Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի՝ Ռուսաստանից կախվածությունը հենց հիմա ամենաբարձր մակարդակի վրա է»․ Սամվել Կարապետյան

Մայիս 07,2026 16:57 Share

«Մեր գլխավոր նպատակը լինելու է կառուցել հարաբերություններ բոլոր այն երկրների եւ կազմակերպությունների հետ, որոնցից Հայաստանն ու հայ ժողովուրդը կարող է օգուտ ունենալ։ Բացարձակ նշանակություն չունի երկրների անունները, նույնիսկ Մոզամբիկից, եթե մենք կարողանանք օգուտ ունենալ, Մոզամբիկի հետ ունենալու ենք շատ լավ հարաբերություններ։ Իսկ ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ես միշտ իմ հայտարարություններում ասել եմ՝ եթե այդ երկրներում կան Սփյուռքի ներկայացուցիչներ, մենք նույնիսկ պարտավոր ենք ամեն ինչ անել՝ ունենալու այդ երկրների հետ լավ հարաբերություններ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե իշխանության գալու դեպքում, բացի Ռուսաստանից որ երկրների հետ է համագործակցությունն ընդլայնելու։

«Ինչ վերաբերում է իմ ռուսամետությանը, իրոք, ես Ռուսաստանին չեմ համարում մեզ թշնամի, համարում եմ բարեկամ երկիր, բայց ինձ համար գլխավորը Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերն են»,- ասաց նա։

Հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունների հարցում գործող իշխանությանը հակառակ քաղաքականությո՞ւն են վարելու, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Թուրքիայի հետ մենք ունենալու ենք նորմալ հարաբերություն, բայց Հայաստանի շահերից ելնելով»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցին, որ իշխանություններն իրենց մեղադրում են Հայաստանը միութենական կազմի մեջ մտցնելու եւ գուբերնիա սարքելու փորձերի համար, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Մենք Հայաստանը դարձնելու ենք տարածաշրջանի ամենազարգացող, ամենաակտիվ, ամենագեղեցիկ, ամենահարուստ երկիրը։ Մնացած բոլոր խոսույթներն իրենց մասին են։ Հենց Փաշինյանը վերընտրվեց, մենք ոչ թե Ռուսաստանի գուբերնիա ենք դառնալու, դառնալու ենք Ադրբեջանի գուբերնիա, քանի որ հիմա ինքը հանդես է գալիս Ադրբեջանի մարզպետի դերում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Սամվել Կարապետյանը նաեւ ասաց, որ Հայաստանի՝ Ռուսաստանից կախվածությունը հենց հիմա ամենաբարձր մակարդակի վրա է։ «Եթե ձեզ թվում է՝ Հայաստանի իշխանությունների, Հայաստանի բյուջեի հաշվին է այսօր Հայաստանն ապրում ու զարգանում, դուք չարաչար սխալվում եք։ Դա կապ չունի Հայաստանի իշխանությունների հետ, ամբողջությամբ կախված է դրսի տրանսֆերտներից։ Եթե ես ուզեմ էլ, չեմ կարող ավելի մեծ մակարդակի հասցնել այդ կախվածությունը, բայց ես հասկանում եմ, որ Ռուսաստանը եղել է, լինելու է մեր ռազմավարական դաշնակիցը, լինելու է մեր գլխավոր տնտեսական դաշնակիցը, որովհետեւ մենք ուրիշ հնարավորություն այսօր չունենք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հարցին՝ նա ասաց, որ այս իշխանություններն արդեն քանի տարի է՝ հայտարարություններ են անում ՀԱՊԿ-ի մասին, հնարավորություն ունեին մեկ ստորագրությամբ դուրս գալ ՀԱՊԿ-ից։ «Այսինքն՝ վախենո՞ւմ եք, ի՞նչ եք ուզում ասեմ՝ մենք չունենք երկրորդ ռազմական համագործակցության կառույց։ Ոչ մեկն այսօր մեզ հետ չի ստորագրի, բայց մենք չենք կարող, լինելով փոքր երկիր, գոնե չունենանք ինչ-որ մի պետության հետ ռազմական դաշինք։ Փաշինյանը թող երեկ Մակրոնի հետ ստորագրեր ռազմատնտեսական փոխօգնության պայմանագիր, ոչ թե երգեր-պարեր, կարեւոր հարցեր լուծեր մեր երկրի համար»,- նշեց նա։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ դերակատարում է ունեցել ՌԴ նախագահ Պուտինը իր՝ Հայաստանի քաղաքական դաշտում դերակատարություն ստանձնելու հարցում, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Այսինքն՝ ի՞նչ եք ուզում ասեմ՝ Պուտինն ինձ կանչեց, ասաց՝ շուտով հորդ քառասունքն է, դու կգնաս անպայման կմասնակցես հորդ քառասունքի պատարագին, դուրս գալուց մենք ունենք մեր գործակալ լրագրողը, կմոտենա քեզ, մի հատ հարց կտա, հետո ունենք մեր գործակալ Փաշինյանը, քեզ կձերբակալի, կկալանավորի, կտանի կպահի ամենածանր պայմաններում, դրանից հետո դու խելքդ գլուխդ կհավաքես, մտնես քաղաքականության մեջ, կգնաս, կհաղթե՞ս։ Եթե դուք այդպես եք պատկերացնում, ես ոչ մի մեկնաբանություն չունեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության հարցին՝ նա ասաց․ «Ես մտավախություն չունեմ ոչ մի բանից, ես հայտարարում եմ, որ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Քոչարյանն արել է շատ կոռեկտ հայտարարություն, որ ինքը սատարելու է օպոզիցիայից առաջին տեղ զբաղեցնող ուժին, այսինքն՝ մեր ուժին։ Ես չգիտեմ՝ էլ ինչ ասենք, որ մարդիկ հավատան, որ չկան ուրիշ գործարքներ։ Ստվերային գործարքների մենք չենք մասնակցում, կյանքում չենք մասնակցել»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031