ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը ելույթով հանդես եկավ «Իրավիճակը Միջին Արևելքում» խորագրով Բահրեյնի նախագահությամբ կայացած ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանն` ուրվագծելով հայաստանյան կողմի մոտեցումները Միջին Արևելքի տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ։
Մեծ անհանգստությամբ նշվեց, որ Հայաստանի անմիջական հարևանությամբ տեղի ունեցած ռազմական էսկալացիան հանգեցրել է մարդկային զոհերի, քաղաքացիական ենթակառուցվածքի ոչնչացման և համաշխարհային մշակութային ժառանգության ճանաչված կոթողների վնասման։
Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալն ընդգծեց, որ ՀՀ ղեկավարությունը սերտ կապի մեջ է եղել պատերազմի ազդեցությունը կրող պետությունների կառավարությունների հետ և հայաստանյան կողմի ուղերձը հստակ է՝ բոլոր հարցերի հասցեագրման միակ ճանապարհը դիվանագիտությունն է և բանակցությունները։
Ժիրայր Անանյանն առանձնանշեց, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունել է ռազմական գործողությունները դադարեցնելու և դե-էսկալացիայի ուղղությամբ շարժվելու Իրանի և Միացյալ Նահանգների որոշումը՝ հավելելով, որ պետք է իրական հնարավորություն տալ դիվանագիտությանն՝ առկա բոլոր հարցերը կարգավորելու և Միջին Արևելքում խաղաղությունը պահպանելու համար։
Կարդացեք նաև
Միևնույն ժամանակ, խորն անհանգստություն հայտնելով Լիբանանում հումանիտար իրադրության կապակցությամբ՝ ընդգծվեց քրիստոնեական համայնքների անվտանգության և բոլոր իրավունքների երաշխավորման կարևորությունը։ Կողմերին նաև կոչ արվեց ձեռնարկել բոլոր քայլերը Լիբանանում ժամանակավոր տեղակայված խաղաղապահ առաքելության /UNIFIL/ անձնակազմի և տեղակայման վայրերի անվտանգության ապահովման նպատակով՝ շեշտելով, որ Լիբանանում խաղաղապահ անձնակազմի վրա հարձակումների համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
ՄԱԿ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ


















































