Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ համար պիտի այդ անձին երախտագիտություն հայտնեին․ «Հայացք Երեւանից»

Մայիս 10,2026 10:00 Share

Որքան մոտենում է խորհրդարանական ընտրությունների օրը՝ հունիսի 7-ը, այնքան իշխանական խուճապը կամ, ինչպես ժողովուրդը կասեր, «մանթրաժը» ամենատարբեր դրսեւորումներով իրեն զգալ է տալիս: Ըստ երեւույթին՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը սպառել է քարոզչական հնարամտության բոլոր պաշարները եւ ստիպված է «ձեռքը գցել փրփուրներին»: Խոսքը Ֆեյսբուքում շրջանառվող՝ «Վերադարձ Հայաստան. Չկա Հայաստան՝ առանց Փաշինյան» (պետք է լինի՝ առանց Փաշինյանի) գրությամբ անճաշակ մի պաստառի մասին է, որի վրա, բացի Փաշինյանի նկարից, պատկերված են ՔՊ-ի կողմից որպես գովազդային տարր օգտագործվող «սրտիկի» նշանը եւ ՀՀ քարտեզը։

Գովազդի վերջին հատվածը, որտեղ պետության գոյությունը պայմանավորվում է մեկ անձով, ոչ մի քննադատության չի դիմանում: Մանավանդ որ, այդ անձը Փաշինյանի պես անողնաշար մեկն է: Պաստառն այլ կերպ, քան քարոզչական խոտան, չես բնորոշի: «Սա այն ձեռագիրն է, որով կառուցվել են պատմության բոլոր բռնապետությունները՝ Ստալինից մինչեւ Հյուսիսային Կորեա։ Մեկ մարդու հետ պետության նույնացումը միայն մի բան է նշանակում՝ դուք, որպես քաղաքացի, այլեւս գոյություն չունեք»,- գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Պաստառը նաեւ հանրության սուր ծաղրին է արժանացել՝ եւ ոչ անհիմն:

Factor.am-ի տեղեկացմամբ՝ խնդրո առարկա քարոզչական խոտանը տարածվել է Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի տեսանյութից: Վերջինս այն հրապարակել է ապրիլի 25-ին, երբ այլ քաղաքացիների հետ նշում էր «Քաղաքացու օրը» եւ մասնակցում «խորոված փարթի»-ին։ Լրատվականը Մինասյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք գովազդի միտքն իր կամ ՔՊ-ի կողմից է հղացել. «Քաղաքացին ինքնակամ է սարքել՝ իր ցանկությունն է, իր մտածելակերպն է»,- ասել է նա: Ըստ Մինասյանի, պաստառի հեղինակը Ոսկեհասկ գյուղից է, բնակվում է ՌԴ-ում, բայց որոշել է այլեւս վերադառնալ ծննդավայր:

Թեեւ Գյումրիի ավագանու ՔՊ-ական անդամը փորձում է համոզել, թե չի կիսում գովազդի հեղինակի դիրքորոշումը, առերեւույթ հանգամանքները հակառակն են պնդում: Պարզ է, որ «Չկա Հայաստան՝ առանց Փաշինյան» մտքի հետ անհամաձայնության դեպքում Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում չէր հրապարակի իրականությունը խեղաթյուրող նման դրույթ, որով փորձ է արվում լայնորեն տարածել ազգադավ ղեկավարի, թույլ կառավարչի եւ ապաշնորհ բանակցողի անփոխարինելիության գաղափարը: Բայց իսկապե՞ս անփոխարինելի է ազգին բազում աղետներ բերած այդ թյուրիմացությունը: Իր ասելով՝ մարզային հանդիպումներին համայնքի ամեն 2-րդ բնակիչ մոտենում, շնորհակալություն էր հայտնում իրենից:

Ճիշտն ասած՝ երկար ժամանակ ուշադիր հետեւելով նրա այցելություններին, չտեսանք երբեւէ շնորհակալություն հայտնող գեթ մեկ քաղաքացի՝ չհաշված «թատերականացված» հատուկ դրվագները: Իսկ այ, Նիկոլի «պորտը տեղը դնող» մարդիկ քանիցս հանդիպել են: Մեր մեջ ասած՝ ինչի՞ համար պիտի այդ անձին երախտագիտություն հայտնեին: Արցախը թշնամուն նվիրելո՞ւ, ընտիր մի սերնդի գիտակցված մահվան տանելո՞ւ (ինչի մասին, ի դեպ, վերջերս անկեղծորեն խոստովանեց), թե՞ ՀՀ տարածքները մաս-մաս Իլհամին փոխանցելու եւ, առհասարակ, նրա բոլոր պահանջները լռելյայն կատարելու համար։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031