Ապրիլի 30-ին ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով (ֆիզիկական ներգործություն` մերձավոր ազգականի) նախաձեռնվել է քրեական վարույթ, որը կապված է Գյումրու «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադիր Համլետ Գևորգյանի և նրա որդու՝ Պարույր Գևորգյանի միջև դեռ 2,5 տարի առաջ՝ 2024 թվականի նոյեմբերին տեղի ունեցած վիճաբանության ու ծեծկռտուքի հետ։
Այդ ժամանակ՝ 2024 թվականի նոյեմբերի 16-ին Շիրակի մարզային քննչական վարչությունում հայր ու որդու միջև տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ խուլիգանության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։ 3 օր առաջ՝ մայիսի 5-ին ոստիկանության Կումայրի բաժինը ստացել է ինչպես քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրությունը, այնպես էլ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որով պարզ է դառնում, որ որդին՝ Պ․ Գևորգյանը «ձախ այտային և աջ դաստակի երրորդ մատի շրջանների քերծվածք» մարմնական վնասվածքը ստացել է բութ առարկաների առնվազն երկու ներգործությամբ։ Դատաբժշկական եզրակացության մեջ նաև գրված է, որ «ձախ նախաբազկի շրջանի արյունազեղում» ախտորոշմամբ մարմնական վնասվածքներ է ստացել նաև Պ․Գևորգյանի մայրը, ինչը հետևանք է բութ առարկաների առնվազն երկու ներգործության։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «Ֆիզիկական ներգործությունը» հոդվածով։ Նշենք, որ Գյումրու «Գըվուգ Գաստրո Տան» սեփականատերը վերջերս հայտնվել էր օգտատերերի քննադատության թիրախում․ այստեղ հյուրընկալել էին ռուսաստանաբնակ ադրբեջանցիներ Ահմենդով եղբայրներին՝ Ռովշենին և Իլհամին, որոնք իրենց տանտիրոջ պես էին պահել, բարձր տրամադրությամբ կերուխում արել, ադրբեջաներենով ինչ-որ բաներ ասել ու այս ամենը նկարահանել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































