«Առանձին պատվիրակությունների կողմից ինչ-որ հանդիպման հետաքրքրություն մինչ այս պահը չի եղել, չեմ էլ կարծում, որ ամենաբարձր մակարդակով մեկը ցանկություն հայտնի հանդիպելու: Վստահ եմ, որ բազմաթիվ հարցեր իրենց զեկուցվել ու զեկուցվում են, այդ թվում՝ մեր այստեղ ներկայությունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով Երեւանում անցկացվող ԵՄ գագաթնաժողովին, որին մասնակցելու են եկել մի շարք եվրոպական երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, ղեկավարներ ու պատվիրակություններ:
Նրա խոսքով՝ առաջին հայացքից միշտ թվում է՝ անիմաստ գործով են զբաղված ու որեւէ ձեւով լսելի չեն իրենց բողոքի ցույցերը, բայց իրականում այդպես չէ. «Եթե նախկինում այս խնդիրները նաեւ ՀՀ իշխանությունների մակարդակով էին բարձրաձայնվում, հիմա ոչ միայն չի բարձրաձայնվում, այլեւ բարձրաձայնվածն էլ փորձ է արվում խլեցնել»:
Ստեփանյանն ասաց, որ ակնկալում է, որ այսօր իրենց բարձրաձայնած հումանիտար բնույթի խնդիրներն առավել ուշադրության կարժանանան. «Առաջին հերթին գերիների ազատ արձակման հարցը, անհետ կորածների ճակատագրի որոշման հարցն է, մշակութային ժառանգության պահպանության հարցն է»:
Կարդացեք նաև
Ստեփանյանը նաեւ ասաց, որ գերիների ազատ արձակման հարցը քաղաքական կարգավորում ունի, պետք է բանակցել Ադրբեջանի հետ. «Հիմնվել միայն իրավական գործընթացների վրա այլեւս որեւէ արդյունավետություն չունի կամ նվազ արդյունավետություն ունի»:
Հիշեցնենք, որ քաղաքացիներն այսօր ամբողջ օրվա գրաֆիկով բողոքի ցույցեր են անցկացնում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում, որտեղ անցկացվում է ԵՄ գագաթնաժողովը, որին մասնակցում են ՀՀ եկած եվրոպական գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, պատվիրակություններ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































