Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ամենայն հավանականությամբ, եկել է Հայաստան՝ մայիսի 3-ին և 4-ին նախատեսված ԵՄ գագաթաժողովին ընդառաջ ՀՀ իշխանություններին հրահանգներ տալու։ Այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
«Երևի թե ադրբեջանական կողմը կոնկրետ հրահանգներ է իջեցնելու մեր ղեկավարին՝ ինչ խոսի, ինչ թեմայով խոսի, ինչ շեշտադրումներ անի իր ելույթում։ Առանց ադրբեջանական հրահանգների Նիկոլ Փաշինյանը որևէ ուղերձ չի հնչեցնում, որևէ ելույթ չի ունենում որևէ միջազգային հարթակում»,- ասաց պատգամավորը։
Կյուրեղյանն անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ ասաց, որ ավելի լավ թեկնածու, քան Փաշինյանն է Ադրբեջանի համար, չի կարող լինել, որովհետև ՔՊ-ն պատրաստակամորեն իրականացնում է Ադրբեջանի պահանջները, եթե դեռ չեն էլ իրականացրել, ապա արտահայտում են իրենց պատրաստակամությունը ապագայում անելու. «Դրա համար ադրբեջանական պատվիրակությունը եկել է տարբեր ձևով իրենց աջակցությունը փոխանցելու այս ղեկավարությանը, որ առաջիկա մեկ-երկու ամիսներին հանրության հետ աշխատեն այնպես, որ հեշտ լինի վերընտրվել։ Որովհետև Ադրբեջանը հասկանում է՝ Փաշինյանի վերընտրությունից է կախված իրենց ծրագրի ամբողջական կատարումը, լավ հասկանում են, որ Փաշինյանը պետք է անպայման վերընտրվի, որ կատարեն թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերը»։
Կյուրեղյանի խոսքով՝ ադրբեջանցիների աջակցության ու հրահանգների արդյունքում այս իշխանությունները ոչ միայն խոսում են Սահմանադրության փոփոխության պատրաստակամության մասին, այլև չեն հերքում 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու նրանց առաջարկը. «Ինչու չեն հակադարձում, երբ Ալիևն ասում է՝ 300.000 ադրբեջանցի պետք է գա Հայաստան, որևէ մի ՔՊ-ականի՝ լինի ԱԺ նախագահ, թե վարչապետ, որևէ մեկի մտքով չի անցնում հակադարձել։ Ինչու չեն պահանջում մեր 500.000 հայը, որ այնտեղից եկել են, այդ հայերի վերադարձը Բաքու, Կիրովաբադ։ Եթե երկու կողմն էլ պատրաստ են խաղաղության»։
Կարդացեք նաև
Կյուրեղյանը այս ամենից եզրահանգել է, որ Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի կարգախոսը՝ «ասեք, կանենք», փաստորեն ուղղված էր Ադրբեջանին. «Նրանք Ադրբեջանի իշխանությանը ասում են՝ ինչ ասեք, կանենք, միայն թե մեր իշխանական աթոռը մեր տակից չտանեք»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































