ԵՄ-ն Հայաստանում սատարում է ավտորիտարիզմին եւ մեր պահանջը այն է, որ Եվրոպան տեր կանգնի իր իսկ արժեքներին․ ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ կայացած ցույցի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ 6 հայկական կուսակցություններ համատեղ նամակով դիմել են ԵՄ ղեկավարությանը, Երեւանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակիցներին, եվրոպական քաղաքական ընտանիքների ղեկավարներին՝ բարձրաձայնելով Հայաստանում տիրող հակաժողովրդավարական իրավիճակի, Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների, արցախահայության խնդիրների, Արցախում ոչնչացվող հայկական հետքի մասին։ Նամակի հեղինակներն են Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամներ ՀՀԿ-ն եւ «Ժառանգություն» կուսակցությունը, Սոցիալիստների եւ Դեմոկրատների անդամ ՀՅԴ-ն, Եվրոպական պահպանողականների եւ բարեփոխիչների անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների ալյանսի անդամ ՀԱԿ-ը, Եվրոպական ազատ ալյանսի անդամ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։
Կարդացեք նաև
«Նամակում մենք օգտագործում ենք ԵՄ գագաթաժողովի առիթը, ոչ թե որպես Փաշինյանի նախընտրական շոուին հետեւելու լուռ առիթ, այլ այդ առիթով նիկոլական նախընտրական խնջույքը՝ Հայաստանի մասին դառը ճշմարտությունը բարձրաձայնելու։ Գալ՝ կերուխում անել ու տանտերերին չհարցնել՝ ո՞նց եք, ընդունելի չէ։ Հայաստանը շղթայված է, Հայաստանի եւ Արցախի համար պայքարող մարդիկ շղթայված են, Հայաստանում շղթայված են բոլոր հիմնարար ազատությունները․ մենք կոչ ենք անում Եվրոպային՝ վերջ տալ երկդիմությանը»,- ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նամակը նախատեսվում էր փոխանցել ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Վասիլիս Մարագոսին։
ԵՄ ներկայացուցչությունից, սակայն, ոչ ոք դուրս չեկավ նամակը վերցնելու։ Նամակը փոխանցվեց անվտանգության աշխատակիցների միջոցով։
«Ամոթ ԵՄ դեսպանին, հիմնական դիվանագիտական կորպուսի աշխատակիցներին, որ անձամբ նամակը վերցնել չկարողացան։ Եվրոպական դիվանագիտական ծառայությունը Հայաստանում ծառայում է Նիկոլին»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ























































