտ է դարձել։ Մարդկանց անգամ սոցիալական ցանցերում «լայքի» համար են աշխատանքից ազատում։ Եվրոպացի մեր գործընկերները պետք է իմանան դրա մասին»,- ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։

 

Այսօր եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ 6 հայկական կուսակցություններ համատեղ նամակ փոխանցեցին ՀՀ-ում ԵՄ գրասենյակ։ Նամակը դիմում-կոչ է ԵՄ ղեկավարությանը, Երեւանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակիցներին, եվրոպական քաղաքական ընտանիքների ղեկավարներին, որտեղ բարձրաձայնվում են Հայաստանում տիրող հակաժողովրդավարական իրավիճակի, Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների, արցախահայության խնդիրների, Արցախում ոչնչացվող հայկական հետքի մասին։ Նամակի հեղինակներն են Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամներ ՀՀԿ-ն եւ «Ժառանգություն» կուսակցությունը, Սոցիալիստների եւ Դեմոկրատների անդամ ՀՅԴ-ն, Եվրոպական պահպանողականների եւ բարեփոխիչների անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների ալյանսի անդամ ՀԱԿ-ը, Եվրոպական ազատ ալյանսի անդամ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։

«ՀՀ իշխանություններն այսօր վարում են հակապետական եւ հակազգային քաղաքականություն՝ անունը դնելով ժողովրդավարություն։ Հայ ժողովուրդը հաշտ չէ դրա հետ եւ եվրոպացի մեր գործընկերները պետք է դրա մասին իմանան։ Կան բազմաթիվ եվրոպական, միջազգային կազմակերպություններ, որոնք խոսել են այն «խուժանության» մասին, որ կատարվում է Հայաստանում»,- ասաց Արման Աբովյանը՝ հավելելով, որ այն, ինչ կատարվում է Արցախի տարածքում՝ մշակութային արժեքների վերացում, հայկական հետքի ջնջում, դա ուղիղ «Արեւմտյան Ադրբեջան» ծրագրի իրականացումն է եւ մենք պարտավոր ենք ասել, որ հաշտ չենք դրա հետ, չենք ուզում, որ մեզ ցեղասպանեն։

Ի՞նչ սպասել Եվրոպայից, որը լռեց, երբ Արցախը շրջափակման մեջ էր, երբ 120 հազար արցախցիներ բռնի տեղահանվում էին՝ հարցին, Արման Աբովյանը պատասխանեց․ «Բրյուսելներում, Վաշինգտոններում պետք է իմանան՝ հայը դեմ է, որ իր երկիրը դարձնեն անդեմ կառույց, հայը դեմ է, որ իրեն կտտանքների ենթարկեն։ Այո, մենք դեմ ենք, որ թրքալեզու ցեղերին բերեն եւ բնակեցնեն Հայաստանում»։

Միաժամանակ, Արման Աբովյանը նշում է, որ պատրանքներով չպետք է ապրենք, որ հյուսիսից «ինչ-որ ձյաձյա կամ տյոտյա» կգա ու մեզ կփրկի․ «Սրանք քաղաքական քայլեր են, բայց մեր փրկիչը մենք ենք»։

Այսօր առավոտյան Հայաստան է ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը։ Այցի նպատակի մասին հարցին, Արման Աբովյանը պատասխանեց․ «Ադրբեջանը եւ Թուրքիան ամեն ինչ անելու են, որ այս իշխանությունները վերարտադրվեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930